ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արմ դանս» պարային համույթը մասնակցեց «Տարբեր ազգերի երգեր և պարեր» հանրապետական փառատոնին
12:30 15.10.2018

«Արմ դանս» պարային համույթը մասնակցեց «Տարբեր ազգերի երգեր և պարեր» հանրապետական փառատոնին

Հոկտեմբերի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Տարբեր ազգերի երգեր և պարեր» հանրապետական փառատոնը։ Փառատոնին մասնակցում էր նաև Սիսիանի «Արմ դանս» պարային համույթը։

Փառատոնից հետո HayNews.am-ի հետ զրույցում «Արմ դանս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արմինե Սագսյանն ընդգծեց․ ««Տարբեր ազգերի երգեր և պարեր» հանրապետական փառատոնն ամենամյա է, և մեր խումբն ամեն տարի մասնակցում է դրան։ Ընդգծեմ, որ յուրաքանչյուր տարի ունեցել ենք հաղթանակներ, մեդալներ, մրցանակներ, ինչպես այսօր։ Բոլոր երեխաները ստացան պատվոգրեր, իսկ խմբի ղեավարը պատվոգիր և մեդալ»։
Պարուսույցն ընդգծեց՝ իր սաները աշխատել են, ջանք թափել հնարավորինս լավ հանդես գալու համար, ինչը գովելի է։

«Ունեմ աշակերտ, որն ընդամենը մեկ ամիս է, ինչ հաճախում է պարի և այսօր մասնակցել է միջոցառմանը: Պարի են հաճախում ոչ միայն սիսիանցիները, այլև հարակից գուղերի երեխաները։ Կոնկրետ այս միջոցառմանը մասնակցել է իմ սաներից 19-ը, սակայն այս պահի դրությամբ ունեմ 50 սան: Առաջիկայում ունենք հրավեր Էջմիածին քաղաքից, և հավանականությունը մեծ է, որ այդ փառատոնին էլ կմասնակցենք», - նշեց Արմինե Սարգսյանը։

HayNews․am-ի թղթակցի հետ զրույցում 10-ամյա Էմմա Խաչատրյանը նշեց՝ 1,5 տարի է, ինչ հաճախում է պարի, բայց արդեն հասցրել է բազմաթիվ մրցույթների, փառատոնների մասնակցել, ավելին՝ մրցանակներ ունի, իսկ վերջերս էջմիածնում կայացած մրցույթի ընթացքում գավաթակիր է դարձել։

«Ես շատ եմ սիրում պարել։ Տանն ազատ ժամանակ միացնում եմ երաժշտությունն ու պարում։ Սիրով եմ պարի հաճախում, պարուսույցիս շատ եմ սիրում։ Հույս ունեմ՝ առաջիկայում էլ նոր փառատոնների կմասնակցենք», - ասաց Էմման՝ հավելելով՝ հատկապես մրցույթներից ու փառատոններից առաջ ավելի շատ է պարապում, որպեսզի լավ հանդես գա։

8-ամյա Միլենա Բաբայանն էլ նշեց՝ մեկ տարի է, ինչ հաճախում է պարի։

«Սա արդեն չորրորս փառատոնն է, որին մասնակցեցի։ Ես շատ եմ սիրում պարել, սիրում եմ իմ պարուսույցին, իսկ ամենասիրածս պարը «Ֆիեստան է», - ասաց Միլենան։

Ընդգծենք՝ Սիսիանից մայրաքաղաք էին եկել ոչ միայն պարի խմբի անդամներն, այլև նրանց ծնողներն ու հարազատները։
Ծնողներից Սոնա Բաբայանն ընդգծեց՝ ուրախ է, որ իր դուստրը հենց Արմինե Սարգսյանի սանն է։

«Երեխան սիրով է հաճախում պարի, արդեն որոշակի արդյունքներ ունի, սիրում է իր պարուսույցին, իսկ նա չափազանց ուշադիր է երեխաներից յուրաքանչյուրի նկատմամբ։ Ընկեր Արմինեն, իսկապես, ոչ միայն լավ մասնագետ է, այլև շատ ուշադիր ու սրտացավ է երեխաների նկատմամբ․ կարծում եմ այս ամենը շատ կարևոր է», - ասաց Սոնա Բաբայանը։
Մելանիա Հովհաննիսյանն էլ, ով թոռնիկի հետ միասին եկել էր Սիսիանից, ասաց՝ գոհ է Արմինե Սարգսյանի աշխատանքից և երեխաների ելույթից։

«Թոռնիկս երկու տարի է, ինչ հաճախում է պարի։ Ես էլ հաճախ նրան տանում եմ պարի, նրա հետ գնում եմ համերգների, մրցույթների։ Արմինե Սարգսյանը ջանասեր, սիրալիր, բարեհամբյուր է յուրաքանչյուր երեխայի նկատմամբ», - նշեց Մելանիա Հովհաննիսյանը։
Պարի խմբի անդամներից ոմանք էլ նշեցին՝ որոշել են՝ երբ մեծանան, պարուսույց են դառնալու։ Սաթենիկը, Մարիան, Լուսինեն և Դիանան նշեցին՝ որոշել են պարուսույց դառնալ ու լինել այնքան արհեստավարժ ու նրբանկատ, ինչպիսին իրենց պարուսույցն է։

Հասմիկ Բալեյան

Աղբյուրը՝ HayNews.am
12:30 15.10.2018

Ամենաշատ ընթերցվածները