ԱՎԵԼԻՆ

Մշակույթ

Հայաստանը կճանաչի ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիան
14:00 06.10.2018

Հայաստանը կճանաչի ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիան

Ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի ստեղծագործական կյանքն ու աշխատանքները մեզանում ճանաչելի դարձնելու նպատակով Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը՝ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, կազմակերպում է դրամատուրգին նվիրված տասնյակ միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, հայտնի պիեսների բեմադրություններ, վարպետության դասեր եւ այլն: Միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 8-ին «Զանգակ» գրատանը:

Այս առիթով երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը նախաձեռնության մասին խոսելիս, շեշտեց՝ Ռեզան թեեւ աշխարհում ամենաշատ թարգմանված եւ բեմադրված դրամատուրգներից է, բայց նրա անունն ու ստեղծագործությունները հայ ընթերցողին ու հանդիսատեսին հայտնի չէ: Այս նպատակով «Զանգակ» հրատարակչատան հետ միասին թարգմանվել է դրամատուրգի 6 հայտնի պիես: Ժողովածուի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 16-ին՝ «Զանգակ» գրատանը, եւ 17-ին՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Ռեժիսոր Սերժ Մելիք Հովսեփյանի ղեկավարած «Ագորա» թատերախումբը գրատանը հոկտեմբերի 8-ին կներկայացնի նաեւ Ռեզայի ամենահայտնի «Արվեստ» պիեսի թատերականացված ընթերցումը: Կամակերպիչների խոսքերով, սա հրաշալի առիթ է պիեսի բովանդակությանը ծանոթանալու համար: Հաջորդ միջոցառումը, որը դարձյալ իրականացվելու է «Ագորա» թատերախմբի հետ, կկայանա հոկտեմբերի 11-ին եւ 19-ին՝ «Լոֆթ»-ում: Ցուցաադրվելու է «Կյանքի երեք տարբերակ» ներկայացումը: Նախագծի շրջանակներում հոկտեմբերի 15-ին եւ16-ին Հովհաննես ումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի «Սպանդի Աստվածը» պիեսը:

Ներկայացման ռեժիսորը Սաթէ Խաչատրյանն է, խաղում են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ ովմասյանը, Տաթեւ Հովակիմյանը եւ Իշխան Ղարիբյանը: Ֆրանկոֆոն հանդիսատեսի համար նույն պիեսը կբեմադրվի նաեւ ֆրանսերեն լեզվով, որում կխաղան հրավիրյալ դերասաններ՝ Քիթ Ֆարքուարը (Ֆրանսիա), Մարժոլեն Օժերը (Կանադա), Ժորժի Բատրիկյանը (Ֆրանսիա) եւ Ժերալդ Բաբազյանը (Ֆրանսիա): Արտերկրից հրավիրված արտիստները Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանողների համար կանցկացնեն վարպետության դասընթացներ: Նույն դասընթացները, բայց արդեն պրոֆեսիոնալ դերասանների համար, տեղի կունենան Հովհաննես ումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Սաթէ-Աթղը թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ «Սպանդի Աստվածը» բեմադրությունը ցուցադրելու եւ վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Նախագիծը կյանքի կոչելու համար իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը եւ մի շարք այլ կառույցներ: Հայաստանում ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան ասաց, որ այս նախագիծը ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվող համալիր միջոցառումներից մեկն է միայն, եւ յուրահատուկ է այն իմաստով, որ «մեկնելու» է Գորիս: «Սա հնարավորություն կտա Հայաստանի մյուս քաղաքների բնակիչներին մասնակից լինել Երեւանում տիրող տոնական հանդիսություններին: Գրականության ոլորտում իրականացվող այլ միջոցառումների մենք պատրաստակամ ենք կրկին աջակցել»,-ընդգծեց Բորտոլան՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի դեսպանատան կողմից ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվելիք հիմանական միջոցառումների մեկնարկը կտրվի կիրակի օրվանից՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում:

Օպերայի բակում լինելու են տարբեր երկրների մշակութային տաղավարներ: Դեսպանատան կողմից այդ օրերին իրականացվող միջոցառումների մասին ծրագիրն ամբողջությամբ հասանելի կլինի վաղը՝ դեսպանատան կողմից նախատեսված էլեկտրոնային հարթակում: Խոսելով պիեսների թարգմանության կարեւորության մասին՝ «Զանգակ» հրատարակչատան թարգմանական ծրագրերի համակարգող եւ միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը ասաց, որ քիչ են այն հրատարակչատները, որոնք դրամատուրգիայի ժանրին հաճախ են անդրադառնում: Որպես հրատարակչատուն իրենց համար կարեւոր է նաեւ թարգմանված այս պիեսները տեսնել նաեւ բեմերում. «Ուրախացանք, որ այս պիեսներից գոնե մեկը բեմադրվելու է եւ մոտակա ժամանակաշրջանում կմտնի նաեւ խաղացանկեր: Հույս ունենք, որ մյուս պիսները եւս կմտնեն թատերական կյանք»: Մեսրոպյանը կարծում է, որ հիանալի մտահաղացում է եղել Ռեզայի գործերի հայրերեն թարգմանությունը, քանի որ այն մեզ հնարավություն է տալիս կրկին ու կրկին առընչվելու ժամանակակից ֆրանսիական դրամատուրգիայի հետ:

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուրը՝ irates.am

14:00 06.10.2018

Ամենաշատ ընթերցվածները