ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Միշտ բարի ու պատրաստակամ
12:00 11.11.2018

Միշտ բարի ու պատրաստակամ

Ֆրոնտիկ Սերյոժայի Խաչատրյան

Կյանքը

Ֆրոնտիկ Խաչատրյանը ծնվել է 1955թ․  մարտի 20-ին Շրվենանց գյուղում, բանվորական ընտանիքում։ Ընտանիքում 4 երեխա էին՝ 2 քույր ուներ, 1 եղբայր, մեծը Ֆրոնտիկն էր, քույրերն են Ֆլորան և Ադելան, եղբայրը՝ Համլետը։ Սովորել է Շրվենանցի միջնակարգ դպրոցում, ստացել 8-ամյա կրթություն։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է պրոֆտեխնիկական ուսումնարանում։

Զինվորական ծառայությունից հետո անցել է թոշակի 50 տարեկանում։ Ամուսնացած էր, ունի 3 դուստր։

Մահացել է 2018թ․ հոկտեմբերի 17-ին։

Մարտական ուղին

1990թ․ կամավոր անդամագրվել է Կապանի երկրապահ ջոկատին և ծառայել մինչև 1994թ․ ապրիլի 10-ը, այնուհետև տեղափոխվել Կապանի թիվ 84029զ/մ՝ որպես զենք-զինամթերքի պահեստապետ, և ծառայել մինչև 1995թ․ սեպտեմբերի 25-ը։ Ծառայության ընթացքում  մասնակցել է Կապան քաղաքի և շրջանի պաշտպանական և մարտական գործողություններին և Կապան-Գորիս մայրուղու հսկողությանը։ 1992թ․ ապրիլի 26-ին մասնակցել է Զանգելանի շրջանի Ղազանչի և Ախքենդ գյուղերի մարտական գործողություններին։ 1992թ. հոկտեմբերի 27-ին վիրավորվել է Կապանի շրջանի Սյունիք գյուղի պաշտպանական դիրքերում՝ հրազենից։ 1992թ. դեկտեմբերի 10-ին մասնակցել է Զանգելանի շրջանի Սեիդլար, Տրիցատ, Ախքենդ և Ղազանչի բնակավայրերի մարտական գործողություններին։ 1993թ. oգոստոսի 30-31-ին մասնակցել է Կուբաթլուի շրջանի և շրջկենտրոնի մարտական գործողություններին, այնուհետև նույն ոգևորությամբ կռվել Զանգելանի շրջանում։ 1993թ․ նոյեմբերի 25-ին ջոկատի կազմում տեղափոխվել է ԼՂՀ հարավարևելյան ճակատի Հորադիզ կայարանի մարտական դիրքերը և ծառայել մինչև 1994թ․ ապրիլի 10-ը։ Մասնակցել է ճակատի պաշտպանական և մարտական գործողություններին, մասնակցության ժամանակ Ֆրոնտիկը բազմիցս վտանգի տակ է դրել իր կյանքը, հանուն մարտական ընկերների հաճախ էր զոհողության գնում։

Ընտանիքում վերքը արյունահոսում է

«Հայրը հիվանդ էր, մայրը մահացել էր, և հորը խնամելու համար տեղափոխվեցինք Շրվենանց։ Պատերազմի ժամանակ ոտքից վիրավորվել էր, դժվար էր քայլում, բայց տանը չէր նստում։ Սեզոնին ընկույզ էր հավաքում, զբաղվում գյուղական տարբեր աշխատանքներով, ինչ հնարավոր էր։ Սիրում էր գյուղական կյանքը։ Ոչ ոք և ոչինչ չէր կարող նրան հետ բերել քաղաքում ապրելու։ Նա իրեն պարտավոր էր զգում խնամել և հոգ տանել հոր մասին», - պատմում է տիկին Հասմիկը։

Վերքը դեռ արյունահոսում է, տիկին Հասմիկի համար ծանր է վերհիշել ամուսնու հետ կապված հուշերը, կյանքը դժվար է եղել․ «Վերջին տարիներին դժվարություններ շատ ենք տեսել, մի քանի վիրահատություններ մեկը մյուսին հաջորդեցին։ Ամուսինս շատ ցավ է տարել, տանջվել։ Կրկնակի դժվար ինձ համար է եղել»։ Տիկին Հասմիկը և՛ պատմում էր, և՛ արցունքները հորդում էին։ Կնոջ աչքերում անբացատրելի թախիծ էր կուտակվել, սփոփանք էր որոնում իր մտքերի մեջ։ Ասելիքն ու մտքերը շատ էին, բառերը՝ քիչ։

Նա պատմում է, որ ամուսինը երկրապահ կամավորական ջոկատի կազմակերպած բոլոր միջոցառումներին մասնակցում էր, ձգտում էր ոչ մեկը բաց չթողնել։ Բոլոր հուշամեդալները խնամքով պահում էր, ասում էր՝ թոռներս կտեսնես, կհպարտանան։ Պատերազմից չէր խոսում, չէր սիրում պատմել՝ երբ և որտեղ ինչ է տեղի ունեցել։

Ընկերասեր էր, սիրում էր հյուր կանչել ընկերներին և երկար-բարակ զրուցել սեղանի շուրջ։

 

«Կյանքի համարյա թե վերջին 10 տարին ապրել է Շրվենանցում։ Բավականին ակտիվ, շփվող, հարազատների, մարտական ընկերների, գյուղացիների շրջանում հարգված անձնավորություն էր։ Չափազանց շատ էր սիրում բնությունը։ Ինչ միջավայրում էլ լիներ, միշտ ցանկանում էր մի բանով օգտակար լինել։ Համեստ ընտանիք ուներ, դուստրերը՝ բարեկիրթ, դաստիարակված, ովքեր այսօր արդեն սեփական ընտանիք են կազմել։ Նշանակալի մարտական ուղի էր անցել, ինչի մասին վկայում են ընկերների հուշերը», - ասում է Շրվենանցի վարչական ղեկավար Արմինե Մանուկյանը։ Նրա խոսքով՝ ընտանիքը սոցիալապես բարվոք պայմաններում է ապրում։

Պատմում են մարտական ընկերները

«Ֆրոնտիկը էությամբ շատ շփվող էր, ընկերասեր։ Տարիքով մյուս կամավորներից մեծ էր և փորձում էր իր իմացածի չափով օգնել բոլորին, խորհուրդներ տալ։ Զինվորի հետ զինվոր էր, ջահելի հետ՝ ջահել, գտնում էր շփման եզրեր ու համերաշխ հարաբերություններ էր ստեղծում։ Որպես դիրքապահ ևս պարտաճանաչ էր։ Ընդհանրապես բոլորին հասնող էր, անտարբեր չէր կարող մնալ ոչ միայն յուրայինների, այլև ուրիշների ցավի նկատմամբ։ Դեռևս 1986թ․, երբ տեղի ունեցավ Չեռնոբիլի ատոմակայանի աղետը, առաջիններից մեկը մեկնեց այնտեղ և մասնակցություն ունեցավ կազմակերպված աշխատանքներին, աղետի հետևանքների վերացման գործում իր ներդրումը կատարեց», - պատմում է ԵԿՄ Կապանի տարածքային կառույցի նախագահ, կապիտան Մանվել Օհանյանը։ Նա ավելացրեց նաև, որ այդ ամենի հետ մեկտեղ Ֆրոնտիկը մարդ էր իր տեսակով, ոչ մի հարցում չէր թերանում։ Իրեն պահում էր կամավորին վայել։

Կյանքի լավագույն տարիներից մի մեծ բաժին ազատամարտին ու ազգային բանակում ծառայելուն նվիրած Աշոտ Հովհաննիսյանը նույնպես դրվատանքով է խոսում Ֆրոնտիկ Խաչատրյանի մարդկային արժանիքների մասին, շեշտում նրա բարությունը, ընկերասիրությունը։

«Մայր բնությունը նրան այդպես էր դաստիարակել, ինքն էլ փոխադարձաբար նրան պատասխանում էր սիրով, հաճախ առանձնանում էր, շրջում դաշտերում ու անտառներում, ապրելու ուժ ստանում։ Բայց ծանր հիվանդությունը իր սև գործը կատարեց ու նրան խլեց ընտանիքից, ընկերական շրջապատից․․․ Կարծում եմ, որ դրանում, հավանաբար, դեր է խաղացել ծաղկուն տարիքում Չեռնոբիլ անուն ստացած արհավիրքի հետևանքների վերացման գործում նրա մասնակցությունը», - ասաց պահեստի մայոր Աշոտ Հովհաննիսյանը, որը միշտ ափսոսանքով է խոսում լավագույն տղաների հեռանալու մասին։

Սառա Ալավերդյան

12:00 11.11.2018

Ամենաշատ ընթերցվածները