ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սիլվա Համբարձումյանի ֆենոմենը
20:00 06.11.2018

Սիլվա Համբարձումյանի ֆենոմենը

Անցած շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունը մեզ՝ սյունեցիներիս համար, անշուշտ, գործարար Սիլվա Համբարձումյանի ինքնախոստովանական ցուցմունքներն էին առ այն, որ ինքը ժամանակին 14 մլն դոլար կաշառք է տվել հանքի թույլտվություն ստանալու համար, և այդ կաշառքը միակը չի եղել։

Անհասկանալի է, թե ինչու տարիներ առաջ «Մարիոթ» հյուրանոցում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ապտակ ստացած այս կինն այդքան մոլեռանդ էր իր հայտարարություններում։ Անհասկանալի է նաև, թե ինչու աննկատ անցավ նրա այս ասուլիսը։ Չէ՞ որ կաշառք տալը մեր օրենսդրությամբ նույնպես քրեորեն պատժելի արարք է։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ բոլորը հիմա զբաղված են դեկտեմբերին ազգին նոր ընտրացուցակների միջոցով բյուրեղյա մաքրության պատգամավորների անուններ հասցնելով, բայցևայնպես մոլորվել եմ այն բանից, որ հնարավորություն է ընձեռվում առանց սևազգեստ ԱԱԾ ջոկատայինների, պարզ քննչական մակարդակով բացահայտել խոշոր կոռուպցիոն դեպքեր, սակայն, ավաղ, սա ոչ մեկին չհետաքրքրեց։

Հայաստանն իսկապես ֆենոմենալ երկիր է, և այստեղ ապրում են բազմաթիվ ֆենոմենալ մարդիկ։ Այդ մարդկանց ֆենոմենալ լինելու հանգամանքն իրենց գերմարդկային կարողությունները չեն, այլ իրենց տարօրինակ պահվածքը։ Այսպիսի անտարբեր ու մակերեսային վերաբերմունքը Սիլվա Համբարձումյանի արած, ըստ էության, հանցագործության մասին, հայտարարությունը նշանակում է, որ արդեն ԶԼՄ-ներն էլ են կորցնում իրենց նշանակությունը։ Նախորդ իշխանության ժամանակ սկանդալային հայտարարություններն արձագանք չէին ստանում, որովհետև հարց չէին ուզում լուծել։ Իսկ հիմա ինչի՞ն են սպասում: Սպասում են, որ վարչապետն իր ֆեյսբուքյան հեռուստաուղերձում խոսի սրա մասին, ասի, որ այդ ժամանակվա Բնապահպանության նախարարին 14 մլն դոլար տալը կոռուպցիա է, որ միայն դրանից հետո՞ պատկան մարմիններն անցնեն գործի։

«Զանգեզուր պրես»

20:00 06.11.2018

Ամենաշատ ընթերցվածները