ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մենք չենք սիրում իրար հայհոյել. Կապանում քաղաքապետի թեկնածուն համաձայն է՝ նախընտրական աշխուժություն չկա
16:00 13.10.2018

Մենք չենք սիրում իրար հայհոյել. Կապանում քաղաքապետի թեկնածուն համաձայն է՝ նախընտրական աշխուժություն չկա

Սյունքի մարզի Կապան քաղաքում հոկտեմբերի 21-ին սպասվում են արտահերթ ընտրություններ. 3 թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են:

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, թեև ՔՊ կուսակցությունից է, սակայն կուսակցության կողմից չի առաջադրվել: Ինքնառաջադրվել են նաև անկուսակցականներ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Իրավաբանական բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանը և «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գևորգ Փարսյանը:

 

Քաղաքապետի թեկնածու Էդգար Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 9-ից և ընթանում է հանգիստ հունով: «Բոլոր երեք թեկնածուներն էլ իրենց քարոզարշավն են անցկացնում և կարող եմ ասել, որ որևէ խոչընդոտ չկա, ժողովրդի հետ շփվում ենք, մեր ծրագրերն ենք ներկայացնում»,-ասաց նա:

Էդգար Հովհաննիսյանը ինչ-որ տեղ համաձայն է, որ քարոզարշավը բուռն մրցակցային պայմաններում չի անցնում: «Մի փոքր հարաբերական է այդպես բուռն մրցակցային մթնոլորտում անցնելու մասին խոսելը, համենայն դեպս, եթե մի փոքր համեմատություն անցկացնենք երևանյան ընտրությունների հետ, այդ առումով այստեղ աշխուժություն չկա իմ կարծիքով»,-ասաց նա: 

Հարցին՝ սպասվածից էլ ավելի պասի՞վ է, թեկնածուն պատասխանեց, որ Կապանում ընտրությունները միշտ էլ նման կերպ են անցել: «Յուրաքանչյուրն ինքն իր ծրագրած պլանով իր քարոզարշավն է կազմակերպել, մենք չենք սիրում իրար հայհոյել, համերաշխության մթնոլորտում է, բոլորս էլ իրար ճանաչում ենք և գտնում ենք, որ այս ընտրությունները ոչ թե մարդկանց պետք է բաժանեն, այլ ընդհակառակը՝ միավորեն, և թեկնածուներով պետք է ավելի մտերիմ լինենք իրար հետ, որովհետև, այդուամենայնիվ, ուզում եմ հավատալ, իմ պահով միանշանակ է, մյուս թեկնածուների հարցում էլ, որ իրենց մղումներով անկեղծ են և իրենց ծրագրերով ուզում են, որ այս քաղաքը մի փոքր ավելի լավը լինի, քան կար»,-ասաց նա: 

Իսկ թե Նարեկ Բաբայանը, ով փոխմարզպետ է և միաժամանակ ՔՊ անդամ, ունի՞ որոշակի առավելություն մյուս թեկնածուների նկատմամբ, Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ իհարկե մի փոքր առավելություն է նրան բերում իր քաղաքական ուժի ճանաչելիությունը: «Հաշվի առնելով, որ այդուամենայնիվ ներկա իշխանության թեկնածու է հանդիսանում, այս առումով միայն»,-ասաց նա:

Աղբյուր՝ magnis.news
16:00 13.10.2018

Ամենաշատ ընթերցվածները