ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տիկնիկային թատրոնի փառատոնը հասավ Սյունիք
17:00 09.10.2018

Տիկնիկային թատրոնի փառատոնը հասավ Սյունիք

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը Հայաստանում անցկացվեց «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 13-րդ միջազգային փառատոնը, որն ի ուրախություն սյունեցի փոքրիկների, ընդգրկում էր նաեւ Սյունիքի մարզը. փառատոնի ներկայացումները կայացան նաեւ Երեւանում, Լոռու, Վայոց ձորի մարզերում: Բացի հայկական թատրոններից, մասնակցում էին նաեւ այլ երկրների տիկնիկային թատրոններ, իսկ ներկայացումներն անվճար էին: 
Փառատոնի շրջանակներում Սյունիքի մարզի քաղաքային եւ գյուղական մի շարք բնակավայրերում (Գորիս, Կապան, Սիսիան, Քաջարան, Բնունիս, Խնձորեսկ, Դավիթ Բեկ) Երեւանից եւ արտերկրից ժամանած թատերախմբերը հանդես եկան հետաքրքիր եւ բովանդակալից բազմաբնույթ տիկնիկային ներկայացումներով. դրանք անցան լեփ-լեցուն դահլիճներում, թատերախմբերն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, իսկ փառատոնի խորագիրն էր «Երջանկություն եւ խաղաղություն մանուկներին»:
Սյունիքի մարզպետարանը, մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը եւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Աբրահամյանը փառատոնի կազմկոմիտեից շնորհակալագիր ստացան: 
«Թումանյանական հեքիաթի օր»-ը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարություն աջակցությամբ, «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՅՈՒՆԻՄԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: 

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

17:00 09.10.2018