ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դպրոցական պայուսակից՝ առողջական խնդիր
16:00 23.09.2018

Դպրոցական պայուսակից՝ առողջական խնդիր

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախորդ տարվա ապրիլ ամսվա հրամանով դպրոցականների պայուսակների քաշը կարգավորող նորմեր են սահմանվել, որպեսզի դպրոցականների պայուսակի քաշը չվնասի նրանց առողջությանը։  Սրա հիման վրա յուրաքանչյուր դասարանի պայուսակի քաշ չպետք է անցնի նշված նորմը՝

1-ին և 2-րդ դասարան - 1․5 կգ

3-րդ և 4-րդ դասարան - 2 կգ

5-րդ և 6րդ դասարան - 2․5 կգ

7-րդ և 8-րդ դասարան - 3․5 կգ

9-12-րդ դասարան - 4 կգ։

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սահմանված նորման ակնհայտորեն խախտվում է։ Երկրորդ դասարանի աշակերտուհի Եվայի դպրոցական պայուսակը մեզ թվաց ֆիզիկական վարժանքի գործիք։ Կշռելով նրա պայուսակը՝ պարզեցինք, որ գրքերի, տետրերի, մնացած դպրոցական պարագաների հետ միասին քաշը կազմում է 4 կգ, ինչը համապատասխանում է 9-12-րդ դասարանի աշակերտի ֆիզիկական տվյալներին։

Սեփական փորձով

Խնդրին հանգամանորեն ծանոթանալու համար այցելեցինք Կապանի թիվ 13 հիմնական դպրոց և, շրջելով տարբեր դասարաններում, կշռեցինք օրվա դասացուցակի համաձայն դպրոց բերված պայուսակները։ Ինչպես պարզվեց, նորման խախտված է ոչ միայն 2-րդ դասարանի աշակերտների դեպքում։ Բոլոր դասարաններում պայուսակները կշռելիս քաշը նվազագույնը մեկ կիլոգրամով ավելի էր նախատեսվածից, և սա փաստում են և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, և՛ դպրոցի տնօրենը։

Հասմիկ Մելքոմյանը, ով, լինելով դասվար և միաժամանակ երկու դպրոցահասակ երեխայի ծնող, նշում է․ «Ես, լինելով տարրական դպրոցի դասվար, և 4-րդ ու 6-րդ դասարանների աշակերտների մայր, պարբերաբար, ըստ օրվա դասացուցակի, կշռում եմ երեխաների պայուսակները։ Պետք է ասեմ, որ միշտ  ամենաքիչը մեկ կիլոգրամի տարբերություն լինում է։ Օրինակ, տարրական դասարաններում տեխնոլոգիա, ֆիզկուլտուրա, կերպարվեստ առարկաների անհրաժեշտ պարագաները ձգտում ենք պահել դասարաններում, որը էլի ինչ-որ կերպ թեթևացնում է բեռը»։

Փաստում են ծնողները

«Դպրոցական բեռնված պայուսակների խնդիրը ծնողներիս, ուսուցիչների և դպրոցականների մտահոգությունների օրակարգում է։ Վերջերս ծանոթանալով Առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին՝ որոշեցի կշռել իմ երեխաների գրքերը, նրանցից մեկը սովորում է 5-րդ դասարանում, մյուսը՝ 6-րդ։ Ըստ չափորոշչի՝ դպրոցական պայուսակի կշիռը չպետք է գերազանցեր 2․5 կիլոգրամը, բայց առանց սպորտային հագուստի, առանց ընդմիջման համար սննդի և հիգիենայի պարագաների՝ դպրոցական պայուսակը կշռում է 3․5 կգ», - ասում է նույն դպրոցի ծնող Պայծառ Կարապետյանը։

Դպրոցի ուսուցիչները, իրենց հերթին անդրադառնալով խնդրին, ասում են, որ սահմանված չափորոշիչները պահելու համար երեխան պետք է ձեռքով՝ առանց պայուսակի, միայն գրքերը և տետրերը վերցնի և դպրոց տանի, թեկուզ երբեմն այս տարբերակով էլ լինում է նորմայի խախտում։

Խնդրի լուծման տարբերակներ ծնողներից

Ծնողներից ոմանք առաջարկում են խնդրի լուծման իրենց տարբերակները․ «Ես իմ երեխայի մի քանի գրքերից գնել եմ երկրորդ օրինակները՝ տանը պահելու համար, բայց հասկանում եմ, որ բոլոր ծնողները չէ, որ ունեն այդ հնարավորությունը։ Առաջարկում եմ՝ պետությունը ինքը յուրաքանչյուր երեխայի տրամադրի երկուական գիրք՝ մեկը դպրոցում պահելու, մյուսը տուն տանելու համար», - ասում է Եվայի մայրը՝ Անուշ Գաբրիելյանը։ Իսկ մի մասն էլ կողմ է էլեկտրոնային գրքերի դպրոց մուտք գործելուն կամ գրքերի բեռնաթափմանը։

Պարզաբանում են մասնագետները

«Պայուսակի քաշը պետք է լինի երեխայի քաշի10-15 տոկոսը։ Ծանր պայուսակ կրելու վտանգը շատ մեծ է։ Դրանք հենաշարժիչ համակարգի և կեցվածքի շեղումներ կարող են առաջացնել։ Ծանր պայուսակը հատկապես մեկ ուսին գցելիս առաջացնում է սկոլյոզ։ Բացի դրանից՝ կարող է լինել նաև ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում, նյարդային համակարգի խանգարում, ծանրաբեռնվածությունը նպաստում է նաև ողնաշարի միջողնային սկավառակի մաշվածության, ինչի հետևանքով էլ առաջանում են ցավեր։ Մի քանի օր առաջ ինձ դիմել էր 13-ամյա մի աղջկա մայր, ով ասում էր, որ իր երեխան ունի մեջքի ցավեր։ Մոր խոսքով՝ երեխան տանը ֆիզիկական ծանր աշխատանք չի անում։ Երբ ասացի, որ ցավերի պատճառ կարող է հանդիսանալ ծանր պայուսակը, նա ասաց, որ իր երեխայի պայուսակը կշռում է 7-8 կիլոգրամ», - ասում է Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժ Հասմիկ Մարտիրոսյանը։

Հասկանալու համար, թե ինչ տեսակետ ունի այդ հարցի վերաբերյալ Կրթության և գիտության նախարարությունը, զրուցեցինք ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ։ Նա նշեց, որ նախարարից կա կոնկրետ հանձնարարական միջգերատեսչական հանձնաժողովի նիստում առաջնահերթ քննարկել այդ հարցը։

Այն, որ այս պահին կրթության ոլորտում այդպիսի խնդիր, ակնհայտ է, իսկ թե երբ դա կստանա իր լուծումը, դեռ պարզ չէ։

Սոնա Օհանջանյան

16:00 23.09.2018

Ամենաշատ ընթերցվածները