ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Աշխատող ու չաշխատող վերելակ
19:00 17.08.2018

Աշխատող ու չաշխատող վերելակ

1,5 ամսից ավելի է Կապանի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8 շենքի վերելակը չի աշխատում։ Այդ վերելակից օգտվում էին ինչպես նշված փոփոխական հարկերով շենքի, այնպես էլ հարևանությամբ գտնվող 5 շենքի բնակիչներ։

13 հարկ ոտքով բարձրանալը հատկապես մեծահասակների համար դժվարություններ է ստեղծում։ «Առողջությունս չի ներում, մինչև շենքի մուտք հասել եմ, արդեն շունչս կտրվում է։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ  ձեռքիս մի քանի կիլոգրամ կշռող տոպրակ է լինում», - ասում է Անահիտ Սարգսյանը, ով բնակվում է 5-րդ հարկում։

Վերելակը շենքի բնակիչների համատեղ սեփականությունն է, ցանկացած անսարքություն պետք է բնակիչների հաշվին մասնագետները վերացնեն։ Այս մտքին հակադարձում է թոշակառու Նվարդ Խաչատրյանը․ «Ես 35 հազար թոշակ եմ ստանում, իմ բերանից կտրեմ, բերեմ տամ՝ վերելակը սարքե՞ն»։

Վերելակի գործունեությունը դադարեցվել է անվտանգության նկատառումներով։ Մեխանիկ Վ․Բեգլարյանի խոսքով՝ մեկ տարի առաջ է նորոգվել, այժմ ճոպանի խնդիր ունի, շարժիչի մեջ մասեր կան, որ պետք է փոխվեն, խցիկում աշխատանք կա անելու, օրը 24 ժամ աշխատող վերելակ է։ 

«Վերելակ» արտադրական կոոպերատիվի նախագահ Սամվել Մկրտչյանի խոսքով այս վերելակը հիմնանորոգման կարիք ունի։ Նախնական հաշվարկներով 1 մլն դրամից ավելի գումար է հարկավոր։

Բազմանակարան շենքի վերելակի նորոգմանն աջակցելու խնդրանքով բնակիչները նաև դիմել էին Կապանի համայնքապետարան և Սյունիքի մարզպետարան։ Մարզպետարանից ստացել են պատասխան, որում մասնավորապես նշվել է․ «ՀՀ պետբյուջեով կամ ֆինանսավորման այլ աղբյուրներով բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման համար ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում կքննարկվի նաև Ձեր շենքի վերելակի վերանորոգման հարցը»։

Վերելակների նորոգման համար Կապանի համայնքապետարանի 2018թ. բյուջեով գումարներ  հատկացված չեն։ Անսարք, խափանումներով աշխատող վերելակներից ստացվող բողոքները հաշվի առնելով՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը որոշել է ընդառաջել բնակիչներին և ներհամայնքային ճանապարհների փոսային նորոգման աշխատանքը մրցույթով անցկացնելու շնորհիվ համայնքապետարանի խնայած 5 միլիոն դրամը տրամադրել բարձրահարկ շենքերի վերելակների նորոգմանը։ Ն․Ղահրամանյանի տեղեկացմամբ «Վերելակ» արտադրական կոոպերատիվը թիվ 8 շենքի վերելակի թերությունների ակտը կազմել և ներկայացրել է համայնքապետարան, բացի դրանից նախատեսված է նաև Դավիթ Բեկի 10 (1,2), 12, 13 շենքերի վերելակները նորոգել, քիչ ծախսով՝ մի քանի այլ շենքերի վերելակներ․ «Մեկ միլիոնը գերազանցող ծախսերի համար համայնքապետարանը պարտավոր է մրցույթ հայտարարել ու պայմանագիր կնքել, իսկ ընթացիկ նորոգումները առանց մրցույթի կլինեն, և աշխատանքները շուտ կսկսվեն»։

Ստացվում է, որ թաղամասի 15 վերելակից 11-ն է կարգի բերվելու։ Իսկ քաղաքի բնակելի հատվածում 159 վերելակ կա, որից 8-ը լիովին թալանված է, ըստ Սամվել Մկրտչյանի՝ մեկ թալանված վերելակի վերագործարկման համար մոտ 6 միլիոն դրամ է հարկավոր։

Կապանում շահագործվում է 120 վերելակ (ապրիլի տվյալներով), կազմակերպությունը սպասարկում է 50-ը, որի մոտ 80 տոկոսը ունի կապիտալ նորոգման կարիք։

Նորոգումից հետո կոոպերատիվը շենքերի վերելակների սպասարկումը կիրականացնի տարեկան պայմանագրային հիմունքներով․ էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վճարելուց բացի՝ բնակիչները կվճարեն ամսական 10 հազար դրամ սպասարկման համար։

Նելլի Միրզախանյան

19:00 17.08.2018

Ամենաշատ ընթերցվածները