ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Քա՛յլ արա, Կապա՛ն
16:00 17.10.2018

Քա՛յլ արա, Կապա՛ն

Նարեկ Բաբայանը ծնվել է 1992թ փետրվարի 5-ին Կապան քաղաքում։ 2012թ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան (մասնագիտությունը՝ «Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն»)։

2012թ հուլիսից մինչև 2012թ սեպտեմբեր աշխատել է «ՍՏԵԳՈՌ» ՍՊԸ-ում՝ որպես ինժեներ-շինարար։

2013թ հուլիսից մինչև 2018թ մայիս աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային բաժնի մասնագետ։

2016-17թթ եղել է Կապան քաղաքի ավագանու անդամ։

2018թ հունիսից ՀՀ վարչապետի (թիվ 825-Ա) որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դուստրս՝ առաջընթացիս գրավական

«Չնայած հեղափոխությունից հետո տանը քիչ եմ լինում և ընտանիքիս անդամներին քիչ ժամանակ հատկացնում, ինչը երբեմն դժգոհության առիթ է տալիս, բայց նրանք ըմբռնումով են մոտենում, քանի որ գիտեն, որ այս ամենը, ինչ անում ենք, հանուն մեր Կապանի ու Հայաստանի ենք անում: Գոնե շաբաթ-կիրակի բացը փորձում եմ լրացնել, բայց հաճախ դա էլ չի ստացվում, քանի որ աշխատանքային հանձնարարականներ են լինում, որոնք հարկավոր է ժամանակին կատարել: Ընտանիքս մեջք ու թիկունք է ինձ համար, և առայժմ զբաղվածությանս պատճառով կոնֆլիկտներ չեն առաջանում», - ժպտալով խոստովանում է համայնքի ղեկավարի թեկնածու Նարեկ Բաբայանը:

Ինչ ծանոթացել ենք Նարեկի հետ, նա քաղաքական տարբեր իրադարձությունների կենտրոնում է, նրա հետ միասին ենք հաճախ անցնում այդ ուղին: «Երեխան շատ է կարոտում նրան, բայց հարմարվում ենք: Շատ ժամանակ դստերս հետ միասին այցելում եմ այնտեղ, որտեղ Նարեկն է լինում, գոնե այդպես լրացնում բացը, իսկ հաճախ էլ ուշ գիշերը գալիս երեխային արթնացնում և սկսում է հետը խաղալ», - պատմում է Ալետան՝ Նարեկ Բաբայանի կինը:

Համայնքի ղեկավար առաջադրվելն անսպասելի էր ընտանիքի անդամների համար, քանի որ այդ թեմայով երբևէ տանը չէին խոսել: «Բայց եթե որոշել է, ապա, ինչպես միշտ, նրա թիկունքին կանգնած կլինեմ, կսատարեմ ամեն հարցում, - ասում է կինը և հավելում, - ասեմ ավելին՝ հարկ եղած դեպքում միասին ենք պայքարել ժողովրդի շահերի պաշտպանության համար, ինչպես, օրինակ, տրանսպորտի ուղեվճարի թանկացման դեմ: Ճանապարհներին, տանիքներին, տրանսպորտին, քաղաքաշինությանն առնչվող խնդիրների լուծումն առաջնային կցանկանայի տեսնել մեր համայնքում»:

Անիկ տատի կարծիքով, սակայն, ինքը համաձայն չէ նրա առաջադրվելուն, ինչպես ասում է, ինչու՞ է գլուխը ցավի տակ դնում. «Եթե ընտրվի, կուզենամ, որ առաջին հերթին կաշառակերությունը վերացնի, ժողովրդին լսի, հարգի նրա կարծիքը, մի խոսքով մարդավարի ղեկավարի, որ գոհ լինեն նրանից: Մարդիկ պետք է իրար սիրելով, հարգելով ապրեն, եթե սեր չկա, ուրեմն համերաշխություն չի լինի»:

Ինչպես ընտանիքի անդամները նշեցին, բնավորությամբ հանգիստ է, խաղաղ, հավասարակշռված, հոգատար որդի, ամուսին և հայր: Ալետայի խոսքով՝ բնավորության այս գծերը կօգնեն որոշումներ կայացնելիս ավելի սթափ դատել, իսկ ընտրվելուց հետո, վստահ է. «Քաղաքական թիմի աջակցությունը կլինի: Կարծում եմ, ընտրվելուց հետո համայնքն արդյունավետ ղեկավարելու հարցում դրա շրջանակն ավելի կընդլայնվի»։

Ինչպես համայնքի ղեկավարի թեկնածուն է խոստովանում. «Աշխատանքիս ամենահոգնած, ամենածանր պահին հենց դստերս՝ Վիկայիս հիշում եմ, աշխատելու նոր եռանդ եմ ստանում: Այն ամենը, ինչ անում ենք, նրա հասակակիցների համար ենք անում: Չառանձնացնելով ընտանիքիս որևէ անդամի դերակատարությունն իմ կյանքում, այնուամենայնիվ, կասեմ, որ դուստրս առաջ շարժվելուս խթանն է»:

«Կապանի գլխավոր խնդիրներից մեկը խոշորացված համայնք լինելն է»

«Կապան համայնքը կազմված է մեկ քաղաքային և 37 գյուղական բնակավայրից: Խոշորացումից հետո այս բնակավայրերը տուժել են այնքան, որ չունեն սեփական բյուջե: Եվ այսօր մեզ համար ամենագլխավոր խնդիրը համայնքի համաչափ զարգացումն է, և շեշտը դնելու ենք դրա վրա: Գյուղական բնակավայրերում ծերացման պրոցես է ընթանում, պետք է ամեն ինչ անենք, որ մեր երիտասարդները ցանկանան այնտեղ ապրել. գյուղն է մեր պետության զարգացման հիմքը դառնալու», - համայնքի առաջ ծառացած առաջնային խնդիրներից խոսեց Ն.Բաբայանը:

Թեկնածուն նշեց նաև, որ գյուղական բնակավայրերում մշակութային միջոցառումներ գրեթե չեն անցկացվում, հարկավոր է ամրացնել գյուղ-քաղաք մշակութային կապը, ինչն էլ կհանգեցնի Կապան-Երևան մշակութային կապի ամրացմանը: «Մի քանի օր առաջ Ծավի ենթաշրջանի գյուղերում էի, որտեղ ամենալուրջ խնդիրներից մեկն էլ կանոնավոր երթուղու բացակայությունն է: Այսինքն՝ կան խնդիրներ, որոնց լուծումը թվում է, թե հեշտ է, բայց մինչ օրս չկա», - նշեց Ն.Բաբայանը:

Կառավարության որոշմամբ վերջերս առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար գումար է հատկացվել, որի շնորհիվ Կապանի մի շարք թաղամասերում կկատարվի միակողմանի եւ երկկողմանի ջրընդունիչ հորերի ու սելավատարների կառուցում՝ 15 մլն 300 հազար, բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգում՝ 45 մլն, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 156 մլն 40 հազար,  կամուրջների վերանորոգում՝ 22 մլն 500 հազ․, Օխտարի դպրոցի տանիքի վերանորոգում՝ 20 մլն, Ճակատենի ջրագծի կառուցում՝ 18 մլն, Ձորաստանի ջրագծի վերանորոգում՝ 5 մլն 400 հազար, Շրվենանցի կոյուղագծի կառուցում՝ 13 մլն 500 հազար, Բաղաբուրջ թաղամասի խմելու ջրի ջրատարի եւ ՕԿՋ-ի կառուցում՝ 18 մլն դրամ: «Փոխմարզպետի պաշտոնում աշխատելով՝ հասցրել եմ ծանոթանալ համայնքի խնդիրներին, և որպես առաջնահերթ լուծում պահանջող առանձնացրել էինք նաև դրանք: Թե որքանով է հաջողվել նպաստել այդ խնդիրների լուծմանը, կգնահատի կապանցին», - նշեց Ն.Բաբայանը:

Խոսելով Կապանում առկա բնապահպանական խնդիրներից՝ նա նշեց, որ կփորձեն որոշակիորեն լուծել դրանք: Ն.Բաբայանի խոսքով՝ Կապանն ունի հիասքանչ բնություն, և հարկավոր է օգտագործել նրա պոտենցիալը զբոսաշրջության և այլ ուղղությունների զարգացման համար:

Համայնքի խնդիրներից է նաև աղբահանության կազմակերպումը, որը, ինչպես թեկնածուն է նշում, որոշակիորեն լուծվել է, բայց դեռ անելիք կա: Ներդրողի հետ նախնական պայմանավորվածություն ունեն, ով պատրաստ է տրամադրել աղբատար մեքենա և աղբամաններ, անկախ ամեն ինչից՝ այդ ծրագիրը կփորձեն կյանքի կոչել:

«Առաջադրվելը միայն իմ որոշումը չէր»

Ինչու՞ որոշեցիք համայնքի ղեկավարի պաշտոնի ծանր ու պատասխանատու բեռան տակ ընկնել հարցին Նարեկ Բաբայանը այսպիսի պատասխան տվեց. «Անկեղծ լինենք, իմ քաղաքական թիմը նաև համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվելուս որոշում կայացրեց, այնպես որ դա միայն իմ անձնական որոշումը չէր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նման որոշում կայացրեց, ուստի համայնքի ղեկավարումը միայն իմ բեռը չի լինելու, նաև իմ թիմինն է լինելու: Ավելին՝ այս մի քանի ամիսների ընթացքում մենք ապացուցեցինք, որ ավելի ծանր բեռ ենք պատրաստ մեզ վրա վերցնել»:

«Ավագանու նոր ընտրության պահանջ պետք է ունենա կապանցին»

Նոր Հայաստանում տարածված  խոսք կա, որ տվյալ պաշտոնյայի կամ ավագանու, կամ թեկուզ ԱԺ-ի ընտրությունը տեղի է ունեցել նախորդ իշխանության օրոք, ինչը շատերին թույլ է տալիս թերահավատորեն վերաբերել նրանցից շատերի կատարած աշխատանքին: Ուստի տրամաբանական հարց է առաջանում, թե համայնքի ղեկավարի թեկնածուն արդյո՞ք պատրաստ է նախորդ իշխանության օրոք անցկացված ընտրությունների արդյունքում ընտրված համայնքի ավագանու հետ ծավալել իր գործունեությունը: «Այդ ավագանին նույն ժողովուրդն է ընտրել, ով պիտի ընտրի համայնքի ղեկավար: Կարծում եմ՝ եթե գործող ավագանին փորձի դեմ գնալ այն որոշումներին, որոնք բխում են կապանցիների շահերից, ապա կապանցին, և ոչ թե ես, կունենա օրինական պահանջ նոր ավագանի ձևավորելու: Բայց, իմ կարծիքով, ներկայիս ավագանին կգործի ի շահ կապանցու»:

«Կապանցին պետք է լինի իշխանությունը Կապանում»

Ինչպես գիտենք, «Իմ քայլը» նախաձեռնության գլխավոր նպատակը Հայաստանում իշխանությունը ժողովրդին վերադարձնելն էր, ուստի համայնքի ղեկավարի թեկնածու Նարեկ Բաբայանի՝ Կապանի հետ կապված տեսլականը, նախևառաջ, կապված է հենց դրա հետ: «Մենք ամեն ինչ կանենք, որ կապանցին լինի իշխանությունը Կապանում: Նրա հետ միասին իրագործենք մեր ծրագրերը, և վստահ եմ, մի քանի տարի հետո կապանցին կունենա երազանք՝ կապված հենց Կապանի հետ: Նա այլևս չի փորձի իր երազանքները փնտրել մեկ այլ քաղաքում»:

Իսկ ո՞րն է կապանցու երազանքը

Ունենալ արժանապատիվ աշխատանք հենց Կապանում և դրա շնորհիվ էլ՝ արժանապատիվ կյանք հարազատ քաղաքում, ինչի համար, ինչպես վստահեցնում է համայնքի ղեկավարի թեկնածուն, ջանք ու եռանդ չեն խնայելու: Կապանցին պետք է իր քաղաքում իրեն պաշտպանված զգա, ապրի ավելի մաքուր, ավելի կանաչ բնակավայրում, ինչը, վստահ է, մի քանի տարի հետո կլինի:

Սուղ բյուջեով ինչպե՞ս ի կատար ածել կապանցու երազանքները

«Փոխմարզպետ աշխատելուս ընթացքում հանդիպել եմ թե՛ տեղացի, թե՛ դրսի ներդրողների հետ, ովքեր պատրաստ են այստեղ ներդրումներ կատարել: Կարծում եմ՝ կկարողանանք Կապանում ապահովել ազատ, մրցակցային դաշտ, ինչի շնորհիվ էլ կլրացնենք բյուջեի բացը», - վստահեցնում է Ն.Բաբայանը:

Բացի դրանից՝ նրա խոսքով, միայն տեղական բյուջեով չի սահմանափակվում խնդիրների լուծումը, հարկավոր է ծրագրեր ներկայացնել կառավարություն, այլ կազմակերպություններ, օգտվել սուբվենցիաներից և մի շարք այլ հնարավորություններից:

Մյուս թեկնածուները՝ ոչ թե մրցակից, այլ՝ գործընկերներ

Համայնքի ղեկավարի թեկնածուի խոսքով՝ հեղափոխության, իրենց ողջ պայքարի իմաստն էլ այն էր, որ մեր երկրում լինեն ազատ, արդար ընտրություններ, ապահովվի մրցակցային դաշտ: «Կապան համայնքի ղեկավարի մյուս երկու թեկնածուին ոչ թե մրցակից, այլ գործընկեր եմ համարում և հարգում նրանց: Ովքեր կպայքարեն ազնիվ ու արդար ճանապարհով, հաջողություն եմ մաղթում: Այս պահի դրությամբ, վստահեցնում եմ, մեր իշխանությունն ամեն ինչ կանի, որ Կապանում անցնեն ազատ, արդար ընտրություններ»։

Արմինե Հարությունյան

Լուսանկարները՝ Ն․Բաբայանի ֆեյսբուքյան էջից

16:00 17.10.2018

Ամենաշատ ընթերցվածները