ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Փորձ, պրոֆեսիոնալիզմ, արդյունավետություն
18:00 17.10.2018

Փորձ, պրոֆեսիոնալիզմ, արդյունավետություն

Էդգար Հովհաննիսյանը ծնվել է 1980թ Կապան քաղաքում։

1987-98թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցը։ 1998-2004թթ սովորել է ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում։

2008թ ավարտել է «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավագիտության մագիստրատուրան։ Ունի փիլիսոփայության և իրավագիտության մագիստրոսի աստիճաններ։ 2010թ ստացել է փաստաբանի արտոնագիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։

2004-2006թթ աշխատել է Սյունիքի մարզպետարանում որպես առաջին կարգի մասնագետ։ 2006-2007թթ աշխատել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես տնտեսական անվտանգության գծով մասնագետ։ 2007-2008թթ եղել է «Վայբլ» ՍՊԸ-ի իրավաբանը։ 2008-2012թթ ղեկավարել է Կապանի քաղաքապետարանի իրավաբանական բաժինը, եղել է քաղաքապետի խորհրդական (իրավախորհրդատու)։ 2015-16թթ աշխատել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։

2016թ-ից ղեկավարում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժինը։

2010թ հիմնել է իրավաբանական գրասենյակ և մինչ օրս զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։

Անկուսակցական է, «Իրավական հասարակություն» հկ-ի, «Կապան քաղաքացիական շարժման» համահիմնադիր է, զբաղվում է հասարակական ու բնապահպանական գործունեությամբ։

Գերազանց տիրապետում է ռուսերենին և անգլերենին։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ընտանիքի մասին՝ ինքը

Հայտնի խոսք է՝ երջանիկ է այն մարդը, ով երջանիկ է իր ընտանիքում: Ընտանիքն իմ կյանքում կարևորագույն տեղ է զբաղեցնում, և ուզում եմ ասել, որ երջանիկ եմ իմ ընտանիքում: Կնոջս՝ Աննա Հովսեփյանին, ով մասնագիտությամբ իրավաբան է և աշխատում է Կապանի հարկային տեսչությունում՝ իրավաբան, հանդիպել և սիրահարվել եմ Կապանում: Ամուսնացել եմ 2005թ․, ունեմ երկու որդի՝ Արամե և Վահան: Որդիներս հաճախում են Կապանի թիվ 13 հիմն. դպրոցը, սիրում են զբաղվել սպորտով, նաև սեր ունեն երաժշտության նկատմամբ: Ինչպես հային է բնորոշ, բնակվում եմ ծնողներիս հետ: Հայրս՝ Արամ Հովհաննիսյանը, Գորիսի Կոռնիձոր գյուղից է: Աշխատում է Կապանի կոմունալ տնտեսությունում՝ կարգավար-մեխանիկ, մայրս՝ Սվետլանա Պետրոսյանը, Կապանի Ծավ գյուղից է: Տևական ժամանակ է՝ տնային տնտեսուհի է, իսկ մինչ այդ աշխատել է Կապանի սարքաշինական գործարանում: Ընտանիքում ավագ երեխան ես եմ, ունեմ երկու քույր: Ազատ ժամանակ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ: Ցանկացած նախաձեռնությունում ընտանիքս աջակցում է ինձ, կինս, երբ իմացավ, որ Կապանի համայնքապետի արտահերթ ընտրությանը որոշել եմ առաջադրել թեկնածությունս, բացասական արձագանքեց այն առումով, որ լավ է գիտակցում, թե ինչպիսին է համայնքի ղեկավարի աշխատանքը:

Ինքնառաջադրում․ ինչու՞

Երկրում որոշակի քաղաքական իրավիճակ է փոխվել, և ներկա պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր բաժին պատասխանատվությունը տեսնի համայնքի, մարզի, պետության նկատմամբ: Ունեմ աշխատանքային փորձ, հմտություններ, գիտելիքներ, զբաղեցրել եմ մի շարք պատասխանատու պաշտոններ և համոզված եմ, որ ունեցածս փորձը կարող եմ ի նպաստ բերել մեր համայնքին: Այսօր աշխատում եմ մեկ ընկերությունում, զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ, ծառայություններ եմ մատուցում մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, գիտակցում եմ, որ այդ նույն ճիգը, ջանքը, էներգիան կարող եմ ներդնել և գործել ի նպաստ խոշորացված համայնքի: Կապանցիներին և վարչական տարածքի բնակիչներին հավաստիացնում եմ, որ ի վիճակի եմ պատասխանատու այդ աշխատանքն իմ ուսերին վերցնել և հնարավորը կանեմ, որ մեր տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանան:

Համայնքային խնդիրներ

Առաջին խնդիրը, որ օրակարգային եմ համարում, կապված է համայնքի կառավարման, ավելի ստույգ՝ կառավարման տրամաբանությունը փոխելու հետ: Կարծում եմ՝ այսօր համայնքի բնակիչն այնքան էլ վստահությամբ չի վերաբերվում համայնքապետարանին: Այսօր ասելով՝ նկատի չունեմ հենց այսօր կամ երեկ: Դա տևական ժամանակ տեղի ունեցած պրոցես է, ըստ իս, համայնքապետարանը, բնակիչներից մեկուսանալով, բավականին կտրվել է համայնքային որոշակի խնդիրներից:

Խնդիրները, իհարկե, շատ-շատ են, բայց կարևորում եմ նախևառաջ սա, որ պետք է համայնքի կառավարումը, ռեսուրսների օպտիմալ օգտագործումը և այլն, բերել նոր որակի, պետք է նոր շունչ հաղորդել յուրաքանչյուր ոլորտին, որպեսզի բնակիչ-համայնքապետարան սերտացում լինի:

Համայնքի մեծագույն խնդիրներից եմ համարում բնապահպանական ոլորտում առկա խնդիրը: Նշեմ՝ Կավարտի բաց հանքի տեղանքը, որտեղ թթվային դրենաժը ակներև է, Կավարտ գետը, առհասարակ, բնապահպանական աղետ է: Մտահոգիչ է քաղաքի աղբավայրը, որը դանդաղ գործող ռումբ է մեր խոշորացված համայնքում: Այսօր համայնքը խոշորացման արդյունքում գյուղական բնակավայրեր է իր մեջ ներառում, կարծում եմ, համայնքի ապագա ղեկավարը պետք է ընդգրկված վարչական շրջաններն իր ուշադրության կենտրոնում պահի, և փորձեր անի համաչափ, կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ: Այսօր գյուղացին ունի վառելափայտի խնդիր, իսկ ձմեռը սարերի հետևում չէ: Լուծումներ, պատկերացումներ, իհարկե, ունենք՝ ինչպես եմ տեսնում համայնքը, ինչպիսին պետք է և կարող է լինել այն:

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման, տրանսպորտային ուղիների կահավորանքի հետ կապված խնդիրները ներառել եմ իմ նախընտրական ծրագրում: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ համայնքի բյուջեի հիմնական մասն ուղղվում է աշխատավարձի վճարմանը, և մնացած ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս համայնքում առկա խնդիրները քիչ թե շատ լուծել: Ես այդ միտքը չեմ կիսում: Խոսքս հիմնավորելու համար ուզում եմ փոքրիկ համեմատություն անել. այսօր Կապան համայնքի բնակչությունը մոտ 45 հազար է, իսկ բյուջեն՝ մոտ 1 մլրդ 800 մլն դրամ: Համեմատության համար դիտարկենք Գյումրի համայնքը: Եթե չեմ սխալվում, այնտեղ բնակչությունը 120 հազար է, իսկ բյուջեն՝ 3 մլրդ 357 մլն դրամ: Եթե ուղիղ համեմատական տանենք, ապա ստացվում է, որ մեր համայնքի բյուջեն այդքան էլ փոքր չէ բնակչության թվի հաշվարկով, և, կարծում եմ, հնարավոր է բյուջեում եղած գումարներով, նաև ինչ-որ աննպատակային ծախսեր չանելով, ծրագրեր իրականացնել: Մի պարզ օրինակ բերեմ: Վերջերս հանրությանը հայտնի դարձավ, որ նախկին համայնքապետն ու տեղակալն իրենց անհատական մեքենաները վարձակալության հիմունքներով շահագործել են որպես ծառայողական, որոնց տարեկան սպասարկման գումարը կազմում է x մլն դրամ: Եթե մենք կարող ենք նման ճոխություն թույլ տալ, այսինքն՝ համայնքի բյուջեն ունի նման հնարավորություն, ապա մեքենայի վարձակալությունը հրատապ լուծում պահանջող խնդիր չէր, որ համայնքապետարանը պետք է լուծեր: Փոխարենը, իմ ընտրվելու դեպքում, կնախաձեռնեմ, որ համայնքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները ևս օգտվեն պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթից, ինչը կյանքի կոչելու համար մեծ բան չի պահանջում: Պետք է հնարավորություն ստեղծել, որ այս հատվածի մանկավարժները, աշխատակիցները հնարավորություն ունենան նման ծրագրից օգտվել:

Փոխադարձ համագործակցության համաձայնագրերը՝ սառեցված․ ինչու՞

Մենք ունենք համագործակցության հուշագրեր այլ քաղաքների հետ: Չգիտես՝ ինչու այդ առումով այսօր առանձնակի աշխուժություն չկա, բայց պետք է հիշել, որ, օրինակ, Գլենդել-Կապան քույր քաղաքների համագործակցության ընթացքում Կապանում ինչպիսի միջոցառումներ իրականացվեցին, նույնիսկ աշխատատեղերի խնդիր լուծվեց: Նույնը կարող եմ ասել Բելառուսի Բորիսով քաղաքի մասով: Խոսքս բերում եմ նրան, որ այս ուղղություններով համագործակցությունը վերանայել է պետք, գտնել այն եզրը, ինչը համագործակցության սառեցման վերջնակետ հանդիսացավ, ինչից հետո, հուսով լինենք, որ համայնքի մի շարք ոլորտներում ծրագրերի իրականացման նոր շունչ կլինի:

Աղբից փողը՝ իրատեսական ծրագիր

Այնուամենայնիվ, համայնքապետը մնում է ՏԻՄ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում գործող պաշտոնյա և չի կարող այդ շրջանակից դուրս գործել: Եթե խոսում ենք գործարար միջավայրի մասին, ապա համայնքի ղեկավարի լիազորությունները սահմանափակ են, նա ձեռնարկատիրական գործունեությամբ չի կարող զբաղվել, բայց նպատակային կարող է ցույց տալ, մատնանշել ոլորտներ, որտեղ որ ինքը՝ գործարարը, կարող է տեսնել բիզնես շահ և ներդրումներ կատարել: Մենք գիտենք, որ աղբը եկամտի աղբյուր է: Պետք է ջանքեր չխնայել և գտնել ոլորտում փորձ ունեցող մասնագետներ, ներդնողներ, որպեսզի վերջիններս գան և մեր երկրամասում աղբի վերամշակման գործարան հիմնեն, ինչից մի շարք՝ և՛ էկոլոգիական, և՛ տնտեսական, և՛ զբաղվածության խնդիրներ կլուծվեն: Այսօր մի ծրագիր համայնքապետարանն արդեն իրականացնում է, խոսքս վերաբերում է պլաստիկ շշերի հավաքմանը: Կարծում եմ՝ բիզնես դաշտն իրականում բաց է, գործելու տեղ կա, պարզապես այն զարգացնելու նպատակով պետք է շահեկան, նպաստավոր պայմաններ ստեղծել: Արդյունավետ գործողություններով համայնքում հնարավոր եմ համարում արմատական փոփոխություններ մտցնելը:

Կադրային քաղաքականություն

Նրանք, ովքեր կաշխատեն բարձր պրոֆեսիոնալիզմով, նվիրումով, կշարունակեն աշխատել: Ինքս անկուսակցական եմ և այն պարագայում, որ նույնիսկ համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, իմ կարծիքով՝ ղեկավարը պետք է լինի ապաքաղաքականացված անձնավորություն: Նա իր գործունեությամբ պետք է կաշկանդված չլինի որևէ մեկի, ինչ-որ կուսակցական շահերի պատճառով: Բազմաբնակավայր համայնքի ղեկավարը պետք է օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում գործի ազատ: Ասեմ, որ քաղաքապետարանում աշխատած ժամանակահատվածում ծանոթացել և անձամբ ճանաչում եմ անձնակազմի հիմնական կորիզին: Լավ մասնագետներ այնտեղ կան, նոր ոգևորությամբ իրենց ունակությունները, գիտելիքները կարող են ի նպաստ դնել համայնքային աշխատանքում: Իսկ այն մարդիկ, ովքեր չեն դիմանա այն տեմպին, որ իմ ընտրվելու դեպքում հաղորդվելու է համայնքապետարանին, կարծում եմ, նրանք չեն կարող շարունակել աշխատել: Եվ ով ուզում է լինի, պետք է յուրաքանչյուր մարդ իր տեղում իր դերը, պարտականությունները կատարի:

Գնահատական և մաղթանք

Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունում առաջադրված մյուս երկու թեկնածուին անձնապես ճանաչում եմ: Համարում եմ, որ յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է ընտրվելու և ընտրելու: Երկուսին էլ համարում եմ մրցակից, և, համոզված եմ, որ նախընտրական մրցակցության փուլում պետք է շահի և հաղթի համայնքը: Մեկս մյուսին հաղթելու կամ պարտության մատնելու խնդիր չունենք, համենայնդեպս, իմ առաջ նման խնդիր չեմ դրել: Նույնիսկ այս մրցակցության միջև զարգացում եմ ուզում տեսնել: Այո՛, ես, որպես Կապան համայնքի բնակիչ, պատրաստակամ եմ իմ ուժերի ներածին աշխատանքի չափով ջանասիրաբար աջակցել համայնքին, որպեսզի այն զարգանա, բարգավաճի:

Սաթինե Գևորգյան

18:00 17.10.2018