ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սովորել աշխատելու՞, թե՞ աշխատել սովորելու համար
14:00 18.08.2018

Սովորել աշխատելու՞, թե՞ աշխատել սովորելու համար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում առանձին անդրադարձել էր կրթական հաստատություններում բացակայությունների խնդրին։ Ուղիղ եթերը ուներ այս խորագիրը՝ «Չգնալ ուսումնական հաստատություններ չսովորելու համար։ Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլևս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ»։ Եթերի ընթացքում նշվեց, որ այսուհետ խիստ կերպով կդրվի բացակաների խնդիրը, քանի որ չպետք է լինեն ուսանողներ, ովքեր ունենան շատ բացակայություններ և շարունակեն ուսումը այդ կերպ։ Եթերից հետո սկսվեցին մի շարք քննարկումներ, որոնց առարկա է դարձել նաև այն ուսանողների հարցը, որ աշխատում են ուսման վարձը վճարել կարողանալու նպատակով և ունեն բացակայություններ։ Ինչպե՞ս պետք է կարգավորվի նման ուսանողների հարցը։

Ուսանողի տեսանկյունից

Արմինե Պետրոսյանը ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի է, ով ունի բարձր առաջադիմություն և համատեղում է աշխատանքը ուսման հետ։ Նրանից փորձեցինք պարզել, թե ինչ կարծիք ունի նա նախարարի վերջին հայտարարության վերաբերյալ՝ կապված բացակայությունների հետ։ «Ուսանողների մոտ 80%-ը աշխատում է ուսման վարձավճար տալու համար, և ոչ մի ուսանողի հաստատ հաճելի չէ միաժամանակ աշխատել և սովորել, կամ աշխատանքից հոգնած տուն գնալ և քննության պատրաստվել, բայց կարիքից դրդված պետք է աշխատել՝ ծնողների վրա դրված բեռը գոնե մի քիչ թեթևացնելու համար։ Թող ցածրացնեն ուսման վարձը, որ ուսանողները ավելի շատ կենտրոնանան դասերի վրա, ոչ թե մտածեն, թե որտեղից գումար գտնեն ուսման վարձի մարման համար։ Բացակայությունների հետ կապված փոփոխություններ անելուց առաջ ցանկալի է, որ նախ ապահովվի կրթական մակարդակի բարձրացում, նոր ծրագրերով ուսանողների ոգևորում, որպեսզի մենք՝ ուսանողներս, հաճույքով հաճախենք դասերի, այլ ոչ թե ստիպված», - ասում է նա։

Ակնկալիքներ և իրականություն

Հելեն Բաղդասարյանը նույնպես սովորում է ԵՊՀ-ում, բայց քանի որ հեռակա ուսուցման համակարգով է սովորում, չի կարծում, թե իր վրա շատ կանդրադառնան նոր փոփոխությունները, բայց գիտի, որ առկա ուսուցման համակարգում սովորողները լուրջ խնդիրներ կունենան։ Սակայն նա նույնպես ուներ իր դիտարկումները՝ կրթական համակարգի հետ կապված։ «Սա կհնչի որպես խիստ սուբյեկտիվ կարծիք, բայց, ըստ իս, ՀՀ կրթական համակարգը շատ թերի է, սկսած նախադպրոցական կրթությունից։ Բուհական կրթությունն էլ լրիվ այլ պատմություն է, ես էլ, որպես ուսանողուհի, տեսնում եմ, թե ինչքան մարդ է տարեկան ընդունվում մայր բուհ միայն կուրսից կուրս տեղափոխվելով դիպլոմ ստանալու համար։ Բացի դրանից՝ այսպիսով շուտով կունենանք այն իրավիճակը, որ երկրում կունենանք մասնագետների խնդիր, սա նաև վատ է անդրադառնում համալսարանական վարկանիշի վրա։ Իսկ կրթության մակարդակի անկման մասին ավելի լավ է լռեմ։ Բայց, իհարկե, չեմ կարող ժխտել նաև, որ կան նաև ուսանողներ, ովքեր հստակ գիտեն՝ ինչի համար է նախատեսված բուհըб և ունեն փայլուն առաջադիմություն»։

Արմինեն ևս ունի դիտարկումներ հենց իր ֆակուլտետի գործունեության վերաբերյալ և առաջարկ՝ նախարարի ուշադրությունը կենտրոնացնել նման խնդիրների վրա ևս«Կոնկրետ մեր ֆակուլտետը, որն այնպիսին է, որ պահանջում է առավելագույնս պրակտիկա, սակայն մենք մեր ուսման 4 տարվա ընթացքում շատ քիչ ենք նման հնարավորություն ունեցելմինչդեռ ակնկալիքները մեծ էին։ Խնդրում եմ բարեխղճություն ցուցաբերել իրենց որոշումներում»։

Պարզաբանում է նախարարը

Ելնելով վերոգրյալից՝ հարցերի պարզաբանումը փորձեցինք ստանալ հենց նախարարից։ Նա նշեց, որ շուտով «Բարձրագույն կրթության մասին» օրենքը փոփոխվելու է, և հուզող հարցերին լուծումներ կտրվեն։ «Ըստ հետագա փոփոխությունների՝ ուսանողները արդեն հնարավորություն կունենան վերցնել այնքան ծանրաբեռնվածություն, որքան կկարողանան։ Պարտադիր չէ բուհն ավարտեն 3 կամ 4 տարում, այլ հնարավորություն կունենան ավարտել ավելի երկար ժամանակում և վերցնել այնքան դասաժամեր (իհարկե կլինեն վերահսկող նորմեր), որքան թույլ կտա նրանց ծանրաբեռնվածությունը», - պարզաբանեց Արայիկ Հարությունյանը։ Իսկ հարցին, թե երբ կընդունվի օրենքը, նա պատասխանեց, որ նախագիծը արդեն ինչ-որ չափով ձևավորված էր նախկին իշխանությունների օրոք, բայց չեն հասցրել ընդունել։ «Այդ նախագծում կլինեն որոշ կարևոր փոփոխություններ, և շրջանառության մեջ կդրվի շուտով՝ մեկ-երկու ամսվա ընթացքում։ Փոփոխություններ կլինեն բոլոր ոլորտներում։ Կրթության ոլորտը շատ պահպանողական է, փոփոխություններ այստեղ արագ չեն լինում, բայց կփորձենք առավելագույնս արագ դա իրականացնել», - հավելեց նախարարը։

Եզրակացություն

Կարծում ենք, փոփոխություններ անելիս հաշվի կառնվի ուսանողի առաջադիմությունը ևս, և օրենքի ուժով հիմնական չափանիշ կհամարվեն գիտելիքների մակարդակը և առաջադիմությունը: Եթե ուսանողը ունի բարձր առաջադիմություն, ճիշտ չի լինի միայն բացակայությունների համար դուրս թողնել համալսարանից կամ թույլ չտալ տեղափոխվել հաջորդ կուրս: Առաջադիմության կարևորումը կբարձացնի նաև ուսանողների պատասխանատվության աստիճանը և շահագրգռվածությունը:

Սոնա Օհանջանյան


14:00 18.08.2018

Ամենաշատ ընթերցվածները