ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մոմո վիրուսի ազդեցությունը
19:00 12.10.2018

Մոմո վիրուսի ազդեցությունը

Ի՞նչ է  մոմոն

Համացանցի օգտատերերը դժվար թե հանդիպած չլինեն գրառումների՝ կապված այս կերպարի հետ։ Մոմոյի լուսանկարը ի սկզբանե եղել է ճապոնացի քանդակագործ Միդորի Հիյաշիի՝ սարսափ առաջացնող քանդակի նմանակումը` մեծ, կլոր աչքերով կնոջ գլուխ, մարմնի փոխարեն` հսկա թռչնի ոտքեր: Համացանցում հայտնվեցին նաև տարօրինակ հեռախոսահամարներ, որոնք, ըստ որոշ օգտատերերի, պատկանում են ինտերնետ-սարսափին: Տարածված 3 հեռախոսահամարները Մեքսիկայի, Ճապոնիայի և Կոլումբիայի կոդ ունեն։ Ըստ նրանց՝ WhatsApp հավելվածում այս հեռախոսահամարները փնտրելիս հայտնվում է մոմոյի էջը: Նրան կարելի է նամակ գրել և ձայնային հաղորդագրություններ ուղարկել:

Վիրուսը Հայաստանում է

Հայաստանյան համացանցային հարթակում մոմոն հայտնվեց ամիսներ առաջ, իսկ օրեր առաջ համացանցում շրջանառվեցին  լուրեր, որ  Արագածոտնի մարզի Օշական համայնքում մահացել է 12-ամյա երեխա, ում հնարավոր է, ինքնասպանության է դրդել այդ նույն մոմոն։ ՀՀ ոստիկանության բաժնից հարցրինք՝ արդյո՞ք մինչ այժմ եղել են բողոքներ համացանցային այդ խաղի հետ կապված։ Պատասխանը հստակ էր՝ մինչ օրս պաշտոնապես բողոք-դիմում չի եղել։ Շրջանառվող լուրերի մասին տեղեկություն ստացանք նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից, ով փաստեց, որ մոմոն ինտերնետային լեգենդ է, որը սկսում է տարածվել և դառնալ իրականություն։ «Փաստացի նման բան չկա, բայց քանի որ սկսեցին դրա մասին խոսել, տարածել, ինչ- որ մարդիկ սկսեցին նմանակել այդ գործողությունները։ Համացանցում տարածվելուց հետո չար կամ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ մտնում են խաղի մեջ և հանդես գալիս այդ անվան տակ։ Հենց այդ պահից էլ խաղը դառնում է վտանգավոր, քանի որ կարող են ահաբեկել երեխաներին», - ասում է նա՝ հավելելով, որ հնարավոր չէ երեխային նման մեթոդներով դրդել ինքնասպանության, եթե նա արդեն իսկ հոգեբանական  ճնշման տակ չի գտնվում։ Այս տեսակետին  համակարծիք է նաև հոգեբանը։

«Մոմոն ինտերակտիվ խաղ է, որը թիրախավորում է դեռահասներին և այն երեխաներին, ովքեր ունեն բջջային հեռախոսներ և օգտվում են համացանցից։ Վիրտուալ իրականության մեջ երեխաներն իրենց ավելի ապահով են զգում և ստեղծում են իրենց ուրույն աշխարհը, սակայն շատ ժամանակ չեն զգում այնտեղից եկող վտանգները։ Խաղի թիրախային խմբերը լինում են այնպիսի երեխաներ, որոնք ունեն ասոցիալ վարք, զուրկ են ծնողական խնամքից և սիրուց, ովքեր անտեսված են մեծ մասամբ», - ասում է Անուշ Գրիգորյանը։

Թյուր տեղեկատվության տարածումը՝ խուճապի պատճառ

Որոշ օգտատերեր, բլոգերներ և լրատվամիջոցներ սեփական դիտումները ապահովելու համար հենց իրենք են թյուր տեղեկատվություն տարածում համացանցում, և դրանով իսկ անտեղի խուճապի պատճառ դառնում։

«Չստուգված տեղեկատվոււթյունը լրագրողները շատ հաճախ տարածում են, և աժիոտաժը թեմայի շուրջ ուժեղանում է։ Դա էլ պարզապես սկսում է երեխաներին ահաբեկել, այսինքն՝ երեխաները անընդհատ սպասում են, որ նման բան կա, մոմոն կարող է իրենց գրել, և երեխան պետք է ստիպված պատասխանի այդ գրածներին և այլն։ Նման կերպ ձևավորվում է վախի մթնոլորտ, չնայած ոչ մի հիմք չկա», - ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպես Անուշ Գրիգորյանն է ասում, նման կեղծ օգտատերերը, ովքեր հանդես են գալիս մոմո անվամբ, ունենում են հոգեկան խնդիրներ։ «Դրդապատճառները կարող են լինել շատ տարբեր՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ բուն ինքնասպանության հասցնելու միտքը։ Դա կարող է լինել բացարձակ անհավասարակշիռ վիճակում գտնվող անձ կամ նորմալ մարդ, ով միտում ունի ուղղակի իր սեփական մոլուցքային կարիքները բավարարելու։ Դրանք նաև այն մարդիկ են, ովքեր կյանքի որևէ ոլորտում չեն կարողացել իրենց լիարժեք դրսևորել», - ասում է հոգեբանը։

«Մի քանի հիմար մտնում են խաղի մեջ և հիվանդ երևակայության հետևանքով ստեղծում են լուրջ իրավիճակ։ Ծնողները թաքցնում են դեպքերը և ոստիկանություն չեն դիմում, այս պատճառով էլ դեպքերը շատանում են», - ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Խորհուրդ հոգեբանից

Ըստ հոգեբանի՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման համար ցանկալի է, որ մեր հասարակության մեջ լինեն կիբերապահովության դպրոցներ։ Նա ծնողներին հորդորում է ավելի զգոն լինել խաղի հնարավոր ազդեցության հետևանքով ծագող խնդիրներից խուսափելու հարցում։ «Որքանով ծնող և երեխա կապը վստահելի է և ամուր, այնքանով երեխան ավելի շուտ է վստահում ծնողին իր գաղտնիքները։ Դա օգնում է, որ երեխան նմանօրինակ վտանգի առնչվելիս անպայման հայտնի իր ծնողին։ Եթե ծնողը չի կարողանում ինքնուրույն օգնել երեխային, անպայման անհրաժեշտ է դիմել ոլորտի մասնագետի։

Վերջում հավելենք, որ խաղի տեսաձայնագրության մեջ հայտնվող կերպարը կարող է նաև պարզապես դիմահարդարման կամ ինչ-որ մեկի չար կատակի արդյունք լինել։

Սոնա Օհանջանյան

19:00 12.10.2018