ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կապանի դարպասներից մեկը՝ Եղվարդը
19:00 08.11.2018

Կապանի դարպասներից մեկը՝ Եղվարդը

«Եղվարդը Կապան քաղաքի դարպասն է, պատերազմի տարիներին եղվարդցի արծիվ տղաները եթե չլինեին, մարզպետարան, քաղաքապետարանն էլ չէին լինի», - մեր նկարահանող խմբի՝ Եղվարդ մտնելուն պես Նվարդ տատը շտապել էր գալ մեզ հանդիպելու և իր վրդովմունքը հայտնելու։ Գյուղի խնդիրներից խոսելու ընթացքում նա ցույց էր տալիս իր՝ երկրապահ լինելու փաստաթղթերը․․․

Ինչպես տեղեկանում ենք Եղվարդի նախկին գյուղապետ, իսկ խոշորացումից հետո՝ նախկին վարչական ղեկավար Սպարտակ Զաքարյանից, գյուղում մշտական բնակվում է 80 տնտեսություն՝ 260 մարդ, իսկ ամռանը թիվը ավելանում է՝ մինչև 320․ «Վերջին 20 տարում համարյա թե արտագաղթ չի եղել, բայց եթե խնդիրներին լուծում չտրվի, ապա կլինի»։

Դպրոց է հաճախում 34 երեխա, որից 1 աշակերտ՝ Ուժանիսից, 5-ը՝ Ագարակից։ Այս տարի մանկապարտեզ է հաճախում 8 երեխա՝ 3-6 տարեկան, անցյալ տարի՝ 11, 0-3տ 8 երեխա կա գյուղում․ Ամեն տարի Եղվարդում նորածին երեխայի ճիչ է լսվում։

Եղվարդցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, դաշտավարությունը, նաև մեղվաբուծությունը։ Մինչև 800 գլուխ խոշոր եղջերավոր անասուն  կա, մսի իրացման խնդիր չունեն, իսկ կաթի մթերման կայան ունենալը չէր խանգարի։ Խոշոր ֆերմերներ էլ կան, որոնք պահում ենք 100-120 գլուխ անասուն։

Կոլտնտեսության ժամանակ ավելի քիչ ցորեն էին հնձում

«Կոլտնտեսության ժամանակ այս գյուղում այնքան ցորեն չէր հնձվում, ինչքան այսօր՝ մինչև 1500 տ։ Իրացման խնդիր չունեն, ցորենը ե՞րբ չի վաճառվում։ Եթե կոլխոզի ժամանակ 1 կոմբայն ունեին, այսօր 5-ն է, 13-14 տրակտոր, մի քանի խոտհնձի մեքենա և այլ անհրաժեշտ գյուղտեխնիկա ունենք, ինչի շնորհիվ չեն ուշանում վարուցանքը, հունձը», - ասում է Ս․Զաքարյանը՝ հավելելով, որ գյուղացուն խեղճացնում է վառելիքի թանկությունն ու թունաքիմիկատի ուշացումը, անորակ լինելը։

Եղվարդցիները պարտաճանաչ են հարկերը վճարելիս, բայց, ինչպես Նվարդ տատն է ասում, խոշորացումից հետո ծախսերին գումարվել է նաև 6000 դրամ տաքսու վճարը, որ պետք է գնան Կապանի համայնքապետարանում վճարեն ու հետ դառնան։ Կարգն է այդպես․ տեղում այլևս վճարում չի կատարվում։ Ի դեպ, գյուղի վարչական տարածքում կա համարյա 500 հա վարելահող, 130-140 հա արոտավայր։ Ս․Զաքարյանի խոսքով՝ անմշակ հող գրեթե չի մնում։

«Վառելիքը թանկ է, բայց ցորենի գինը՝ 100 դրամ։ 1 հա հող վարելու համար 150 հազար դրամ է հարկավոր, որտեղից միջինը 1 տոննա ցորեն է ստացվում։ Առնվազն 1․5 տ պիտի ստանանք, որ գոնե ինքնարժեքը հանենք։ 10 դրամի տարբերությամբ իբր էժան վառելիք են տրամադրում գյուղացուն։ Հենա փակցրել են՝ էժան, մատչելի դիզվառելիք՝ 20 լ՝ 8000 դրամ», - իր վրդովմունքն է հայտնում Սերոբ Օհանջանյանը, ում էլ լրացնում են հավաքված տղամարդիկ՝ տալով տրամաբանական հարց․ ցորենի գնից կախված՝ ինչու՞ չի էժանանում կամ թանկանում հացը։

Աշնանացանն արդեն ավարտվել է, բայց մկների դեմ պայքարի թունաքիմիկատը դեռ չի տրամադրել գյուղնախարարությունը։ Ինչպես գյուղացիներին են ասում, տված ժամանակ էլ սպիտակ գաջ է, և ոչ թե այն որակյալը՝ ցինկի ֆոսֆատը։ «Իրենց տվածն էլ կարծես հակառակ ռեակցիան է տալիս՝ ավելի են շատանում մկները», - կեսկատակ-կեսլուրջ ասում են եղվարդցիները՝ հավելելով, որ տրամադրելիս էլ ավելորդ փաստաթղթային քաշքշուկի մեջ են ընկնում։

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունում հավանաբար նախարարի փոփոխությունով պայմանավորված է ուշացել։ Կապանի տարածաշրջանին դեռևս աշնանային փուլով մկնդեղ չի տրամադրվել, բայց նախատեսվում է։ Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա, մասնագետի խոսքով, դեղերի ազդեցությունը նորմայի սահմաններում է, պարզապես մասսայական պայքար պետք է տարվի։

Գյուղացիները բողոքեցին նաև, որ հատկապես կարկուտից տուժելիս էլ իրենց փոխհատուցում չի տրվում․ «Ի՞նչ է, կարկուտը մեր դաշտերին չի՞ հասնում, մեր ծառերին, որ բերք չի լինում դրա հետևանքով, նորմալ են համարում»։

Դեռ վարչական ղեկավար չունեն

«Մեզ ընտրությունից ընտրություն են հիշում», «Մեր մարզպետին, համայնքապետին, վարչության պետերին նույնիսկ դեմքով չենք ճանաչում», «Գյուղերի միավորումից հետո մեզ լսող, մեր հոգսերին ծանոթացող էլ չկա, մենակ նստած հողի հարկ են հավաքում» նմանատիպ այլ դժգոհություններ էլ լսեցինք։ Ինչպես Ս․Զաքարյանն է ասում, Կապանում խոշորացումն այսկերպ չպիտի ընթանար, գոնե փնջային տարբերակով լիներ, այդ դեպքում էլի հնարավոր կլիներ բյուջեի սահմաններում գյուղում առաջացած որոշակի խնդիրներ լուծել։

Համապատասխան օրենքի փոփոխությունից հետո միայն բարձրագույն կրթությամբ մարդը կարող է վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնել։ «Համաձայն եմ, բայց եկեք այսպես մտածենք․ քանի համայնք կա, որ այդքան բարձրագույն ավարտ գտնեք, որ աշխատի այդ պաշտոնում։ Կարող է բարձրագույն ավարտ լինել, բայց աշխատելու նույնիսկ շնորհք, գյուղական խնդիրներից գաղափար անգամ չունենա։ Գոնե մեր վարչական ղեկավարը ժամանակավոր նշանակվի, մինչև բարձրագույն ավարտ գտնվի․ գուցե 2 տարի հետո գտնեք, բա մինչ այդ անտեր մնա՞նք», - ասում է երկարամյա մանկավարժ, տարբեր ժամանակներում գյուղի ղեկավար աշխատած Ռազմիկ Հակոբյանը, ում կարծիքը կիսեցին զրուցակիցներս։

Տարիների պատմություն ունեցող ջրի խնդիրը

«Ջու՞ր եք տվել»․ Սպարտակ Զաքարյանի ձայնը լսելով՝ առաջին հարցը տվեց Նադեժդա տատը։ «Բա երկու շաբաթը մեկ լողանալ կլինի՞», «Մենք էլ ենք ուզում ջրի ծորակը բացել ու ջուր խմել», «Հագուստը լվանում ենք քաղաքում»։ Եվ ջրի բացակայության պատճառով կենցաղային տարաբնույթ դժվարությունների թվարկում․․․

«Դեռ գյուղապետ չընտրված ժամանակվանից այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է եղել։ Այս տարիներին մասնակի նորոգվել է օրվա կարգավորիչ ջրամբարը, կառուցվել ջրի նոր ներքին ցանց, տեղադրվել ջրաչափեր, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել խնայել ջուրը։ Բայց դա բավարար չէ, ամռան սեզոնին շաբաթական ընդամենը 1 օր ենք ջուր տալիս, այն էլ՝ կես ժամով։ Տարվա գոնե 9 ամիսը կարողանում ենք ջրամատակարարում ապահովել, բայց շուրջ տարին բավարարելու համար հարկավոր է 41 մլն դրամ։ Նախագիծը կազմվել է և իրականություն դառնալու դեպքում միաժամանակ լուծում է Եղվարդի ու Ուժանիսի խմելու ջրի հարցը», - ասում է նախկին վարչական ղեկավարը։ Նրա խոսքով՝ կառավարության՝ հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում ներառելու համար այս տարի նույնպես դիմել էր, բայց թե ինչու հատկացում չեղավ, չգիտի։

Եղվարդի միջն․ դպրոցի տնօրեն Մանիկ Գևորգյանի խոսքով՝ դպրոցը հիմնանորոգման կարիք ունի, պարբերաբար դիմել է մարզպետարան, բայց առայժմ լուծում չի ստացել։ Նա առանձնացրեց նաև ուսուցիչներին հատկացվող տրանսպորտի վճարի գումարի խնդիրը․ հատկացվում է, բայց ոչ լիովին։

Ինչպես տեղեկացանք, թշնամու կրակոցների հետևանքով գյուղի 80%-ը ավերվել էր, վնասված տների մի մասը աջակցություն ստացել է, մի մասը՝ ոչ։ Այս պահին բնակելի մոտ 6-7 տուն ընդհանրապես փոխհատուցում չի ստացել։ Շատերը ստիպված վարկով են պատերազմի հետքերը վերացրել։ «Դարերի ընթացքում, երբ դեռ պետականություն չունեինք, այս գյուղը տարբեր պատերազմներ է տեսել, ավերվել, նորից վերականգնվել։ Բայց այսօր, երբ անկախ պետականություն ունենք, ինչու՞ պիտի մինչ օրս այս հարցը լուծված չլինի», - ասում է Սպարտակ Զաքարյանը։  

Վերադարձից առաջ մտանք Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ 1700թ․ կառուցված և 2007թ․ կապիտալ նորոգված,  և պղնձե զանգը հնչեցնելով՝ մաղթեցինք Եղվարդին շենություն, և առաջին հերթին՝ ջրի հարցի լուծում։

Արմինե Հարությունյան

19:00 08.11.2018

Ամենաշատ ընթերցվածները