ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ուսման ուղի՝ դեպի ԱՄՆ
18:00 06.10.2018

Ուսման ուղի՝ դեպի ԱՄՆ

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիր

Ամերիկյան խորհուրդների կողմից կազմակերպվող և իրականացվող «Ապագա առաջնորդների փոխանակման» (FLEX) ծրագիրը հիմնադրվել է 1992 թվականին: Նախաձեռնությունը սենատոր Բիլ Բրդելինինն էր, նպատակը՝ ճանաչել ամերիկյան հասարակությունը, ձեռք բերել ընկերներ, ամուր կապեր ստեղծել նրանց հետ: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է ԱՄՆ  պետքարտուղարությունը։ FLEX-ին մասնակցել կարող են Հայաստանի, Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Սերբիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցների այն աշակերտները, ովքեր համապատասխանում են ըստ տարիքի և ուսման առաջադիմության, անգլերենի իմացության, նշված երկրների քաղաքացիություն ունենալու և ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին: Վերջիններիս հնարավորություն են տալիս մեկ ուսումնական տարի բնակվելու հյուրընկալող ընտանիքում, ուսանելու ամերիկյան դպրոցում, ստանալու ամսական վճար և կրթաթոշակ։ Ծախսերի մեջ չեն ընդգրկվում անձնագիր ստանալու վճարը, անձնական ծախսերը, սահմանվածից ավելի ուղեբեռի վճարը, հայրենիք զանգահարելու ծախսերը և էլեկտրոնային փոստի վճարը:

Քննաշրջանի մեկնարկը մարզկենտրոնում

Այս տարի արդեն սկսել են դպրոցականների հավաքագրումը մայրաքաղաքում և մարզերում, օրերս էլ ծրագրի քննաշրջանը մեկնարկեց Կապանում: Առաջին և երկրորդ փուլին մասնակցում էին Կապանի և Քաջարանի մի խումբ դպրոցականներ: Ծրագրի մասնակիցների հավաքագրման օգնական Նունե Հարությունյանի խոսքով՝ այս տարի քննությանը մասնակցում են այն երեխաները, ովքեր ծնվել են 2001թ. փետրվարի 15-ից մինչև 2004թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Նրա խոսքով՝ անգլերենի իմացությունը միակ չափանիշը չէ, որով պետք է ընտրվեն, այլև հաշվի կառնվեն դպրոցականների այլ ունակություններ ևս: Ծրագրի կազմակերպիչ Մայք Ֆլոյդի խոսքով՝ ընտրելով պայծառ աշակերտներին՝ նրանց հնարավորություն են տալիս ուսանելու ամերիկյան դպրոցում, հարմարվելու անծանոթ միջավայրին, ձեռք բերելու նոր հմտություններ և զարգացնելու աշխարհայացքը: Ծրագիրը մեծ հույս ունի, որ իր շրջանավարտները կլինեն առաջնորդներ ճարտարագիտության, կառավարման, պատմության, կրթության բնագավառներում:

«Անգլերենը բիզնեսի լեզու է, այն ինձ համար ամենաժամանակակիցն է, դիրքերը զիջում է միայն չինարենին, իսկ ծրագրին արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում եմ, նախորդներին չեմ անցել, հիմա էլ չեմ հանձնվում, կրկին եմ փորձում ուժերս, քանի որ պետք է զարգացնենք մեր երկիրը, իսկ դրա համար նոր հմտություններ են պետք», - նշեց դիմորդ Դիանա Ստեփանյանը: Իսկ Ռուզաննա Հայրապետյանն առաջին անգամ է դիմել FLEX ծրագրին, ասում է՝ սկզբնական փուլում շեշտը դրել էին անգլերենի քերականության վրա, բայց 15 րոպե տևողությամբ թեստերն այդքան էլ բարդ չէին. «Ծրագիրը կարևոր է ինձ համար, քանի որ նպատակ ունի ապագա առաջնորդների փոխանակում անել, հնարավորություն է տալիս ծանոթանալ այլ երկրի մշակույթին և ստացած գիտելիքներդ օգտագործել ի շահ քո երկրի»:

Օրինակներ՝ տեսադաշտում

Էլզա Գալստյանը FLEX-ի շրջանավարտ է, նշեց, որ ծրագիրն իրեն հնարավորություն տվեց լինելու ազատ ու անկախ, ամերիկյան ընտանիքից էլ գոհ է. «Բարեհամբույր մարդիկ էին, նրանց օգնությամբ շրջեցի գրեթե բոլոր նահանգներով, արդեն հարազատ ենք դարձել, և ամեն ամառ մեզ հյուրընկալում են»:

Կապանցի Հրաչ Խաչատրյանը անցած տարվա հաղթողներից է և այս տարվա օգոստոսին մեկնեց ԱՄՆ: Համացանցում տեղադրած տեսանյութերից ակնհայտ է, որ տպավորված է, կրթական մեթոդներից էլ՝ գոհ, մեկ բառով նկարագրեց․ «Ամեն բան հիանալի է»:

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին քննությունների առաջին և երկրորդ փուլերը հաջող անցած դպրոցականները:

Անուշ Միրզոյան


18:00 06.10.2018

Ամենաշատ ընթերցվածները