ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բնակարաններ․ առք և վաճառք
18:00 23.09.2018

Բնակարաններ․ առք և վաճառք

Խելամիտ գնով  բնակարան գնելը մեր օրերում այդքան էլ հեշտ չէ, քանի որ վաճառողներից շատերը այսօր առաջնորդվում են ոչ թե շուկայական կամ կադաստրային գներով, այլ նրանով, թե ինչքան գումար է պետք նրանց այդ պահին։ Եթե վաճառողը պատճառաբանում է, որ անշարժ գույքն իրենն է, որքանով ցանկանա, այնքանով էլ կվաճառի, ապա տվյալ պարագայում մնում է ապավինել միայն գնորդի խելամտությանը և տեղեկացվածությանը։

Վաճառվում է բնակարան․․․

Վերջերս Կապանի բնակչուհի Աննա Մարգարյանը բնակարան գնելու նպատակով դիմել էր բնակարաններ գնահատող կազմակերպության: Այն բնակարանը, որը նախընտրում էր գնել, գործակալությունը գնահատեց 18 հազար դոլար, իսկ բնակարանի տերը այն վաճառում է 20 հազար դոլարով: Այս բնակարանի մեկ քառակուսի մետրի համար փաստորեն վաճառողը պահանջում է մոտավորապես 155-160 հազար դրամ: Իսկ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական էջում 2018թ․ առաջին կիսամյակի մարզերի քաղաքներում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների պայմանագրային գների, վաճառահանված բնակարանների առաջարկվող գների և մասնագիտացված կազմակերպության կողմից անշարժ գույքի գների վերաբերյալ տրամադրված տվյալների վերլուծության արդյունքում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գինը մեկ քառակուսի մետր մակերեսի հաշվարկով Կապան քաղաքում կազմում է մոտ 102 հազար դրամ: Գնային տարբերության մասին մեկնաբանությունը թողնում եմ Ձեզ:

Գին որոշելու չափանիշները

Սա համեմատական առումով կարելի է համարել նվազագույն տարբերությունը վաճառողի առաջարկած և բնակարանի իրական գնի միջև, քանի որ երբեմն այս տարբերությունը խելամտության սահմաններում չի լինում: Անշարժ գույքի վաճառքի տրամաբանական գին որոշելու համար ցանկալի է հաշվի առնել տարածքի կադաստրային և շուկայական գները: Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջից կարելի է գտնել ամբողջական ինֆորմացիա ՀՀ տարբեր տարածաշրջաններում բնակարանների մեկ քառակուսի մետրի գնի վերաբերյալ: Թե ինչով են առաջնորդվում Հայաստանում անշարժ գույքի գործակալները բնակարանների վաճառքի միջնորդ հանդիսանալիս, հարցում արեցինք տարբեր գործակալություններից:

«Հիմնականում անշարժ գույքի գնի որոշումը պայմանավորված է լինում շենքի դիրքով, կառույցի տիպով, հարկով, արևկողությամբ, վերանորոգման աստիճանով և այլ գործոններով: Այս չափանիշները գործում են ամբողջ հանրապետության տարածքում, բնականաբար, նաև Կապանում: Կոնկրետ Կապանում ամենաբարձր արժողության բնակարանները համարվում են Դավիթ Բեկ թաղամասի, Թումանյան, Չարենց և կենտրոնական այլ փողոցների բնակարանները», - ասում է Կապանում անշարժ գույքի գործակալ, ով չցանկացավ նշել իր անունը:

Մեկնաբանում են մասնագետները

Թե ինչ չափորոշիչների համաձայն են աշխատում բնակարաններ գնահատող գործակալությունները, և կա արդյոք դաշտը վերահսկող օրենք, պարզեցինք Կապանում անշարժ գույքի գործակալությունից:

«Գնահատումը ունի մեթոդիկա և բազմաթիվ գնորոշիչ գործոններ՝ բնակարանի հարկ, տեղակայք, մուտքի վերանորոգման վիճակ, օդափոխություն, գազամատակարարում: Այն կարգավորվում է գործող ստանդարտներով և մասնագիտական մեթոդիկայով: Հիմնականում որոշիչ գործոն են շուկայական ստանդարտ գները: Չկա կոնկրետ օրենք, որով կարգավորվում է գնային շուկան, օրենքը կարգավորում է միայն գնահատող գործակալությանը կամ աշխատակցին  ներկայացվող պահանջները և աշխատանքը կատարելու կարողությունները», - ասում է «Կալգարի» ՍՊԸ անշարժ գույքի գործակալության բնակարաններ գնահատող մասնագետ Արման Հակոբյանը:

Օգտակար է իմանալ

Այսօր հնարավորություն կա նաև առցանց հարթակում ձեր նախընտրած տվյալներին համապատասխան պարզել բնակարանի մոտավոր արժեքը: Մի քանի տվյալներ լրացնելուց հետո՝ համայնք, բակի բարեկարգում, արևկողություն, մակերես, շենքի նախագիծ, արտաքին պատուհանների քանակ, ներքին հարդարում, սենյակների դասավորություն, շենքի արտաքին հարդարում, արևի նկատմամբ կողմնորոշում և մի շարք գործոնների ճշգրտումից հետո ստանում եք բնակարանի արժողության հստակ գումարի չափ: Նման կայքերից է, օրինակ, www.proinfo.am-ը: Հաշվարկը կատարելիս կայքը հաշվի է առնում վերջին եռամսյակի՝ Երևան քաղաքում բնակարանների վաճառքի գների պաշտոնական տվյալները, ինչպես նաև՝ Proinfo թիմի վերլուծությունների արդյունքում ստացված տվյալները: Կայքը առայժմ տեղեկատվություն է տալիս միայն Երևանի թաղամասերի բնակարանների վերաբերյալ:

Սոնա Օհանջանյան

18:00 23.09.2018

Ամենաշատ ընթերցվածները