ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին
13:00 02.11.2018

Մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Մեղրիի նախկին քաղաքապետի և վերջինիս տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ առաջադրվել են մեղադրանքներ։

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 1328-Ա որոշմամբ սահմանվել է փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող ինֆեկցիոն մասնաշենքը, «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող՝ Մ. Օհանջանյան 92 հասցեում գտնվող չշահագործվող շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը վերակառուցել որպես բնակելի շենքի և սեփականության իրավունքով տրամադրել 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին։

Աղբյուրի փոխանցմամբ, ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեղրիի նախկին քաղաքապետը և նրա տեղակալը, ով հանդիսացել է նաև «Մեղրի» հիմնադրամի տնօրեն, անտեսելով բնակարաններն անհատույց տրամադրելու՝ կառավարության որոշման իմպերատիվ պահանջները, Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան 92 և 92/1 հասցեում գտնվող անհատույց տրամադրվող շինությունները բնակելի տարածքի վերակառուցելու, բնակարան ստացող շահառուների ցուցակում ընդգրկելու և բնակմակերես հատկացնելու դիմաց, բնակարանի կարիք ունեցող երիտասարդ 8 ընտանիքներից պահանջել են «Մեղրի» հիմնադրամի հաշվին վճարել իրենց կողմից կամայականորեն որոշված 1 քմ-ի դիմաց 26.000-36.000 ՀՀ դրամ գումար։ Բացի այդ, շահառուների ցուցակում ընդգրկել են բնակարանի կարիք չունեցող և/կամ/ երիտասարդ չհամարվող ու չամուսնացած 14 անձանց ու նրանց տրամադրել են բնակարաններ։

Այսպիսով՝ նախնական քննության տվյալներով՝ բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքները հրաժարվել են վճարել և ստանալ անհատույց կարգով իրենց հասանելիք բնակարանները, իսկ բնակարանի կարիք ունեցող 8 երիտասարդ ընտանիքներ վճարել են ընդհանուր 17,556,710 ՀՀ դրամ գումար՝ իրենց անհատույց կարգով հասանելիք բնակարանները ստանալու համար, իսկ նշված ծրագրի շահառու չհանդիսացող 14 ընտանիք ստացել է բնակարաններ:

«Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է նշված ժամանակահատվածում Մեղրի համայնքի ղեկավարի և նրա տեղակալի ինքնությունը, անհատականացվել գործողությունները, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել նշված ժամանակահատվածում Մեղրի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս տեղակալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնում են կոմիտեից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 02.11.2018

Ամենաշատ ընթերցվածները