ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ընտանիքում դեռ սպասում են
19:00 25.10.2018

Ընտանիքում դեռ սպասում են

Մարտուն Օհանի Բադալյան

Ծնվել է 1951թ․ մարտի 4-ին Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում: Բանվորական ընտանիքից է։ 1958թ․ հաճախել է Կապան քաղաքի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1962թ․ տեղափոխվել է N27 գիշերօթիկ դպրոց։ 1969թ․ ավարտել է միջնակարգ կրթությունը և ընդունվել Քաջարան քաղաքի շինարարական տեխնիկումը։ Վերջին կուրսից զորակոչվել է ԽՍՀՄ բանակ։ 1972թ․ ծառայությունից հետո ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ 1978թ․ ավարտել է ինստիտուտի դասընթացը և աշխատանքի ընդունվել Կապանի ավտոձեռնարկությունում։ 1979թ․ Կապանի ավտոդպրոցի առաջարկով տեղափոխվել է աշխատելու որպես դասավանդող։ Այնուհետև աշխատել է Քաջարանի կոմունալ տնտեսությունում՝ որպես ինժեներ-մեխանիկ։ Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 դուստր։

Մարտական ուղին

1992թ․ ապրիլի 24-ին հայ-ադրբեջանական հակամարտության սրման պատճառով կամավոր անդամագրվել է Կապանի ինքնապաշտպանական գումարտակին։ Եղել է գումարտակի հրամանատարի առաջին տեղակալ։ Մարտունը հատկապես աչքի ընկավ 1992թ․ դեկտեմբերի 10-ի օպերացիայի ժամանակ։ Ազատագրեցին  Ղազանչի, Աղքենդ, Ջամբար գյուղերը։ 1993թ․ հունվարի 1-ից ծառայությունը շարունակեց Կապանում ստեղծված ՀՀ ՊՆ թիվ 97-րդ ԱՄՀԲ-ում, որպես 3-րդ ՄՀԳՄ-ի հրամանատարի տեղակալ։ 1993թ․ մայիսի 6-ին նշանակվում է նույն բրիգադի 6-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար։ Ղեկավարում  է Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ գյուղերի պաշտպանական մարտերը։ Ղեկավարել է նաև ԱՀ-ի Կուբաթլուի, Զանգելանի, Հորադիզի տարածքերի ազատագրման մարտական գործողություններին։ 1994թ․ հունվարի 7-ին Հորադիզ կայարանի մերձակայքում մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորել  է։

Մարտունը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև մի շարք գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

«Հայրս մի օր կծեծի դուռը»

Ընտանիքը  չի  դադարում  սպասել նրա վերադարձին, փորձել են իրենց սեփական  ուժերով և նախաձեռնությամբ  գտնել  նրան։ Տիկին Սիլվային տարբեր վարկածներ են հասել ամուսնու գտնվելու վայրի մասին։ Ճանապարհները տանում են այնտեղ, թե Մարտունը գտնվում է Բաքվի բանտերից մեկում։ Աղբյուրները տարբեր էին, ինչ-որ տեղ նաև համոզիչ, և հենց այդ լուրերի հետքերով է քայլել կինը։ Մի քանի անգամ հասել է  Բաքու։ Որոշ մարդիկ Բաքվում որոշակի գումարի դիմաց խոստացել էին կապ հաստատել Մարտունի հետ։ Խոստանում էին դուրս բերել նրան բանտից, բայց երբ հարցը հասնում էր գործարքին, պատճառաբանում էին, թե Մարտունին տեղափոխել են։ Բաքվում նաև գերիների փոխանակման տարբերակ էին առաջարկել։ Տիկին Սիլվան պետք է գտներ  նրանց նշած 3 հոգուց գոնե մեկին։ Նա կարողացավ գտնել Ղարաբաղի բանտերից մեկում գտնվող գերիներից մեկին և այդ մասին հայտնելով՝ Բաքվում սպասում էր փոխանակման, ինչն այդպես էլ իրականություն չդարձավ։ Չցանկացան, պատճառաբանեցին, որ այն գերին, ում գտել է տիկին Սիլվան, աղքատ է, և նրանից չեն կարողանա մեծ գումար վերցնել։

Հարցին, թե արդյոք տիկին Սիլվան այս տարիների ընթաքում կորցրել է հավատը կամ դադարել է սպասել ամուսնուն, պատասխանեց․ «Ամեն օր սպասում եմ ամուսնուս։ Հույսը վերջինն է մեռնում, երազում շատ եմ տեսնում նրան։ Տեսնում եմ ողջ, տուն վերադառնալիս։ Եթե անգամ հուսալքությունը մոտենում է ինձ, ապա օգնության է գալիս ապավենս՝ աղջիկս, ով երբեք թույլ չի տա մեզանից որևէ մեկին այլևս չսպասել Մարտունին»։

«Հիշում եմ մի դեպք, երբ ընտանիքի բարեկամներից մեկը, հիշելով զոհված ազատամարտիկներից մի քանիսին, ինձ նայեց և զոհվածների շարքին դասեց նաև հայրիկիս։ Ես չկարողացա զսպել իմ զգացմունքները։ Միանգամից կտրեցի նրա խոսքը, ասացի, որ իմ հայրը չի զոհվել, նա ապրում է», - արցունքները խեղդելով՝ պատմեց Գոհարը, ով  ամենաշատն է հավատում հոր վերադարձին։ Ամեն վայրկյան սպասում է նրա՝ տան դուռը ծեծելուն։

Ավագ որդին՝ Դավիթը,  շատ բան չկարողացավ պատմել։ Նկարագրեց, որ երբ հայրը ճաշելու էր գալիս, հանգիստ չէին թողնում նրան։ Երեք երեխաներն էլ  նստում էին հայրիկի ոտքերին, ուսերին կամ ձեռքերին՝ որտեղ կպատահեր, և նա չէր բարկանում, նրան անգամ հաճելի էր։

Մարտունը ազատ ժամանակ գրեթե չէր ունենում։ Չէր սիրում տանը մնալ։ Ազատ ժամեր ունենալու դեպքում ընկերների հետ նարդի, շախմատ էր խաղում։

Մարտունը սիրում էր իր ընտանիքը

Կապանի տարածաշրջանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը Մարտունին հիշում է դեռևս ավտոդպրոցից։ Իր ուսուցիչն է եղել, խստապահանջ էր իր աշակերտների նկատմամբ։ Մարտական ընկերներ չեն եղել, քանի որ ծառայել են տարբեր գումարտակներում։

Մարտունի մարտական ընկերներից Սպարտակ Ստեփանյանը  նրան ճանաչում է 1992թ․ մայիսի սկզբից՝ Կապանում ստեղծված ինքնապաշտպանական գումարտակում համատեղ ծառայության տարիներից։ «Մարտունը այդ ժամանակ դասակի հրամանատար էր և կատարում էր հրամանատարի առաջին տեղակալի պարտականությունները։ 1992թ․ դեկտեմբերի 10-ին մի փոքրիկ հարձակողական օպերացիա կազմակերպեցինք՝ վերացրինք Օռած քարից մինչև Ճակատեն՝ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ 1993թ․ ապրիլի 10-ին Մարտունը մասնակցել է Ներքին Հանդ, Սրաշեն գյուղերի ազատագրմանը։ 1993թ․ մայիսի 8-ին Պաշտպանության նախարարի հրամանով Մարտուն Բադալյանը նշանակվում է 97-րդ բրիգադի 6-րդ գումարտակի հրամանատար, - պատմեց Սպարտակ Ստեփանյանը և մտասուզված իր հիշողությունների գրքի էջերում՝ շարունակեց, - 1993թ․ հոկտեմբերի 29-ին գումարտակը հրաման է ստանում մասնակցելու Զանգելանի ազատագրմանը։ Մարտուն Բադալյանի հետ մենք պատվով կատարեցինք այդ խնդիրը։ 1994թ․ հունվարի 5-ին հրաման ենք ստանում գումարտակը տեղափոխել ռազմաճակատի Հորադիզի հատվածը։ Վերջին անգամ Մարտունին հենց այդ օրն եմ տեսել, և մինչև օրս աչքս ճանապարհին է»։

Սպարտակը պատմեց Մարտունի ծառայության տարիներից․ «Մարտունը սիրում էր իր ընտանիքը, բայց պատերազմի տարիներին օրերով և շաբաթներով շտաբից տուն չէր գնում։ Շտաբը գտնվում էր Շիկահող գյուղում։ Ամեն օր ստուգում էր բոլոր դիրքերը։ Չեմ տեսել մի դեպք, որ Մարտունը ձայն բարձրացնի զինվորներից մեկի վրա։ Լինում էին կարգապահական խնդիրներ ժամկետային զինծառայողների շրջանում, Մարտունը դրանց լուծումը տալիս էր հայրաբար և արագ։ Չի եղել մի օր, որ զինվորներինց որևէ մեկը քաղցած մնա կամ ունենա ծառայության հետ կապված այլ խնդիր։ Սրտացավ էր բոլորի նկատմամբ և ամեն պահ պատրաստ մարտի դաշտ մեկնել»։

Միայն աղբահանության վճարի 50 % զեղչ

Անցել է 24 տարի, հուշերով սնվող ընտանիքը, ինչպես բոլորը, շարունակում է իր բնականոն հունով  ապրել։

Դավիթը՝ մեծ որդին, ամուսնացել է, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Որդուն կոչել է հայրիկի անունով՝  Մարտուն, իսկ դստերը՝ մայրիկի՝ Սիլվա։ Գոհարը նույնպես ամուսնացել է։ Ունի 2 երեխա։ Էդգարը չի ամուսնացել։  Տիկին Սիլվան թոշակի է անցել։ Զբաղվում է թոռնիկների դաստիարակությամբ։

Պետության կողմից Մարտունի ընտանիքը թոշակ, որևէ օժանդակություն չի ստացել։ Կինը՝ տիկին Սիլվան, միայնակ է մեծացրել 3 անչափահաս երեխաներին՝ Դավիթին, Էդգարին և Գոհարին։ «Կարմիր խաչ» կազմակերպության միջամտությամբ ընտանիքին 20 տարով անտոկոս վարկ են տրամադրել։ Վարկի տրամադրած գումարը օգտագործել են բնակարանի վերանորոգման և կահավորման նպատակով։ «Կարելի է ասել միակ օգնությունը, որ ստանում ենք պետության կողմից, աղբի ամսավճարի 50% զեղչն է», -  ասում  է տիկին Սիլվան։

Սառա Ալավերդյան

19:00 25.10.2018