ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կառուցենք, նորոգենք, շենացնենք
19:00 17.10.2018

Կառուցենք, նորոգենք, շենացնենք

Գևորգ Փարսյանը ծնվել է 1985թ Կապան քաղաքում։

1992-2002թթ սովորել է Կապանի թիվ 3 և 1 միջնակարգ դպրոցներում, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կապանի հենակետային վարժարանում։ 2002թ ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ 2004-2006թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2009թ ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի բակալավրիատը։ 2014թ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի «Տնտեսական քաղաքականություն և իրավունք» բաժինը։

2009թ-ից աշխատել է «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։ 2014թ-ից «Ռազբիլդինգ» ընկերության գլխավոր տնօրենն է։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ամուր ընտանիքը՝ առաջընթացի գրավական

«Կարծում եմ՝ ցանկացած հայ տղամարդու համար հայոց բանակում ծառայելուց հետո առաջնահերթ նպատակը ընտանիք կազմելն է, սկզբում ընտանիքը, հետո՝ մնացյալը: Յուրաքանչյուրիս կյանքի ողջ գործունեությունը ընտանիքի շուրջ է հիմնված, ծառայել ընտանիքին, աշխատել ընտանիքի համար, լինել ավանդական ընտանիքի զավակ», - ասում է Կապանի համայնքապետի թեկնածու Գևորգ Փարսյանը: Փարսյանների ընտանիքի ավագ որդին իր առջև դրված այս նպատակները արդեն իրականացրել է. ծառայել է, ընտանիք կազմել, այժմ 2 դստեր հայր է: Կնոջ՝ Հասմիկ Նավասարդյանի խոսքով՝ Գևորգը, աշխատանքային բազմազբաղության մեջ լինելով, երբեք չի անտեսել ընտանիքը, նրա պակասը երբեք չեն զգացել. կարողացել է աշխատանքին ու ընտանիքին համապատասխան ժամանակ հատկացնել: 

Որոշմանը՝ թեկնածությունը առաջադրել որպես Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավար, ընտանիքում ոչ ոք չընդդիմացավ. գիտեն նրա բնավորությունը՝ համառ է, նպատակին հասնող:

«Միայն Գևորգի առողջության մասին եմ մտածում. ինքն իր առջև դրված նպատակներին և իրեն վերապահված աշխատանքը կատարելու համար կարող է իրեն չխնայելով  ինքնամոռաց աշխատել: Վստահ եմ՝ ինչպես իր ընտանիքին ու ընկերներին է նվիրված, այնպես էլ իր հարազատ քաղաքին կծառայի մեծ պատասխանատվությամբ», - ասում է մայրը՝ Սուսաննա Համբարձումյանը: 

«Կապանը սիրել եմ ծնված օրվանից»

Կապանը առանձնակի սիրով է սիրում, ունենալով բազմաթիվ հնարավորություններ մայրաքաղաքում կամ այլ վայրերում ապրելու և աշխատելու, Գևորգն, այնուամենայնիվ, վճռել է Կապան գալ. այստեղ  ընտանիք կազմել, հաստատվել: Մայրը հիշում է․ ինչպես էր ուսանողության տարիներին ամենօրյա զրույցի ընթացքում առաջնահերթ հարցնում Կապանից, ինչ ձեռքբերում կամ ինչ խնդիր կա:

«Ենթադրում եմ՝ Կապանը սիրել եմ ծնված օրվանից, ինձ համար այստեղից լավ տեղ չկա, այն կարծես առանձին թագավորություն լինի», - ասում է Գևորգ Փարսյանը:  

Համայնքապետի թեկնածու առաջադրվելու որոշումը միայնակ չի կայացրել, այստեղ մեծ նշանակություն ունեցավ նաև ընկերների, հարազատների, համաքաղաքացիների ցանկությունը՝ տեսնել նրան այդ պաշտոնում:  

«Բացի դրանից՝ ես ունեմ մեծ կամք ու ցանկություն և ուզում եմ անել ամեն ինչ ի շահ մեր քաղաքի, մեր բնակչության, այնպիսի հետք թողնել մեր քաղաքի կյանքում, որը վաղը կարողանամ դրանով հպարտանալ, զգալ, որ իմ համայնքի համար մի ծառայություն կատարել եմ», - նշում է համայնքապետի թեկնածուն:

Դժվարացավ առանձնացել համայնքային խնդիրները, ասում է՝ և՛ գյուղերում, և՛ քաղաքում չլուծված բազմաբնույթ խնդիրներ կան:

«Գյուղացու համար առաջնահերթը ոռոգման ջրի հարցն է, վառելափայտի ձեռքբերումը, գյուղացին դաշտերը մշակելու համար չունի անհրաժեշտ տեխնիկա: Այս ընթացքում ավելի մոտիկից ծանոթանալով այդ խնդիրներին, զրուցելով մեր բնակիչների հետ՝ զգացի, որ նյութականից բացի նաև բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման խնդիր ունենք: Գիտե՞ք, նյութականը ավելի հեշտ է լուծել, բայց այսօր մարդիկ, հատկապես գյուղերում, նաև բարոյապես են լքված, փորձելու եմ նաև այդ մթնոլորտը փոխել, որ յուրաքանչյուր ոք իրեն զգա լիարժեք քաղաքացի և տեր մեր համայնքում: Մենք բոլորս պետք է մի նպատակ հետապնդենք՝ մեր քաղաքի ու գյուղերի համար միայն դրական քայլեր կատարենք, բոլորս ձգտենք զարգացնել մեր համայնքը, իսկ դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե համախմբվենք»: 

Համայնքի զարգացման տեսլականը

Համայնքի ղեկավարի թեկնածուի՝ քաղաքի զարգացման տեսլականում սպորտն ու մշակույթը առաջնայիններից են: Ասում է՝ յուրաքանչյուր քաղաք, երկիր ճանաչելի է դառնում հանրությանն առաջնահերթ մշակույթի և սպորտի միջոցով, այն այցեքարտ է, որը քաղաքի անունը միջազգային հարթակներում բարձրացնելու մեծ հնարավորություն է տալու:

«Բոլորս գիտենք, որ մեր համայնքի միջոցները շատ սուղ են, և հարկավոր է նաև արտաքին դոնորներ ընդգրկել, որ կարողանանք որևէ խնդիր լուծել և զարգացնել Կապանը, համագործակցություն և՛ տնտեսվարող սուբյեկտների, և՛ միջազգային կազմակերպությունների հետ: Կարևորում եմ նաև պրոֆեսիոնալ աշխատակազմը, միայն համայնքապետը ինքն իրենով այդ խնդիրները չի կարող լուծել, հատկապես որ Կապանը միշտ խելացի կադրերի ընդգրկվածության ներուժ է ունեցել: Մենք բազմաթիվ երիտասարդներ ունենք, ովքեր լսվելու, ընկալվելու, աջակցության կարիք ունեն, և եթե ղեկավար հարթակներում վստահեն այդ երիտասարդությանը և հնարավորություն տան իրականացնել իրենց ծրագրերը, մենք դրանով ևս կնպաստենք համայնքի զարգացմանը»:

Միայն առողջ մրցակցություն

Մրցակիցներիս մաղթում եմ արդար ու պարկեշտության սկզբունքներով մրցակցություն, առանց սև փիառի:

Արփինե Հարությունյան

19:00 17.10.2018

Ամենաշատ ընթերցվածները