ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Էրիխ Ռասպե․ «Բարոն Մյունխհաուզենի արկածները»
18:00 18.08.2018

Էրիխ Ռասպե․ «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Հեղինակին օրերից մի օր մեղադրել են ուրիշի ունեցվածքը յուրացնելու համար։ Նա ստիպված է եղել որոշ ժամանակ նույնիսկ հեռանալ Գերմանիայից։ Ձերբակալության պահին, սակայն, օրենքի պահապանները ճարտար խոսելու համար նրան ազատ են արձակել։ Ահա հենց այս ճարտար խոսող Ռասպեն է գրի առել ճարտար խոսող բարոն Մյունխհաուզենի արկածները և աշխարհով մեկ արել։

«Առջևից՝ կոկորդիլոս, հետևից՝ առյուծ, ձախից՝ լիճ, աջից՝ թունավոր օձերով լիքը ճահիճ»․ ով հայտնվի այս դժվարին դրության մեջ, կհուսահատվի և կհանձնի իրեն բախտի քմահաճույքին։ Բայց ոչ բարոն Մյունխհաուզենը, ով միշտ մի ելք գտնում է նույնիսկ ամենաանհուսալի վիճակում։

Որս անել շատ է սիրում բարոնը։ Իսկ որսի ժամանակ ինչ ասես կարող է պատահել։ Մի անգամ կայծքար չուներ, որ կրակեր։ Ահա հենց նման պահերին են նրա գլխում ծնվում հրաշալի մտքեր․ «Բռունցքովս ուժգին խփեցի աջ աչքիս․ աչքիցս, իհարկե, կայծեր դուրս թռան, և վառոդն իսկույն բոցավառվեց։ Այո՛, վառոդը բոցավառվեց, հրացանը կրակեց, և ես մի զարկով տասը բադ սպանեցի»։

Կրակում է շամփուրով, միանգամից տապակած կաքավներ որսում և ախորժակով ճաշակում։ Եթե հրացան էլ չի լինում, ճարպով ու պարանով է գործի անցնում․ «Բադ բադի հետևից ճարպը կուլ տվին և մնացին պարանի վրա։ Տասը րոպե չանցած՝ բոլոր բադերը պարանի վրա էին, ինչպես ուլունք»։

Իսկ դուք փորձե՞լ եք բալի կորիզով կրակել։ Բարոնը փորձել է, հետո մոռացել այդ մասին, բայց մեկ տարի հետո, երբ պատահաբար հայտնվել է նույն վայրում, զարմանքից քարացել է՝ տեսնելով եղջերու, որի գլխին ծառ է աճել։ Սակայն զարմանքը կարճ է տևել․ «Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը աճել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերուի վրա»։

Երբևէ ութ ոտք ունեցող նապաստակ տեսե՞լ եք։ Մյունխհաուզենը տեսել ու ընկել է այդ արագավազ երկարականջի հետևից, կարգին չարչարվել մինչև նպատակին հասնելը։ Այժմ արդեն նապաստակի մորթուց բաճկոն է հագնում։ Եթե դուք ժպտում եք և չեք հավատում, նայե՛ք նրա բաճկոնին, և ամեն ինչ տեղը կընկնի․ «Մի՞թե դուք ձեր աչքերով չեք տեսնում, որ այժմ բաճկոնի վրա միմիայն երկու կոճակ է մնացել։ Իսկ երբ կրկին որսի եմ գնում, վրան երեք դյուժինից ոչ պակաս կոճակ եմ կարում»։ Հարկ կա՞ ասելու, որ այդ բաճկոնը հագնողը արագ է վազում, կոճակներն էլ կրակում են։

Բարոնը արկածներ է որոնում ոչ միայն Ռուսաստանում, այլև Թուրքիայում։ Հենց այդ երկրում մի անգամ՝ բերդը գրավելուց հետո, երբ քշում է բոլոր թուրքերին, ձին ծարավում է։ Աղբյուրից ջուր է խմում, բայց չի հագենում։ Երբ բարոնը հետ է նայում, քիչ է մնում ձիուց ընկնի․ «Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է, և ջուրը, որ խմում է, ազատ կերպով ետևից թափվում է, փորում չի մնում։ Այդ պատճառով ետևից մի մեծ լիճ էր գոյացել»։ Ապշելու ժամանակ չկա։ Արագ ձին քշում է դաշտ, որտեղ էլ գտնում է նրա երկրորդ կեսը։ Զինվորական բժիշկն էլ բարակ ճյուղերով երկու կեսերը կարեց իրար։

Ո՞վ է ամենահնարամիտ մարդը։ Իհարկե բարոնը։ Ո՞վ է ամենաուժեղ մարդը։ Դարձյալ բարոնը։ Մի անգամ ձիու հետ խրվում է ճահիճը, բայց իրեն չի կորցնում․ «Կեղծամի հյուսից բռնելով՝ ամբողջ ուժով վեր քաշեցի և դուրս բերեցի ճահճից և՛ ինձ, և՛ ձիուս»։ Եթե կարծում եք, թե դա հեշտ գործ է, հետևե՛ք բարոնի խորհրդին և ինքնե՛րդ փորձեք։

Մյունխհաուզենի հետևից արկածները պարզապես վազում են թե՛ դաշտերում ու անտառներում, թե՛ ծովերում ու օվկիանոսներում։ Պատահել է նույնիսկ, որ նավով հայտնվել է ձկան փորում, որտեղ ուրիշ նավեր էլ կային։ Պարզից էլ պարզ է, որ միայն Մյունխհաուզենի հնարամտության շնորհիվ են բոլորը փրկվում։

Սակայն բարոնը միայն ծովով ու ցամաքով չի սահմանափակում իրեն։ Բադերի վրա այնպիսի ուժով է կացինը շպրտում, որ սա Լուսին է հասնում։ Հո առանց կացնի չէ՞ր մնալու։ Դա առաջին ճանապարհորդությունն էր դեպի Լուսին․ «Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ․ արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո, կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ»։

Իսկ երկրորդ ճանապարհորդության ժամանակ հանդիպում է նաև Լուսնի բնակիչներին, ովքեր իրենց գլուխը թևատակին են պահում և տեղ գնալիս թողնում տանը, որ հանկարծ ճանապարհին չփչանա․ «Նրանք կարող են խորհրդակցել իրենց գլխի հետ մինչև անգամ այն դեպքում, երբ շատ հեռու են գտնվում։ Սա շատ հարմար է»։

Եթե դուք ծիծաղում եք, ուրեմն չեք հավատում։ Բայց մի՛ մոռացեք, որ բարոն Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է և միայն ճշմարտությունն է պատմում․ «Ստից ես զզվում եմ ու բախտավոր եմ, որ մոտիկներս միշտ ինձ աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն են համարում»։

Որսորդները, ճանապարհորդներն ու զինվորականները, անկասկած, կնախանձեն բարոն Մյունխհաուզենին։ Իսկ ահա Գարգանտյուայի և Պանտագրյուելի արկածներով ընթերցողին սնած Ֆրանսուա Ռաբլեն հաստատ քահ-քահ կծիծաղի, անսանձ երևակայությամբ սուտլիկ որսկանի պատմությունը պարգևած Հովհաննես Թումանյանը՝ նույնպես։ Ուզում եք՝ հավատացե՛ք, չեք ուզում՝ ձեր գործն է։

Արթուր Իսրայելյան

18:00 18.08.2018