ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խոշորացում․ պլյուս և մինուս
20:00 09.10.2018

Խոշորացում․ պլյուս և մինուս

Կառավարման արդյունավետության բարձրացում, ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործում և համաչափ զարգացում. այս երեք ուղղությունն էր դրված համայնքների խոշորացման հիմքում:

Նախաբան

Խոշորացման գաղափարը Հայաստանում իրավական հիմք է ստացել 2007թ. և տեղ գտել Սերժ Սարգսյանի կառավարության ծրագրում: 2011թ․ նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթերում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:

Խոշորացված Մեղրի համայնքը

Արդեն երկու տարի է, ինչ համայնքների խոշորացման գործընթացում Մեղրու տարածաշրջանի նախկին համայնքները միավորվել են մեկ համայնքում՝ ընդգրկելով 13 գյուղական և 2 քաղաքային բնակավայրեր՝ 66 500 հա տարածքով և 11 713 ընդհանուր բնակչության թվաքանակով։

Ժամանակին խոշորացումը խիստ տրամաբանական գործընթաց են համարել նաև խորհրդային իշխանությունները. Մեղրու շրջանը վարչատատարածքային և սոցիալ-տնտեսական մեկ միավոր է դիտվել՝ սկսած 1930-ականների սկզբից:

Ի՞նչ տեղաշարժեր են նկատվել, ի՞նչ է փոխվել, ինչպիսի՞ն է հանրության արձագանքը մեր օրերում՝ միանշանակ գնահատական տալը դժվար է: Ինձ համար գործիքը համեմատության մեջ է, ցուցիչը՝ առաջին հերթին ֆինանսական վերլուծությունը՝ մինչ խոշորացումը և դրանից հետո:

Խոշորացման դրականը

Խոշորացումից հետո, օրինակ, Մեղրիում արդյունավետ վարչարարության և ճիշտ ֆինանսական քաղաքականության շնորհիվ համայնքը գրանցել է սեփական եկամուտների հստակ աճ։ Մինչ համայնքների խոշորացումը Մեղրի համայնքի բնակավայրերի վարչական բյուջեի հանրագումարը կազմել է 456 մլն 764 հազ. 200 դրամ:

2017թ. խոշորացված համայնքի վարչական բյուջեի եկամուտների աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 23.9%, որից սեփական եկամուտների աճը 2016թ․ փաստացի հավաքված եկամուտներից կազմել է 35.3%:

Նախկին գյուղական բնակավայրերում հողի հարկի և գույքահարկի բազաները վարվել և հավաքագրումները կատարվել էին թղթային տվյալների հիման վրա, որոնցում փոփոխություններ և ճշտումներ չէին կատարվել՝ սկսած 2005 թվականից՝ հողի հարկի և գույքահարկի հաշվառումը համայնքներին փոխանցելուց ի վեր:

Նշված բնակավայրերի բազաների ճշտմամբ էլ պայմանավորված է բյուջեի սեփական եկամուտների   աճը:

Տեղական տուրքերի վճարման բազաների ճշտման արդյունքում տնտեսվարող սուբյեկտների թիվը ավելացել է 63%-ով, որի շնորհիվ 2016թ․ եկամուտների համեմատ 2017թ․ աճը կազմել է 38.3%:

Մեղրի քաղաքում աղբահանության համար վճարողների բազայի ճշգրտման հետևանքով վճարման դաշտ են բերվել 989 քաղաքացի և 56 իրավաբանական անձինք, որն ապահովել է աղբահանության վճարների 18.2% աճ:

Իրականացվել են նաև վարձակալական պայմանագրերի բազաների ճշգրտում, հաշվառումից դուրս մնացած պայմանագրերի բացահայտում և հաշվառում, ինչի արդյունքում մինչև խոշորացումը հավաքված վարձակալական վճարների համեմատ 2017թ. արձանագրվել է 28.5% աճ:

2017թ․ ընթացքում համայնքում կապիտալ ծախսերի գումարը 2016թ. համեմատ աճել է 172.5%-ով:

2016թ․ բյուջեում օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում ծրագրով ընթացիկ ծախսերը կազմել են 145 մլն 999 հազ. 469 դրամ:

2017թ․ բյուջեում օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ծրագրով ընթացիկ ծախսերի տնտեսումը 2016թ․ համեմատ կազմել է 40.8%:

Մինչև խոշորացումը նախկին համայնքների բյուջեների և մեկ բնակչին ընկնող բյուջեի եկամուտների հաշվարկով տարբերությունները կարող եք նկատել հետևյալ օրինակով, դիցուք՝ ներկայացնում եմ Լեհվազ (բնակչ.՝ 650) և Կուրիս (բնակչ. 41) գյուղերի օրինակով. անհրաժեշտ է հաշվի առնել, որ Լեհվազ գյուղը զարգացող, դպրոց, մանկապարտեզ ունեցող, միջպետական ճանապարհին կից և աշխույժ գյուղ է, Կուրիսը՝ ամառանոցային կարգավիճակ ունեցող գյուղ:

Մինչև խոշորացումը նախկին Լեհվազ գյուղի 2015թ․ բյուջեի վարչական մասի եկամուտները մեկ բնակչի հաշվարկով կազմում է 26 հազ. 580 դրամ, մինչդեռ նախկին Կուրիս գյուղի 2015թ․ բյուջեի եկամուտը Կուրիս գյուղում հաշվառված մեկ բնակչի հաշվով 406 հազ. 665 դրամ: Այսինքն՝ մինչ խոշորացումը գյուղի մեկ շնչին ընկնող բյուջեի եկամուտը 15 անգամ գերազանցում էր հարևան գյուղի մեկ շնչին ընկնող եկամուտը: Խոշորացումը կենտրոնացրեց բյուջեն և դրա՝ ըստ ծախսերի առաջնահերթության և հրատապության բաշխման սկզբունքը:

Խոշորացման առավելություններից մեկն էլ աշխատուժի և աշխատատեղերի անհամաչափ բաշխվածության հարցի լուծումն էր։

Օպտիմալացման շնորհիվ Մեղրու տարածաշրջանի նախկին համայնքապետարանների աշխատակազմերի 116 աշխատողի փոխարեն այժմ ՏԻՄ գործառույթներն իրականացնում և բնակչությանը ծառայություններ է մատուցում Մեղրու համայնքապետարանի աշխատակազմի 56  աշխատակից,  որոնցից  17-ը  ինը  բնակավայրերի վարչական ղեկավարներն ու օպերատորներն են:

Եթե մինչև խոշորացումը վերջիններիս միջին աշխատավարձը կազմում էր 96 հազ. 600 դրամ, ապա  2018թ․՝  131 հազար դրամ:

Խոշորացումից հետո բյուջեի միջոցների կենտրոնացման և ադմինիստրատիվ ապարատի օպտիմալացման շնորհիվ վարչական ապարատի պահպանման ծախսերի կրճատման արդյունքում տնտեսված գումարները և սեփական եկամուտների աճը հնարավորություն են տվել բացել նոր աշխատատեղեր, մասնավորապես «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ում ստեղծվել է 24 նոր աշխատատեղ:

Այժմ համայնքի ամեն բնակիչ բնակավայրի օպերատորի միջոցով, ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրերի շնորհիվ, ստանում է համաչափ որակյալ ծառայություն: Ծառայությունների մատուցման որակի, աշխատակազմի աշխատանքի հրապարակայնության, թափանցիկության բարձրացմանը մեծապես նպաստեց նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը, որը հնարավորություն է տալիս բնակչությանը մատուցել ծառայություններ՝ «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով:

Մշակութային կյանքի կազմակերպման և արտադպրոցական կրթության ծառայությունների մատուցման բնագավառում երեք բյուջետային հիմնարկ վերակազմակերպվել է «Մեղրու մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի, որը խոշորացումից հետո կոորդինացնում և կազմակերպում է համայնքի մշակութային և մարզական կյանքը՝ մատուցելով համապատասխան ծառայություններ և ներդրված ամենօրյա անխափան ուղևորափոխադրման համակարգի շնորհիվ ընդգրկում է ոչ միայն քաղաքային, այլև գյուղական բնակավայրերը:

«Թերևս խոշորացման մեծագույն հաջողություն համարեմ ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության ապահովումը: Խոշորացումից հետո Մեղրի համայնքի 13 բնակավայր ունի  ամենօրյա, կանոնավոր, տրանսպորտային հաղորդակցություն, որը խորապես նպաստում է Մեղրի համայնքի համալիր, հավասարաչափ զարգացմանը։ Այդ նպատակով համայնքի բյուջեից 2017թ․ տրամադրվել է 12 մլն 405 հազ. 285 դրամ, իսկ 2018թ․ պլանավորվել է 20 մլն դրամի ծախս: Տրանսպորտային կապի շնորհիվ լուծվել են համայնքի տարածքում աշխատատեղերի և աշխատուժի համաչափ տեղաբաշխման հետ կապված խնդիրները։ Այս կապի շնորհիվ գյուղական բնակավայրերի բնակիչները անմասն չեն մնացել կազմակերպվող մարզամշակութային միջոցառումներց, արտադպրոցական հաստատություններ հաճախելուց, քաղաքային շուկաները հասանելի են դարձել գյուղական բնակավայրերի բնակիչներին, առավել դյուրին է դարձել ամառանոցներից օգտվելն ու հողամասեր մշակելը։ Գյուղի և քաղաքի կապը դարձել է առավել սերտ ու ներդաշնակ», - նշեց համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:

Համայնքում ամբողջովին լուծված է փողոցային լուսավորության խնդիրը. խոշորացումից հետո համայնքի գյուղական բնակավայրերը ևս ամբողջովին ապահովվեցին էներգախնայող լուսատուներով:

Համայնքը չի կարողանում լուծել ելակետային մի քանի խնդիր

Ուրեմն խոշորացված համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը բովանդակային առումով  ակնհայտորեն տարբերվում է նախկինում գրված դեկլարատիվ, չհուսադրող կանխատեսումներով և կրկնվող  ծրագրերից, բայց այստեղ նույնպես նկատելի են բացեր և սոսկ թղթի վրա մնացած ու իրական պատկերին չհամապատասխանող կետեր:

1. Գաղտնիք չէ, այստեղ տնտեսության ողնաշարը հանքարդյունաբերությունն է. այլընտրանք ունենալու, պղնձի և մոլիբդենի գներից տնտեսությունը ցնցումներից ապահովագրելու, ինչպես նաև   դիվերսիֆիկացիայի խնդիրը լուծելու նպատակով համայնքն իր  ծրագրային առաջնահերթություններից մեկն էլ Մեղրու՝ որպես մերձարևադարձային գյուղատնտեսական կուլտուրաներով հարուստ, բարձրորակ շրջակա միջավայր ունեցող, բնապահպանական խնդիրների նվազ ազդեցությամբ տարածաշրջանի զարգացումն ապահովելն է սահմանել: Սակայն տեղական իշխանության կողմից չկա դրան հասնելու ռազմավարությունը, եթե չասեմ՝ քաղաքական կամքը: Քանզի իրական պատկերն այլ է՝ 2017-2018թթ. ընթացքում իրականացված հանրային լսումների փուլում յոթ հանքարդյունաբերական ընկերության տրվել է համաձայնություն՝ գործունեություն ծավալելու նպատակով: Խոշորացված համայնքի պարագայում հանրային լսումների անցկացումը (անկախ իրազեկման պատշաճ ապահովումից) ընդգրկուն չի լինում, որովհետև դրանք անց են կացվել խոշորացված համայնքի կենտրոնում, իսկ գյուղաբնակների համար առօրյա գործն ու հոգսը թողնելը և քաղաքացիական դիրքորոշում հայտնելը, այն էլ մինչհեղափոխական Հայաստանում, որտեղ իրենց ձայնը լսելի չէր, հաստատենք, որ դժվար էր:

2. Նշեմ, որ վերջին շրջանում Մեղրի համայնքում հիմնվել է 38 հա պտղատու այգի: Մինչդեռ ոռոգման  ջուրն արդեն  չի բավարարում  աճող պահանջները։ Խնդիրը հատկապես սրվում է ամռան ամիսներին։ Թեև խնդրի լուծման համար վերջին տարիներին համայնքի և նախկին կառավարության կողմից մեծ աշխատանք է կատարվել ոռոգման ցանցի բարելավման ուղղությամբ, մասնավորապես` ներդրվել է ջրի ինքնահոս համակարգ, այնուհանդերձ Մեղրու շոգ և չոր կլիմայական պայմաններում հատկապես հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, ոռոգման ջուրը բավարար չէ. արաքսամերձ 6 բնակավայր այդ սեզոնին ոռոգվում է մեխանիկական եղանակով, ինչի պատճառով այդ բնակավայրերը օգտագործում են մշակովի հողերի միայն 50 տոկոսը։ Հարցի լուծման ամենաօպտիմալ տարբերակը համայնքում ջրի կուտակման համակարգի ստեղծումն է՝ Մեղրի գետի վրա ջրամբարի կառուցումը։ Ջրամբարի կառուցումը ոչ միայն ամբողջովին կլուծի տարածաշրջանի ոռոգման ջրի խնդիրը, այլև երաշխավորված ջուր ունենալը էապես կավելացնի մշակովի հողատարածքները։ Սա հնարավորություն կտա նաև խնայելու պետության կողմից տրամադրվող 140 մլն դրամ տարեկան սուբսիդիան:

Եթե ջրամբարի կառուցումը հեռավոր ապագայի հարց է և այս պահին դժվար իրագործելի, ապա կան ջրային ռեսուրսների խնայողության և օպտիմալ օգտագործման այլ տարբերակներ. օրինակ՝

ա) առաջին հերթին կառուցել Մեղրի քաղաքի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման ցանց՝ հողայինից անցնելով խողովակաշարայինի, որի շնորհիվ կունենանք ջրի հավելյալ ծավալ՝ ֆիլտրացիոն կորուստները չեզոքացնելու հաշվին

բ) Մեղրի քաղաքի նորակառույց ոռոգման համակարգը հանձնել ջրօգտագործողների ընկերության հաշվեկշռին և իրականացնել Ագարակ-Մեղրի-Ալվանք-Շվանիձոր-Նռնաձոր բնակավայրերի միասնական ջրաշրջանառություն

գ) Մեղրի գետի վրա կառուցվելիք ջրամբարից առաջ անհրաժեշտ է բոլոր բնակավայրերում, ըստ հողատարածքների զանգվածայնության, կառուցել ջրահավաք ավազաններ, ըստ այդմ, փոքր հոսքի ջրերը, գիշերը կուտակելով, ցերեկը կրկնակի հոսքով օպտիմալ ոռոգում կազմակերպելու նպատակով: Ջրահավաք ավազանների ծավալը 1000մ3 է, որը փաստորեն թույլ կտա մեկ օրում առնվազն մեկ հեկտար հողատարածք ջրել, իսկ գիշերը ջրի կուտակման պարագայում պաշարը կրկնակի կլինի:

դ) վերջապես Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակում իրականացնել ժամանակակից խնայողական ոռոգման համակարգի ներդրում՝ կաթիլային ոռոգում. դրանով կամրապնդվի այդ մշակույթը՝ որպես այլընտրանքային և խնայողական ոռոգման միջոց:

3. Եթե գյուղատնտեսության բնագավառում այս համայնքի հաջողությունները փոքրիշատե տեսանելի են, ցավոք նույնը չեմ կարող ասել անասնապահության վերաբերյալ: Խնդիրն արդիական է այն իմաստով նաև, որ համայնքում առկա 9 000 հա արոտավայրերից վարձակալության է տրված ընդամենը 1352 հեկտարը:

Ներկայումս համայնքում խոշոր եղջերավոր անասունների թիվը կազմում է 1410 գլուխ՝ խորհրդային շրջանի 20 000 գլխի փոխարեն, մանր եղջերավոր անասուններինը՝ 3 000՝ խորհրդային շրջանի 30 000 գլխի փոխարեն:

Մեղրեցու արտադրած միսը նույնիսկ չի բավարարում ներքին շուկայի պահանջները:

Մեղրիում անասնապահության զարգացմանը խոչընդոտող հանգամանքներն են`

- արոտավայրեր տանող ճանապարհների անմխիթար վիճակը (Վանք-Կալեր)

- անասնաբուժական ու անասնաբուծական ծառայությունների բացակայությունը` հատկապես սպանդանոցի և անասնաբուժական լաբորատորիայի բացակայությունը:

Համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկն էլ պետք է լինի այս հարցի վերլուծությունն ու անասնապահությանը զարկ տալու նպատակով նոր ուղիներ փնտրելը, իհարկե, լիազոր մարմնի աջակցությամբ:

4. Ըստ զարգացման հնգամյա ծրագրի՝ համայնքն իր ապագայի տեսլականը մեծապես կապում է զբոսաշրջության բնագավառի զարգազման հետ: Ի տարբերություն մյուս շրջանների, այո՛, Մեղրու պարագայում այս հարցը իրատեսության հարթության վրա է, հատկապես ԻԻՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված արդեն նկատելի է, և դեռ սպասվում է զբոսաշրջիկների հոսքի աճ, սակայն համայնքը դեռ լիովին պատրաստ չէ դրան, չկան համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի Մեղրի համայնքը զբոսաշրջիկների համար, բացի տրանզիտ գոտի լինելուց, լինի նաև հանգստի գոտի և գոնե մեկօրյա տուրիզմի սուբյեկտ: Կա պոտենցիալ, չկա պետական ծրագիր, և սա համայնքի միայնակ լուծելու հարցը չէ, կարծում եմ:

Ահա սրանք էին այն հիմնական դրական կետերը, որը Մեղրուն տվել է «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը կամ, ինչպես ընդունված է ասել, խոշորացումը, բայց ինչպես տեսնում ենք, կան նաև մի շարք խնդիրներ, որոնք երկու տարի շարունակում են մնալ թղթի վրա...

Խոշորացման բացերը

Ընդհանրապես, հանրային կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց-բարեփոխում ունենում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը կամ հետևանքները, այս դեպքում՝ բացերը: Եվ սա բնական է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ խոշորացումն ուներ իր քաղաքական նպատակադրումները՝ առաջին հերթին քրեաօլիգարխիկ համակարգը առավել հեշտ կառավարելի դարձնելու միտումը. Դրա մասին ես չէ, այլ ժամանակին բավականին անկեղծ արտահայտվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Գուցե համայնքների միասնական կառավարման հանգամանքը ընդունելի է բնակչության կողմից, անգամ բնակավայրերը ունեն իրենց վարչական ղեկավարները, սակայն այստեղ նկատվում է սոցիալ-հոգեբանական պատնեշ, քանի որ բնակավայրի բնակիչները զգում են իրենց մեկուսացված և չեն ունենում զգայական ասոցացում այն համայնքի նկատմամբ, որին իրենք կցվել են։

Մյուս մտահոգությունս բյուջեի անհամաչափ բաշխվածության վտանգն է. այդ միտումը նկատվում է նաև Մեղրիում, և եթե համեմատելու լինեմ արաքսամերձ բնակավայրերի (Շվանիձոր, Ալվանք) և միջին ու լեռնային գոտիների գյուղերում (Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս, Լիճք, Տաշտուն) կատարած աշխատանքները, ապա համայնքների խոշորացման գործընթացի բնութագրումը կամփոփվի Ջ. Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» գրվածքի թևավոր մի արտահայտության նմանությամբ՝ բոլոր համայնքները հավասար են, սակայն որոշ համայնքներ ավելի հավասար են, քան մյուսները….

Մյուսը՝ համայնքների խոշորացումը բխում է համայնքները միմյանց կպցնելու տրամաբանությունից, այսինքն՝ խոշորացում՝ ուղիղ իմաստով։ Սակայն, եթե ծրագրում ենք խոշորացնել համայնքը, ապա պետք է ձեռնարկեինք քայլեր՝ ելնելով փոքր համայնքի խոշորացման տրամաբանությունից՝ խթանելով տնտեսական աճը, ծնելիության մակարդակը, աշխատատեղերով ապահովումը, ներգաղթի կազմակերպումը, արտագաղթի կրճատումը և այլն։ Այսինքն՝ նպաստենք ոչ թե փոքր և թույլ համայնքների արհեստական և մեխանիկական վերաձևմանը, այլ ապահովենք թույլ համայնքի ուժեղացումը։

Փոքր ու թույլ համայնքի միացումը ուժեղ և կենսունակ համայնքին կարող է հանգեցնել ծայրամասերի մեկուսացմանը՝ նպաստելով կենտրոնի ենթակառուցվածքների զարգացմանն ու էլ ավելի ուժեղացմանը։

Գյուղական համայնքներում կա սերտ շփում համայնքի ղեկավարի ու բնակիչների միջև, ուստի համայնքների խոշորացման դեպքում նկատելի է ղեկավարի անհասանելիությունը, մանավանդ այն դեպքում, երբ ավագանին արտագնա նիստեր չի նախաձեռնում: Նշեմ, որ ձևական բնույթ են կրում վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպված քաղաքացիների ընդունելությունները, որովհետև քաղաքացին արդեն գիտակցում է, որ վերջինս չունի բյուջե, հետևապես՝ ռեսուրս՝ որևէ խնդիր լուծելու համար, և իր հերթին դիմելու է համայնքի ղեկավարին: Ահա հենց այստեղից էլ առաջանում  են անվստահությունը և քաղաքացի-ղեկավար պատնեշը:

Ինչպես փաստեցի, Մեղրիում խոշորացման դրական ազդեցությունը ակնհայտ է, սակայն…

Ընդհանրապես, պետական և հանրային կառավարման պրակտիկան փաստում է, որ քաղաքական-տնտեսական ճգնաժամի պայմաններում իրականացվող վարչաքաղաքական բարեփոխումները կարճաժամկետ հատվածում կապահովեն որոշակի դրական միտումներ, սակայն առանց կառավարման համակարգում օրենսդրաիրավական դաշտի բարեփոխումների (Ընտրական օրենսգիրք, տեղական ինքնակառավարման մասին օրենք, ֆինանսական համահարթեցման մասին օրենք և այլն), քաղաքական-տնտեսական անկայունության հաղթահարման, ենթակառուցվածքների բարեփոխման՝ երկարաժամկետ հատվածում չենք կարող արձանագրել լուրջ տեղաշարժեր։

Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարը վերջերս կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ ընդհանուր առմամբ դրական է վերաբերում խոշորացման գործընթացին՝ հավելելով, որ գործընթացի շարունակականության մեջ պարտադիր հաշվի է առնելու համայնքի տնտեսական ցուցանիշը և բնակիչների կամարտահայտությունը և շահերը:

Եթե նպատակահարմարությունը տրվում է համայնքների համահարթ զարգացմանն ու ենթակառուցվածքների հասանելիությանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ապա նոր կառավարությունը պետական քաղաքականության սլաքը պետք է ուղղի ոչ թե կոնկրետ համայնքի, այլ երկրի տնտեսության զարգացմանն ու ժառանգություն ստացած ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը՝ չկրկնելով նախորդի սխալը:

Մարիամ Ծատրյան

20:00 09.10.2018