ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հին Մեղրիի վերածնունդը
18:00 21.09.2018

Հին Մեղրիի վերածնունդը

Մեղրին տարածվում է ու լուծվում մարդկային հիշողության մեջ։ Քաղաքը գրկող մեղրագույն լեռների սրածայր գագաթները, որոնք ցիրուցան են լինում երկնքում, ուրվագծվում են մարդկանց մտքերում ու նրանց կրկին հետ բերում Մեղրի։ 

«Մեղրին հիշողությանս մեջ էր, այդ հարավը, արևելքը.... Մեղրիի ամբողջ հմայքը օդում է, ձգողականություն կա, ինչ որ բան կանչում է, տանում։ Ես էլ եմ այդպես գնացել ու կապվել: Այդ պատճառով կարևորը առաջին անգամ այցելելն է Մեղրի։ Զբոսաշրջիկը, որ եկավ Մեղրի, իր հիշողության մեջ նրան տանելու է իր հետ, գնալու է` պատմի, թե որտեղ է եղել», - ասում է մասնագիտությամբ ճարտարապետ Արմինե Պետրոսյանը։ 

Երեք տասնամյակ առաջ Արմինե Պետրոսյանը բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայպետնախագիծ ինստիտուտի քաղաքաշինության բաժնում և մասնակցել Մեղրիի շրջանային հատակագծի մշակման աշխատանքներին։ 

Ըստ Մեղրիի համայնքապետարանի տվյալների, Մեղրիի շրջանում կա ընդամենը 11 փոքր հյուրանոց և հյուրատուն, որոնք բոլորը միասին ունեն 170 սենյակ, 171 մահճակալ, մինչդեռ հյուրերի՝ տարեկան միջին թիվը կազմում է 6580 մարդ։ 

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստան է այցելել մոտ 220 հազար իրանցի: Դա նշանակում է 16%-ով ավելի 2016 թվականի ցուցանիշից (մոտ 185 հազար), ինչն էլ ենթադրում է, որ Մեղրիի շրջանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, սակայն չունի հնարավորություն հյուրընկալելու իրանցի զբոսաշրջիկների անգամ մեկ երրորդին, ինչի պատճառով նրանք գերադասում են մեկնել այլ քաղաքներ կամ՝ ուղիղ Երևան։ 

«Տուրիստական կազմակերպություններն ամեն անգամ մինչև քսան հոգու քնելատեղ են ուզում, մենք չենք կարողանում այդքանը տրամադրել։ «Արևիք»-ում ամենաշատը ութից տաս քնելատեղ ունենք, բայց անգամ այդ պայմաններում մեծ թվով հյուրեր ենք ընդունում։ Այսինքն, չկա այդ ենթակառուցվածքը։ Բիզնես ներդրումներ չեն կատարվում, ասում են՝ հեռու է ու մտածում որ լավ չի աշխատի», - ասում է Բաբկեն Բաբայանը։ 

«Մեղրիի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից`զարգացման պլանավորում, Փոքր թաղի վերակառուցում, կարողությունների զարգացում և Մեղրին, որպես զբոսաշրջության նոր ուղղության խթանում։

Զարգացման պլանավորումը ենթադրում է ստեղծել մասնագիտական մի հենք, որի արդյունքում փորձ կարվի մշակութային-ազգագրական հյուրընկալությունը տեղափոխել ու զարգացնել «Փոքր թաղի» ժողովրդական տներում՝ հիմքում ունենալով հիշողությունը, տեսողական ավանդույթներն ու դրանց նորովի վերականգնման գործողությունները։ 

«Երկիրը չեն կարող հիշել, եթե տպավորություն չի թողնում։ 

Մեր նպատակն է կյանք ու շունչ հաղորդել տներին, կենդանացնել այս միջավայրը, որպեսզի հյուրընկալվողը ցանկանա այստեղ ապրել։ Սկզբում հարկավոր է միջավայրը ստեղծել ու նոր մտածել զբոսաշրջիկի մասին։ Իսկ եթե նա գալիս է ու տեսնում այդ միջավայրը, ապա հարգում է քեզ, քանի որ հասկանում է, որ դա արված չէ իր մեկ գիշերակացի համար, այլ արվել է երկիրը պահպանելու համար», - ասում է Արմինե Պետրոսյանը։ 

Ծրագրի հաջորդ բաղադրիչը ենթադրում է Փոքր թաղի վերակառուցումը, որի շրջանակներում մշակվելու են թաղի 19-20 դդ. պատմական տների վերակառուցման, ենթակառուցվածքների և բարեկարգման աշխատանքների նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը։ Արդյունքում պատմական տները կվերակառուցվեն՝ պահպանելով հնագույն ճարտարապետությունը և ներքին կահավորումը: Հիմք է ընդունվելու գլխավոր հատակագիծը։ 

«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը նշում է, որ ծրագիրն ամբողջապես իրականացնելու համար վեց միլիոն դոլարի չափ ներդրում է անհրաժեշտ, ինչի համար փորձում են համագործակցել միջազգային այլ կառույցների հետ, որոնք տուրիզմի զարգացմանը ուղղված ծրագրեր են իրականացնում Հայաստանում։ 

Ծրագրի մի բաղադրիչով էլ նախատեսվում է զարգացնել տեղացիների հմտությունները: Կիրականացվեն դասընթացներ տեղի բնակչության համար զբոսաշրջության ոլորտի աշխատողներ`հյուրատան աշխատակիցներ, սպասավորներ, զբոսավարներ պատրաստելու համար։ Դասընթացներ կլինեն հուշանվերների արտադրության ու փաթեթավորման, ավանդական սննդի, գինու ու չրերի արտադրության, տեքստիլ արվեստի, ձեռագործ աշխատանքերի, ազգագրական տարազների վերաբերյալ։ 

Բաբկեն Բաբայանը նշում է՝ մեղրեցիները կտեսնեն, որ պահպանվում է սեփական քաղաքի պատմամշակութային ժառանգությունը և արժեքները: Երկրորդ ազդեցությունն այն կլինի, որ մարդիկ իրենք կներգրավվեն քաղաքի զարգացման կյանքում։ 

«Փոքր թաղի բնակիչները մասնակցել են մեր այցելություններին, լսել են մեր առաջարկությունները, ինչպե՞ս են տեսնում իրենց փոքր թաղի զարգացումը։ Որոշ մարդիկ արդեն իսկ աշխատում են արդեն գործող հյուրատանը։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացումից հետո էլ ավելի շատ տեղացիներ կաշխատեն վերականգնվող տներում, որոնք կլինեն գործառնական տարբեր նշանակության` հյուրատներ, ազգային ուտեստների տներ, արհեսատգործական կենտրոններ, հնարավոր է ստեղծվեն կանանց խմբեր, կոոպերատիվներ, այս ծրագրի իրականացման շրջականերում տեղի բնակչության կյանքը կտրուկ կփոխվի», - ասում է Բաբկեն Բաբայանը։

Լուսինե Գալաջյանն էլ նշում է, որ ծրագիրը սոցիալական է, ինչը նշանակում է, որ հետագայում ծրագիրը ինքն իրեն պետք է կարողանա պահել։

«Իզմիրլյան հիմնադրամը արդեն քսանհինգ տարի Հայաստանում իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք բացառապես բարեգործական են։ Այս ծրագիրը ներդրումային սոցիալական ծրագիր է, որի վերջնանպատակն է, որպեսզի հետագայում ծրագիրը ինքն իրեն կարողանա պահել։ Շինությունները կվերանորոգվեն ու կգործեն, մարդիկ կայցելեն ու ծառայություններ կստանան, որոնք կմատուցեն տեղացիները, այսինքն կապահովվի ինքն իրենով իր շարունակությունը։ Եթե հասանք սրան, ուրեմն հաջողված կլինենք», - ասում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը։

Ծրագրի մի բաղադրիչն էլ վերաբերում է Մեղրիին, որպես նոր զբոսաշրջության ուղղության խթանմանը։ 

Բաբկեն Բաբայանը նշում է, որ իրենք դիտարկել են ամբողջ մարզը և փորձելու են Մեղրիում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ զբոսաշրջիկների մեկ գիշերակացով չի սահմանափակվի տուրիզմի զարգացումը։ 

«Բացահայտելվու է ամբողջ տարածաշրջանի պոտենցիալը, մշակվելու են նոր տուրիստական ուղիներ, այցելությունների նոր վայրեր։ Մեղրի տարածաշրջանում են «Արևիկ» ազգային պարկը, Շիկահողը, պատմամշակությային հրաշալի հուշարձաններ կան։ Հարևան գյուղերում զբոսաշրջիկը կտեսնի գյուղերի նիստուկացը, կծանոթանա գյուղի կենցաղին։ B&B-ներ կլինեն նաև գյուղերում», - ներկայացնում է Բաբայանը։ 

Մեղրիի տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացնում է Իրանի հետ սահմանակից լինելը։ Հայաստանցի զբոսաշրջիկները հայ-իրանական պետական սահմանը հատելուց հետո ընդամենը երկու ժամում հասնում են Ջուլֆա քաղաքի Սուրբ Ստեփանոս վանք, այցելում Սուրբ Մարիամ Աստվածածին և Հովվի եկեղեցիներ: 

«Դիտարկում ենք զբոսաշրջիկների մուտքը ոչ միայն Իրանից` Մեղրի, այլ նաև Մեղրիից` Իրան», - ասում է Լուսինե Գալաջյանը։ 

Ծրագիրը հնարավորություն կտա ներկայացնել Մեղրին, որպես առանցքային տարածաշրջան Հայաստանում, երկրի հարավային դարպաս`արևելքից արևմուտք, իրանական քաղաքակրթությունից՝ հայկականը, Մետաքսի ճանապարհի հայկական երթուղիների դարպաս։

Ծրագիրը համահունչ է կառավարության 2012-2030 թթ. կայուն զարգացման ռազմավարությանը, որն ընդգծում է զբոսաշրջության զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը, որպես զարգացման հիմնական խթան։ Ըստ Բաբկեն Բաբայանի, եթե կարողացան այլ՝ գործընկեր դոնոր կազմակերպություններ էլ գտնել, ապա ծրագիրը հնարավոր կլինի ավարտին հասցնել երեքից հինգ տարում։ 

Աղբյուր՝ urbnews.com

18:00 21.09.2018

Ամենաշատ ընթերցվածները