ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ռևանշը կայացավ
16:00 04.10.2018

Ռևանշը կայացավ

Երեք օրվա տարբերությամբ Կապանի «Գանձասարը» երկու խաղ անցկացրեց Երևանի «Փյունիկի» հետ, բայց երկուսն էլ միմյանցից տարբերվեցին իրենց բովանդակությամբ։ Սեպտեմբերի 30-ին կայացած «Գանձասար»-«Փյունիկ» (1:2) հանդիպման առիթով կապանցիներին խորհուրդ էինք տվել ակտիվ լինել խաղասկզբից։ Եվ դա առաջնության առաջին տուրից հետաձգված և հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում իրականություն դարձրին։

Արդեն 5-րդ րոպեին կապանցիները կարող էին բացել խաղի հաշիվը, բայց ձախ եզրով կատարված ճեղքումից հետո փոխանցումը եզրափակող չգտնվեց։ 17-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակի գծի վրա Մուսոնդան ընդունեց գնդակը, արագընթաց խաբսերով ազատվեց պաշտպանների հսկողությունից և հարվածեց բարձր․․․ Առաջին խաղակեսն անցավ այսպես, առանց գոլի, բարձրահասակ դաշտի տերերը կապանցիների արագաշարժությանը հակադրեցին կոշտ պայքար։

2-րդ խաղակեսի սկզբում կապանցիները մրցակցին պատժեցին այդ կոշտության համար։ 47-րդ րոպեին բավական հեռվից կատարված տուգանային հարվածը ուժեղ և անսպասելի էր «Փյունիկի» համար, դարպասապահը հազիվ հետ մղեց գնդակը, բայց ավելի շուտ վրա հասավ կապանցի Դիարասուբան և գրավեց դարպասը՝ 0։1։ Գոլից հետո դաշտի տերերն ավելի չարացան և շատացրին անթույլատրելի հնարքները։ 68-րդ րոպեին Նռանյանի հանդեպ ցուցաբերած դաժանության համար մրցավարը կարմիր քարտով «պարգևատրեց» երևանցի Վ․Հայրապետյանին։ Չորս րոպե անց նա վերականգնեց թվային հավասարակշռությունը՝ ավելի մեղմ խախտման համար հեռացնելով Ա․Կարապետյանին։

Վերջին 15 րոպեի ընթացքում ավելի շատ գոլային պահեր ստեղծվեցին։ Առաջնության առաջատար «Փյունիկը» խաղը փրկելու համար ստիպված եղավ նոսրացնել պաշտպանության գիծը, իսկ «Գանձասարը» դիմեց հակագրոհների մարտավարության, ինչի շնորհիվ մի քանի անգամ անչափ վտանգավոր պահեր ստեղծեց, բայց այդպես էլ չկարողացավ կրկնապատկել հաշիվը։ Խաղավարտին «Փյունիկն» էլ կարող էր գոլ խփել, բայց այդպիսի հնարավորություն նա շատ ավելի քիչ ուներ, քան «Գանձասարը»։

Հաջորդ հանդիպումը Կապանի «Գանձասարը» կանցկացնի հոկտեմբերի 21-ին «Ալաշկերտի» դաշտում։

Սլավիկ Նավասարդյան

16:00 04.10.2018