ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սիսիան համայնքի խոշորացման միամյակը
21:00 05.11.2018

Սիսիան համայնքի խոշորացման միամյակը

Սիսիան բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ․ հունիսի ՀՕ-93-Ն օրենքի համաձայն:

2017թ․ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Սարգսյանը: Համայնքի ՏԻՄ-ն իր լիազորությունները ստանձնել է նոյեմբերի 13-ին: Ավագանին բաղկացած է 15 անդամից։

Վարչական տարածքը կազմում է 123380 հա (1234 քառ. կմ), որից 112416 հա՝ գյուղատնտեսական նշանակության հողեր, այդ թվում՝ 18005 հա վարելահող:

Համայնքն ընդգրկում է 32 բնակավայր (2 քաղաք, 30 գյուղ), կենտրոնը Սիսիան քաղաքն է: Բնակավայրերից 7-ը (Արևիս, Թանահատ, Թասիկ, Մուծք, Նժդեհ, Շաղատ, Սալվարդ) ըստ ՀՀ կառավարության 27.11.1998թ. թիվ 756 որոշմամբ հաստատված ցանկի՝ համարվում են սահմանամերձ:

Համայնքում հաշվառված բնակչության թիվը կազմում է 30988 մարդ:

Գրանցված գործազուրկների թիվը՝ 901, այդ թվում կանայք՝ 620, տղամարդիկ՝ 281:

Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը՝ 598: Նպաստի համակարգում ընդգրկվածների թիվը՝ 728: Հաշմանդամություն ունեցող անձանց թիվը՝ 1600:

Համայնքի 2018թ. բյուջեն կազմում է 1 մլրդ 35 մլն դրամ, որից սեփական եկամուտներ՝ 334 մլն 285 հազ., 10 ամսվա եկամուտների կատարողականը՝ 86,6 տոկոս: Բյուջեի ծախսային մասի մեջ աշխատավարձի տեսակարար կշիռը կազմում է 63.9 տոկոս:

Խոշորացման արդյունքում ստեղծվեց կառավարման նոր համակարգ, համայնքի ղեկավարները փոխարինվեցին վարչական ղեկավարներով, զգալիորեն կրճատվեց աշխատակիցների թիվը: Խոշորացված համայնքը նախկին գյուղական բնակավայրերից ժառանգեց 84 մլն 911 հազար դրամ պարտք, 73 մլն 814 հազար դրամ՝ աշխատավարձի, 4 մլն 207 հազար՝ այլ պարտքեր: 2018թ․ նախատեսված մի շարք աշխատանքների փոխարեն բյուջեից գումար ուղղվեց ժառանգություն ստացած պարտքի մարմանը:

Համայնքում տնտեսության ծավալում գերակշռողը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որոշ կշիռ ունեն նաև սննդամթերքի և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները:

Զարգացած է գյուղատնտեսությունը, որտեղ գերակշռող ծավալը բաժին է ընկնում անասնապահությանը, հացահատիկային մշակաբույսերի ու կարտոֆիլի աճեցմանը:

Բնակչության շուրջ 80 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Գերակա այս ոլորտի զարգացման համար իրականացվում են մի շարք ծրագրեր: Նշենք, որ համայնքի խոշորացումից հետո ոչ միայն նոր ծրագրեր են մշակվել, այլև նախկինում թերի մնացած բոլոր ծրագրերը, համայնքի ղեկավարի և համայնքապետարանի հետևողականության շնորհիվ, նոր թափ են ստացել  և կյանքի կոչվել: Սիսիանի խոշորացված համայնքը միացել է նաև «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» և «Քաղաքապետերի դաշնագիր-Արևելք» ծրագրերին:

«Նախքան համանքի խոշորացումը, լինելով Սիսիանի քաղաքապետ, հնարավորինս փորձել եմ ուսումնասիրել գյուղերում առկա խնդիրները, խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու դեպքում պլանավորել իմ հետագա աշխատանքը: Խոշորացումից առաջ և հետո բնակավայրեր կատարած իմ այցերի ու բնակիչների հետ ամենօրյա շփման շնորհիվ հասկացա, որ տեղերում կան տարիների պատմություն ունեցող խնդիրներ, որոնք բարձրաձայնման և հրատապ լուծման կարիք ունեն, - ասում է համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, - համատարած խնդիր ունենք դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման, ոռոգման ցանցերի բարելավման, միջբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման և այլն, այսինքն՝ խնդիրներ, որոնք միայն համայնքային բյուջով լուծել հնարավոր չէ: Սակայն բյուջեի սուղ միջոցները չաշխատելու պատճառ չեն: Ռազմավարություն է մշակվել մեր ծրագրերը դոնոր կազմակերպությունների ուշադրությանն արժանացնելու, հովանավորներ գտնելու, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու, սուբվենցիոն ծրագրեր մշակելու համար»։

Ամփոփելով համայնքի խոշորացման միամյակը՝ կարելի է ասել, որ այն հարուստ էր զարգացման  ծրագրերով, արդարացված և, ինչու չէ, նաև չարդարացված սպասելիքներով:

Ջրամատակարարման նոր համակարգեր

Համայնքում գյուղատնտեսության զարգացման համար առաջնահերթ խոչընդոտներից է համարվում ոռոգման համակարգերի մաշվածությունը: Խնդրի լուծման ուղղությամբ «ՀայՋԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել լայնածավալ ծրագիր: Սիսիանում, Դարբասում, Տոլորսում, Հացավանում, Թասիկում և Ույծում կկատարվեն ջրամատակարարման համակարգերի բարելավման, վերանորոգման, բաշխիչ ցանցերի կառուցման, Մուխութուրյան-Թասիկ ջրատար համակարգի վերանորոգման աշխատանքներ` մոտ 1 մլրդ 25 մլն դրամ արժողությամբ: Համայնքապետարանը մի շարք բարեգործական կազմակերպությունների ուշադրությանն է ներկայացրել նաև Մուծք բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման խնդիրը, ինչը դրական արդյունք է տվել, և առաջիկայում համայնքի համաֆինանսավորմամբ կկառուցվի գյուղի ոռոգման ցանցը՝ ապահովելով 32 հա բանջարաբոստանային կուլտուրաների և 50 հա հացահատիկային մշակաբույսերի լիարժեք ոռոգում:

Վարչապետի ուշադրությանը ներկայացված խնդիրներ

Հոկտեմբերի 19-ին Սյունիքի մարզպետարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ Արթուր Սարգսյանը ներկայացրեց համայնքում առկա մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Նա մտահոգություն հայտնեց, որ տանիքների և կանգառների վերանորոգմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը չի հաստատվել, մինչդեռ բազմաբնակարան շենքերից մոտ 68-ի տանիքները նորոգման ենթակա են (ծրագրով ներկայացված է եղել առավել վատ վիճակում գտնվող 4 շենք): Նա խնդրեց Նիկոլ Փաշինյանին հարցն ուսումնասիրել՝ հավելելով, որ համայնքի բյուջեն թույլ է տալիս գոնե 50 տոկոս համաներդրմամբ իրականացնել այդ աշխատանքը: Համայնքի ղեկավարը խոսեց նաև վերջերս Շաղատ, Թանահատ, Սալվարդ, Թասիկ և Հացավան բնակավայրերում բռնկված մեծ հրդեհների պատճառած մոտ 18 մլն դրամ վնասի փոխհատուցման մասին: Հերթական անգամ ներկայացվեցին Սիսիանի Ֆիզկուլտուրնիկների 6 և Գայի 7 վթարային շենքերի խնդիրները: Ի դեպ, Ֆիզկուլտուրնիկների 6-ը 4-րդ կարգի վթարային շենք է, որը քանդման ենթակա է, իսկ բնակիչներին բնակարաններով ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 210 մլն դրամ:

Անցնող մեկ տարին իսկապես «հարուստ» էր աղետներով, վերը նշված մեծ հրդեհներից բացի, լուրջ վնասներ էին պատճառել նաև գարնանը տեղացած հորդառատ անձրևները՝ Նժդեհ, Բալաք, Շաղատ, Հացավան, Թասիկ և այլ բնակավայրերում վնասելով ջրագծեր, ողողելով պտղատու այգիներ, ցանքատարածություններ: Համայնքապետարանը «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աջակցությամբ Շաղատում, Թասիկում և Հացավանում հեղեղումների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ է կատարել, վերականգնվել են քանդված կամուրջները, բարեկարգվել ճանապարհները։ Վերականգնվել է նաև դեպի Արևիս տանող կենսական նշանակության ճանապարհահատվածը:

Գյուղատնտեսական ծրագրեր

Այս ոլորտը զարգացնելու, գյուղը գյուղացու համար հարմարավետ դարձնելու նպատակով մի շարք ծրագրեր են իրականացվում: Համայնքի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման» ծրագրին մասնակցության հայտ է ներկայացվել կոմունալ ծառայության բարելավման և տեխնիկայի ձեռքբերման նպատակով՝ 212 մլն 500 հազ. դրամ արժողությամբ:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հկ-ի հետ, համաֆինանսավորման սկզբունքով, «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակում Մուծքում, Ույծում, Դարբասում և Բռնակոթում իրականացվում են արոտավայրերի բարելավման և ջրելատեղերի կառուցման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել նոյեմբերին, ծրագրի ընդհանուր արժեքը 18 մլն 161 հազար դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 8 մլն 515 հազար: ՌԶԳ-ի և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կկառուցվի նաև մսի վաճառքի տաղավար՝ ֆերմերներին ազատելով փողոցներում և օրենքով արգելված վայրերում մսի վաճառք իրականացնելու գլխացավանքից: ՌԶԳ-ի հետ համատեղ Շաքիում, Բռնակոթում և Աշոտավանում կիրականացվի նաև 3 մլն 761 հազ․ դրամ արժողությամբ «Դեգրետացված արոտավայրերի վերականգնում» ծրագիրը՝ յուրաքանչյուրում՝ 15 հա: Բալաք և Որոտնավան բնակավայրերում ևս ջրխմոցներ են կառուցվում՝ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԳԾԻԳ) աջակցությամբ: Նախիրը հեռագնա արոտ հասնելու համար անցնում է միջինը 2-3 կմ, կաթնատվության բարձր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է ջրի բավարար քանակ, որը, սակայն, ջրխմոցների բացակայության պարագայում չի ապահովվում: Թե՛ Բալաքում, թե՛ Ույծում բնակիչներն իրենց ուժերով փորձել են ինքնաշեն խմոցներ տեղադրել՝ սարերից իջնող ջրերը հավաքելու համար, որոնք երբեմն անարդյունավետ են եղել: Վերոնշյալ ծրագրերի շնորհիվ կառուցված մնայուն խմոցները անասուններին կապահովեն մշտական ջրով. «Հեռագնա արոտներում կա ջրի մեծ կարիք, անհրաժեշտ է եղած ջրաղբյուրները օգտագործել ամենաօպտիմալ եղանակով, խմոցները ամբողջ գիշերվա ընթացքում լցվում են և ապա օգտագործվում ցերեկը՝ զերծ պահելով նաև մի շարք վարակների տարածումից», - ասաց համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ համատեղ կիրականացվի բնության պահպանությանը ուղղված ծրագիր՝ մեծ չափով տարածքներ կվերածվեն արգելոցների, որոնք կդառնան պահեստային արոտներ: Գյուղատնտեսության զարգացման մեկ այլ ծրագիր է իրականացվել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ: Կարտոֆիլի բերքատվության բարձրացման և սորտաթարմացման նպատակով համայնքի 12 գյուղական բնակավայրերի սոցիալապես անապահով 300 ընտանիքներին, որպես օգնություն, գարնանը  գրեթե 30 տոննա կարտոֆիլի բարձրորակ սերմ է հատկացվել:

Շաքիում, Շաղատում և Անգեղակոթում նոր աշխատատեղեր կստեղծվեն

ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ կառավարության, «Շեն» բարեգործական-հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ, Սիսիան համայնքի 10% համաներդրմամբ, Շաքիում, Շաղատում և Անգեղակոթում իրականացվում է «Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացման» ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 262 մլն դրամ է:

Այդ բնակավայրերում կառուցվել են կենսագազի փոքր կայաններ, արհեստական չորանոցներ և ջերմոցներ: Հեռագնա արոտներում կառուցվում են հովվի սենյակներ, կթի սրահներ և մակատեղիներ: Ծրագրի նպատակը գյուղերի  կայուն զարգացումն է, ինչպես նաև բնակավայրերում գործող  «Արոտօգտագործողների սպառողական միավորում» կոոպերատիվների աշխատանքի խթանումը: Կառուցված ջերմոցների և չորանոցների աշխատանքներում հիմնականում ընդգրկված կլինեն կոոպերատիվի անդամները: Անգեղակոթ բնակավայրի «Արոտօգտագործողների սպառողական միավորում»  կոոպերատիվին, ծրագրի շրջանակում, կտրամադրվի հատիկազտիչի և քամհարի արտադրամասի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ: Կոոպերատիվի նախագահ Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ հեռագնա արոտներում կառուցվող մակատեղիները, կթի սրահներն ու հովվի սենյակները շահագործման կհանձնվեն նոյեմբերի վերջին. «Անգեղակոթի «Արոտօգտագործողների սպառողական միավորում» կոոպերատիվին 2016թ․ հատկացվել է նաև հող վարող տեխնիկա, որը օգտագործվում է ոչ միայն կոոպերատիվի անդամների, այլև ամբողջ գյուղի բնակիչների համար: Գյուղում հացահատիկային մշակաբույսերի մշակությամբ զբաղվողները շատ են, ուստի կարևորում եմ նաև կալատեղի կառուցումը, բնակիչը հացահատիկը զտելու համար այլևս հավելյալ ծախս չի կատարի՝ հասնելով հարևան գյուղ», - ասաց Ա.Խաչատրյանը:


Շաղատում ծրագրի շրջանակում կբարեկարգվի ձավարաղացի արտադրական տարածքը, կտավատի ձեթի արտադրամասը, կհատկացվի կտավատի յուղազատման մամլիչ: Շաղատում կշահագործվի նաև անցյալ տարի կառուցված մրգերի համար նախատեսված սառնարանը:
Շաքիի վարչական ղեկավար Վահան Ղազարյանը հույս հայտնեց, որ «Շեն» բարեգործական հկ-ի հետ համայնքի համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական. «Այս ծավալուն ծրագիրը համոզված եմ, որ ծառայելու է իր նպատակին՝ բնակավայրերի կայուն զարգացմանը: Մեզ մոտ կառուցված չորանոցներն ու ջերմոցները կապահովեն կայուն աշխատատեղեր, կզարգացնեն այգեգործությունը, կլուծվի կանանց զբաղվածության հարցը: Հեռագնա արոտներում կառուցված մակատեղիներն ու կթի սրահները կնպաստեն անասնապահության զարգացմանը: Ասեմ, որ կատարվել են նաև ոռոգման ջրագծի բարելավման աշխատանքներ, ստացել ենք կոմբայն, շարքացան», - ասաց Վ.Ղազարյանը:

Ծրագրի շրջանակում Շաքիի կոոպերատիվին հատկացվել է գրասենյակային գույք, համակարգիչ, ինտերնետ կապ, համայնքի կողմից՝ տարածք գրասենյակի համար: «Միայն եղածով չենք սահմանափակվելու, անպայման կընդլայնենք, ջերմոցից և չորանոցից ստացված շահույթը կուղղենք նաև հետագա ծրագրերի իրականացմանն ու զարգացմանը: Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու դեպքում կկարողանանք արտադրել որակյալ չրեր և բանջարեղեն, որը առայժմ մտադիր ենք սպառել ներքին շուկայում», - ասաց Շաքիի կոոպերատիվի նախագահ Վրույր Ստեփանյանը:

Ծրագրեր KWF բանկի աջակցությամբ

Համայնքի Շենաթաղ, Բնունիս, Դաստակերտ և Նժդեհ բնակավայրերում իրականացվել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիրը»՝ յուրաքանչյուրում 3 մլն 111 հազ․ 600 դրամ արժողությամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է՝ համաձայն KFW բանկի և Բնապահպանության նախարարության միջև ստորագրված հատուկ համաձայնագրի։ Ծրագրի գործադիր մարմինն է Բնապահպանության նախարարությունը:

Շենաթաղ բնակավայրում բարեկարգվել է մշակույթի կենտրոնը, ձեռք են բերվել նոր աթոռներ: Բնունիս բնակավայրում ընթացքի մեջ են գիշերային լուսավորության և մշակույթի տան շրջակայքի բարեկարգման աշխատանքները: «Համայնքի բոլոր բնակավայրերը փուլ առ փուլ պետք է ապահովենք գիշերային լուսավորությամբ, Սիսիանում գրեթե 100 տոկոսով խնդիրը լուծված է», - ասաց համայնքի ղեկավարը:
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» շրջանակում Դաստակերտում վերակառուցվել են կամուրջը և կանգառը: Նժդեհ բնակավայրին հատկացվել է խոտի մամլիչ, խոտհնձիչ և հողաֆրեզ, որոնք, Սիսիանի համայնքի ավագանու որոշմամբ, անհատույց տրամադրվել են Նժդեհի բնակիչներին,  տեխնիկայի հսկողությունը, տրամադրումն ու սպասարկումը հանձնարարվել է վարչական ղեկավարին:

Բարեկարգվել են դաշտամիջյան և միջբնակավայրային ճանապարհներ

Բնակչիների հետ համայնքի ղեկավարի հանդիպումների ընթացքում հաճախակի շեշտադրվող խնդիրը դաշտամիջյան ճանապարհների անբարեկարգ վիճակն է, որն էլ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես խոտհնձի ժամանակ: Ամեն անգամ բացատրել բնակիչներին, որ համայնքը չունի համապատասխան գյուղտեխնիկա և միջոցներ, անկեղծ ասած, հնարավոր չէ: Ուստի, համայնքապետարանի սուղ միջոցները, համադրելով բարերարների և կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումներին, համայնքում բարեկարգվել են մի շարք դաշտամիջյան, միջբնակավայրային  ճանապարհներ (Սալվարդ, Իշխանասար, Որոտնավան, Ույծ, Մուծք, Դաստակերտ և այլն), Սիսիանում իրականացվել են մասնակի ասֆալտապատման և փոսալցման, ճանապարհային գծանշումների թարմացման աշխատանքներ:

Դարբասի ներքին ասֆալտապատումն առայժմ չի կատարվի

Շամբի խաչմերուկից Շենաթաղ տանող մոտ 14 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանք է իրականացվում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, 6 կմ արդեն ասֆալտապատվել է, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019թ․ հունվարի 23-ին։

Վերականգնվող ճանապարհն անցնում է Դարբասով, Գետաթաղով, Լորով՝ հասնելով մինչև Շենաթաղի կենտրոնական մաս։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 291 միլիոն դրամ է, 80%-ը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը, 20%-ը` ՀՀ պետբյուջեն: Ասֆալտապատ ճանապարհով երթևեկելու փաստը ուրախացրել է բոլորին, երկմտանքի մեջ են միայն Դարբասի բնակիչները: Այստեղ նախատեսվում է իրականացնել մեկ այլ կենսական նշանակության ծրագիր՝ ներքին ջրամատակարարման համակարգի ամբողջական վերանորոգում: Ստացվում է, որ եթե հիմա գյուղում ասֆալտապատում արվի, համակարգի բարելավման աշխատանքների ընթացքում ստիպված կլինեն քանդել ասֆալտը: Խնդիրը, սակայն, միայն Դարբասի ներքին ասֆալտապատմանը չի վերաբերում, ջուրը Շենաթաղից Դարբաս հասցնելու համար ստիպված պետք է դադարեցվի նաև այդ հատվածի ասֆալտապատումը, դա նշանակում է, որ պետք է ասֆալտապատվի միայն Շամբի խաչմերուկից մինչև Դարբաս՝ շարունակությունը թողնելով ջրամատակարարման համակարգի վերանորոգումից հետո: Խնդրին լուծում տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, Սիսիանի ԲՈՒԱՏ-ի տնօրենության և Ջրային տնտեսության ԾԻԳ-ի աշխատակիցների բնակավայրեր կատարած այցի և երկար քննարկումների արդյունքում: Սիսիանի ԲՈՒԱՏ-ը,  ասֆալտապատումը մեկ տարով չհետաձգելու նպատակով, Շենաթաղից մինչ Դարբաս, ասֆալտապատմանը զուգահեռ, սեփական միջոցներով կտեղադրվեն նաև ջրատար խողովակները: Իսկ Դարբասի ասֆալտապատումը կկատարվի ջրամատակարարման ներքին  համակարգի վերանորոգումից հետո:

Նշենք նաև, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիրը ներառում է նաև մայթերի ու ջրահեռացման համակարգերի կառուցումը և վերոնշյալ բնակավայրերի դպրոցներ տանող ճանապարհահատվածների ասֆալտապատումը:

Աղբահանության գործընթացը դեռ կանոնակարգված չէ

«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը համայնքային ենթակայության այն օղակն է, որի աշխատանքով է պայմանավորված համայնքի դեմքը, մաքրությունն ու խնամքը: Կանաչապատում, բարեկարգում, սանմաքրում և աղբահանություն, այս և շատ այլ աշխատանքներ է իրականացնում կառույցը: 2018թ․ ընթացքում համայնքի սանմաքրման համար բյուջեից նախատեսված է 59 մլն 465 հազ․ դրամի ծախս՝ 97200 քմ տարածք մաքրելու համար: Աղբահանության վճարը մեկ ամսվա կտրվածքով Սիսիան քաղաքում յուրաքանչյուր բնակչի համար սահմանված է 200 դրամ, իսկ 2 գյուղական բնակավայրում՝ 100 դրամ, մնացած բնակավայրերում աղբահանության գործընթացը կանոնակարգված չէ՝ ոչ բավարար տեխնիկայի պատճառով: Թեպետ  համապետական շաբաթօրյակների շրջանակում  բնակավայրերում փակվել են մի շարք աղբանոցներ, հեռացվել են մեծ քանակությամբ շինարարական աղբ և մետաղական ջարդոն:
«Մաքուր դաշինք» ծրագրի շրջանակում Գորայք և Սիսիան համայնքների միջև կնքված պայմանագրով համայնքին է տրվել մեկ մասնագիտացված աղբատար մեքենա: Սիսիանում տեղադրվել են նոր աղբամաններ:

Մշակույթը՝  համայնքի այցեքարտ

Համայնքի խոշորացումից հետո ստեղծվեց կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժինը, որը համակարգում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների, նախակրթարանների, համայնքային ենթակայության մշակութային օջախների աշխատանքը, բազմաթիվ ու տարատեսակ միջոցառումների շնորհիվ համայնքի ողջ տարածքում ապահովում ակտիվ մշակութային, սպորտային կյանք: Սիսիանում և բնակավայրերում կազմակերպվել են 100-ից ավելի միջոցառումներ, ցուցադրություններ, սպորտային մրցույթներ: Արտադպրոցական ուսումնական հաստատությունների սաները, համայնքապետարանի հովանավորությամբ, մասնակցել են հանրապետական և միջազգային մի շարք փառատոների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ: Սիսիանի ֆուտբոլի դպրոցի թիմը, նորակառույց մարզադաշտում անցկացվող պարապմունքների շնորհիվ, հանրապետական մանկապատանեկան առաջնություններում և գավաթի խաղարկություններում զգալի հաջողություններ է գրանցել:

Այս տարի վերականգնվել է նաև ֆրանսիական քույր քաղաք Մոնտելիմարի հետ ինչ-ինչ պատճառներով  ընդհատված կապը,  ակնկալվում է սերտ համագործակցություն մշակույթի և զբոսաշրջության ոլորտում: Ի դեպ, զբոսաշրջության զարգացումը ևս համայնքապետարանի  հատուկ ուշադրության կենտրոնում է: Ոլորտի զարգացման նպատակով մի շարք ծրագրեր են մշակվել և ներկայացվել տարբեր բարեգործական կազմակերպությունների հաստատմանն ու համաֆինանսավորմանը:
Առանձահատուկ ուշադրություն է դարձվում նաև ՆՈՒՀ-երի աշխատանքներին: Խոշորացումից հետո գյուղերում գործող նախակրթարանները լուծարումից փրկելու համար, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների հիման վրա, միացման ձևով վերակազմակերպվեցին Սիսիանի ՆՈՒՀ-երի հետ՝ դառնալով վերջիններիս խմբերը: Համայնքի ներկայացրած սուբվենցիոն երեք ծրագրից մեկը վերաբերում էր դրանց արդիականացմանը:

Հաստատված ու չհաստատված ծրագրեր

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքի ներկայացրած «ՆՈՒՀ-երի արդիականացում», «Խաղահրապարակների կառուցում», «Բարեկարգ համայնք» ծրագրերից առաջին երկուսը:
«Բարեկարգ համայնք» ծրագրով նախատեսվում էր վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները և կանգառները, սակայն ծրագիրը հանձնաժողովը մերժել է: Ինչպես նշված է Սյունիքի մարզպետարանից՝ Սիսիան համայնքի ղեկավարին ուղղված գրության մեջ, ծրագիրը մերժվել է՝ հաշվի առնելով, որ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջնահերթ լուծման խնդիր չէ:

«Խաղահրապարակների կառուցում» սոցիալական ծրագրի շրջանակում կկառուցվի 15 խաղահրապարակ: Ըստ նախնական տվյալների՝ 6-ը կկառուցվի Սիսիանում, 9-ը՝ բնակավայրերում:  Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 52 մլն 997 հազ դրամ, որից 31 մլն 798 հազ․ դրամը համայնքի ներդրումն է:

«ՆՈՒՀ-երի արդիականացում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 18-ից վերանորոգման աշխատանքներ են ընթանում Սիսիանի թիվ 1, թիվ 4 ՆՈՒՀ-երում և թիվ 3 ՆՈՒՀ-ի Տոլորսի խմբում:
Թիվ 4 ՆՈՒՀ-ում փոխվում են բոլոր դռները, հատակը՝ մասամբ, կատարվում ներքին հարդարման աշխատանքներ, կնորացվի նաև գույքը: Տոլորսի խմբում նախկին մեկ սենյակի փոխարեն կլինի երկուսը՝ խաղասենյակ և ննջասենյակ, կառուցվում են նաև սանհանգույց և խոհանոց:
Իսկ թիվ 1 նախակրթարանը հիմնանորոգվում է, փոխվում են տանիքը, հատակը, պատուհանները, կատարվում ներքին հարդարման աշխատանքներ, կնորացվի նաև գույքը: Այստեղ նախատեսվում է ավելացնել ևս մեկ խումբ՝ խաղասենյակով, ննջասենյակով և սանհանգույցով: Շենքի վերանորոգումից զատ կբարեկարգվեն նաև բակը, խաղահրապարակը, այգում կտնկվեն պտղատու ծառեր: «ՆՈՒՀ-երի արդիականացում»  ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 40 մլն 333 հազ դրամ: Սուբվենցիաների հաստատված կարգի համաձայն՝ 40 տոկոսը համաֆինանսավորվում է պետական բյուջեից, 60 տոկոսը ՝ համայնքային:

Նշենք նաև, որ մեկ խմբասենյակ էլ նախատեսվում է ավելացնել թիվ 2 նախակրթարանում՝ «Քոնթուր Գլոբալ» կազմակերպության աջակցությամբ: Շաղատի նախակրթարանի մեկ խմբասենյակն էլ վերանորոգվել է «Վորլդ վիժն» կազմակերպության աջակցությամբ:

Իսկ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Սյունիքի մարզին հատկացված գումարից 19 մլն 950 հազար դրամ տրամադրվել է Սիսիանի Նար-Դոսի 5 շենքի աստիճանահարթակի վերանորոգման համար: Նախահաշվային արժեքից 4 մլն դրամ պակաս է հատկացվել:

2019թ․ տարեկան աշխատանքային պլան

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ և «Համայնքների ֆինանսիստների միավորում» հկ-ի մշակած «Համայնքի ՏԱՊ-ի մշակման մեթոդական ուղեցույցի» հիման վրա կազմվել է Սիսիանի բազմաբնակավայր համայնքի 2019թ․ տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ-ը): Այն, ըստ մասնագետների, լոկ բարի ցանկությունների մասին չէ, այլ ռեալ և ընդգրկուն փաստաթուղթ է, որն ուղղված է հստակեցնել տարվա կտրվածքով համայնքի զարգացման ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: ՏԱՊ-ը կազմելիս գնահատվել են ծրագրերից յուրաքանչյուրի ռիսկերը, սահմանվել են կատարման ժամկետներն ու նշանակվել են պատասխանատուներ:

Ստորև ներկայացնում ենք այն հիմնախնդիրները, որոնց լուծման նպատակով համայնքը կհամագործակցի մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների հետ.

1. Համայնքում վթարային շենքերի առկայություն:

2. Քաղաքի գլխավոր փողոցների, շենքերի բակային հատվածների ասֆալտապատում և բարեկարգում: Սիսիան-Երևան մայրուղուց Անգեղակոթ, Շաղատ, Մուծք բնակավայրեր տանող ճանապարհի ասֆալտապատում:

3. Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում:

4. Կոմունալ աշխատանքների բարելավման նպատակով մասնագիտացված մեքենաների ձեռքբերում:

5. Համայնքի 18 բնակավայրում ոռոգման, 15-ում՝ խմելու ջրագծերի վերանորոգում և կառուցում:

6. Բնակավայրերից 7-ում կոյուղագծերի կառուցում և վերանորոգում:

7. 9 բնակավայրում՝ արտաքին լուսավորության խնդիր:

8. 6 բնակավայրում՝ գազիֆիկացում:

9. 7 բնակավայրում՝ վարչական շենքերի վերանորոգում:

10. 6 բնակավայրում՝ նախակրթարանի շենքի բացակայություն:

11. Միջբնակավայրային ճանապարհների բարեկարգում:

12. 24 բնակավայրում՝ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում:

13.  Կենցաղի տների վերանորոգում և կառուցում:

14. Գյուղտեխնիկայի պակաս:

Ամփոփելով արվածն ու չարվածը, առանձնացնելով հիմնախնդիրներն ու առաջիկա անելիքները՝ հուսանք, որ հաջորդ տարի, երբ ամփոփենք համայնքի խոշորացման երկու տարին, վերը նշված խնդիրների մեծ մասը կներկայացնենք որպես լուծված:

Անի Սիմոնյան

21:00 05.11.2018