ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսում բացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը
12:30 19.10.2018

Գորիսում բացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը

Անկախ պետությունների համագործակցության կողմից մշակութային մայրաքաղաք հայտարարված Գորիսում հոկտեմբերի 18-ին բացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը:

Ներկայացվեցին Սյունիքի, ինչպես նաև ԱՊՀ պետություններից ժամանած արհեստագործների, վարպետների աշխատանքները: Գորիս ժամանած զբոսաշրջիկների, միջոցառման հյուրերի և Սյունիքի բնակչության համար կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք:

Ծրագրի նախաձեռնողը «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար,մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ,արվեստագիտության թեկնածու Լիլիթ Մելիքյանն է: Նա նշեց, որ «Իմ Հայաստան» ծրագրի և «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ գործունեության շնորհիվ ծրագիրը իրականություն դարձավ: «Ազգագրության ինստիտուտի շնորհիվ ծանոթացանք Հայաստանի գրեթե բոլոր շրջանների վարպետների հետ:  Այս ընթացքում նրանց այցելելով՝  նոր ծրագրեր կազմեցինք: Մենք ունենք հրաշք վարպետներ, բայց նրանք անում են միայն այն, ինչ գիտեն և ոչ այն՝ ինչը միգուցե կվաճառվի կամ ավելի ճիշտ՝  կներկայացնի ազգային մշակույթը: Մեզ հետ միասին իրենք ստեղծեցին արտադրանք, որն ավելի մոտ է հայկական ձեռարվեստի գաղափարին, և կարողացան ավելի լավ ներկայացնել հայկական մշակույթը: Ծրագրի նպատակն էր վարպետներին ի հայտ բերել, նրանց հասցնել մի որոշ մակարդակի, որից հետո նրանք կունենան իրենց գնորդները»,- ասաց նա:

Լիլիթ Մելքոնյանը կարևորեց ազգային փոքրամասնությունների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին. «Մենք երբեք չենք ներկայացրել ծրագիր միայն հայերի համար, ցուցադրել ենք նաև ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ իրենց տարազների և այլ արտադրանքների հետ միասին: «Տերյան» մշակութային կենտրոնը ուներ բազմաթիվ վարպետներ, որոնք  ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ են և ապրում են Հայաստանում: Այստեղից ծագեց գաղափարը՝ նույն մշակույթը կիսողների հետ միասին սյունյաց վարպետների աշխատանքների ցուցադրություն կազմակերպելը»:

«Տերյան» մշակութային կենտրոնի և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի կողմից ներկայացված ձեռագործ աշխատանքների մասին խոսեց ասեղնագործություն դասավանդող, մանկավարժ Լուսինե Մխիթարյանը«Փառատոնին ցուցադրում ենք երեխաների կողմից արված ասեղնագործ աշխատանքներ, ինչպես նաև Իսկուհի Սարգսյանի հայկական ասեղնագործ ժանյակները ՝մասնավորապես կրծքազարդեր,  ձեռնոցներ»,- ընդգծեց նա:

Փառատոնին ներկայացված էին նաև տիկնիկագործ Սուսաննա Գրիգորյանի աշխատանքները. «Իմ  նպատակն է տիկնիկների միջոցով յուրօրինակ ձևով փոխանցել  ազգային զարդանախշերը: Իրենք կրում են մասնիկներ, որոնք կարող  ենք տեսնել գորգագործության, կարպետագործության մեջ»,- նշեց նա:

Ուկրաինական համայնքի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը պատմեց տաղավարում ցուցադրված  ազգային տարազների, ուտեստների, տիկնիկների, ասեղնագործ բլուզների մասին, որոնք արվել են ուկրաինական համայնքի կանանց կողմից:

Փառատոնի ողջ ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն ստացան 
ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ–կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևորումներին, կարողացան ինքնուրույն փորձել իրենց հետաքրքրող արհեստները:

Մշակութային օրն ավարտվեց Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝  ֆրանսիացի ժամանակակից գրող Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսի առաջնախաղի ցուցադրությամբ:

Աղբյուրը՝ ARMENPRESS

12:30 19.10.2018

Ամենաշատ ընթերցվածները