ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սրաշենի Սբ. Հռիփսիմեն՝ վերականգնման ճանապարհին
17:00 10.11.2018

Սրաշենի Սբ. Հռիփսիմեն՝ վերականգնման ճանապարհին

Ադեն երկու տարի է՝ Աստծո այս տաճարում պեղումներ են իրականացվում: 2018թ․ մոտ մեկ ամիս տևած պեղումները հոկտեմբերին ավարտվեցին: Նշենք, որ դրանք նախաձեռնել է «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպությունը՝ վերականգնումից առաջ նախատեսված պարտադիր պեղումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Կոլխոզի գրասենյակի պատերը՝ եկեղեցու պատերի քարերից

Հանրության շրջանում կան ենթադրություններ, որ Սրաշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ավերվել է Արցախյան պատերազմի ժամանակ, մինչդեռ Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի խոսքով՝ եկեղեցին ավերվել է «հանուն» կոլխոզի գրասենյակի շինարարության։ «30-ականների սկզբին, երբ խորհրդային երկրում տարածված էր աստվածամերժության կարմիր մոլուցքը, շատ հաճախ, առանց սպասելու վերևից ինչ-որ հրահանգի, մարդիկ հանդես էին գալիս տեղական «նախաձեռնություններով»: Հանքեր էին գործում, որտեղ վերահսկողություն չկար, և մոլեռանդ-աթեիստ Արիստակեսը, նրան օգնող գյուղացիներ Մուշեղը, Սեդրակը, Մելիքը հանքից դինամիտ են տանում և դնում եկեղեցու պատի ճեղքերում: Առաջին պայթեցումը ձախողվում է, երկրորդ անգամ ավելի լավ են լիցքավորում և երկու-երեք անգամ կատարում այդ գործողությունը: Այդ ժամանակ մեծ խոռոչներ են բացվում, քարերը թափվում են և տեղափոխվում կոլխոզի գրասենյակի կառուցման շինհրապարակ: Գուցե սնոտիապաշտություն համարվի, բայց հետագայում չարագործները պատժվեցին. երկուսը զոհվեց պատերազմում, երրորդը պատից ընկավ, իսկ գլխավոր նախաձեռնող Արիստակեսը կուրացավ»:

Եթե վերականգնվի, կպահպանվի՞ նախկին տեսքը

«Երկիր և մշակույթ» կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն, վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի խոսքով՝ Սյունիքը հարուստ է ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կոթողներով, և Սրաշենի Սբ. Հռիփսիմեն այդ ժամանակաշրջանի գոհարներից է։ «Եռանավ, բազիլիկ հորինվածքի շինությունը կառուցված է անմշակ գլաքարերից: Ունի հիմքեր ու խաչքարեր, որոնք մի փոքր ուշ շրջանի են թվագրվում, եզրակացնում ենք, որ այդտեղ ավելի հին սրբատեղի է եղել, որի հիմքի վրա է կառուցվել եկեղեցին։ Վերականգնելու ենք նախնական տեսքին համապատասխան. վերականգնման գործը զերծ կլինի բոլոր տեսակի ենթադրություններից: Այնուհանդերձ, որոշակի ժամանակակից մոտեցումներ կցուցաբերվեն։ Օրինակ՝ հողաշեն ու խոտով ծածկված տանիքը կփոխենք կղմինդրե ծածկով և այլն»: Ստեփան Նալբանդյանը կարևոր համարեց նաև շինության հանդեպ համայնքի հոգատար վերաբերմունքը։ «Մենք ձգտելու ենք անել ամեն ինչ՝ դռան, լուսամուտի տեղադրում, բարեկարգում, իսկ համայնքը անխոս պետք է հետևողական լինի»:

Պեղման աշխատանքների մասնակից սրաշենցի Դավիթ Սարգսյանը հարցին՝ թե արդյո՞ք ինքը պատրաստ է որպես տեղացի հետևել կառույցի պահպանությանը վերականգնումից հետո, պատասխանեց․ «Ուրախ եմ, որ եկեղեցին վերականգնելու մտադրություն կա, այն գյուղի համար շատ կարևոր է, սիրով մասնակցեցինք պեղման աշխատանքներին: Ինքս պատրաստ եմ հետագայում նույնիսկ շրջակայքի ծառերը ջրել, հատուկ ուշադրություն դարձնել սրբավայրին»:

Մշակութային շերտեր բացվեցին

Եկեղեցու պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը ներկայացրեց դրանց արդյունքում հայտնաբերված գտածոները: Վերջինիս խոսքով՝ եկեղեցու արևելյան և արևմտյան կողմերում հիմքերի բացումը հնարավորություն տվեց ավելի ծավալուն ուսումնասիրել մշակութային շերտերը։ «Ամենից ծավալուն ուսումնասիրությունը եղավ եկեղեցու արևելյան կողմում. հայտնաբերվեցին ուշ և զարգացած միջնադարյան բազմաթիվ թաղումներ: Դրանք բնույթով հասարակ էին և գտնվում էին վերին շերտերում, նույնիսկ տապանաքար չունեին: Դրանց տակ բացվեցին քարարկղային թաղումներ՝ առանց որևէ ուղեկցող նյութի»: Եկեղեցու ներսում հայտնաբերվեցին պայթեցված մույթի հիմքեր, որի տակ խաչքար բացվեց:

«Սուրբ Հռիփսիմեի հարավային ավանդատան պեղման ընթացքում բացվեց թաղում, որ իր տեսակով բացառություն էր, - նշեց հնագետ Արման Նալբանդյանը, - քանի որ դեռևս չորրորդ դարից սկսած եկեղեցիներում հատուկ կանոնով սահմանված թաղումները թույլատրելի չէին, այն հնարավոր էր միայն բացառիկ դեպքերում»։ Հնագետի խոսքով՝ կամ եկեղեցին կառուցվել է այդ երևելի մարդու դամբարանի վրա, կամ հետագայում այդ մարդն այնքան երևելի է եղել, որ նրան թաղել են ավանդատան մեջ: Հայտնաբերվել են նաև ցարական ժամանակաշրջանի մետաղադրամներ, կապտականաչավուն ուլունք, 11 կավե ճրագաման՝ արդուկաձև, նավաձև, շերեփաձև և այլն:

Նշենք, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն, երբ մշակույթի նախարարությունը հաստատի ծրագիրը, որը դեռ նախապատրաստական փուլում է:

Անուշ Միրզոյան

17:00 10.11.2018