ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Լասարիլյո Տորմեսցու կյանքը»
19:00 11.11.2018

«Լասարիլյո Տորմեսցու կյանքը»

16-րդ դարում լույս տեսած այս վեպի հեղինակը անհայտ է։ Գրականագետներին այդպես էլ չհաջողվեց պարզել նրա անունը։ Ժամանակին աղմուկ հանած այս պիկարոյական վեպը շարունակում է ուրույն տեղ զբաղեցնել իսպանական և համաշխարհային գրականության մեջ։ Պիկարոները թափառաշրջիկներ, գողեր և պատահական զբաղմունքներով հաց վաստակողներ էին։ Լասարիլյո Տորմեսցին նրանցից մեկն է։ Վեպը նրա նամակ-բացատրագիրն է՝ ուղղված մի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հենց այս կերպ ընթերցողների առջև բացվեց բոլորովին ուրիշ աշխարհ։ Մինչ այդ Իսպանիայում սովոր էին կարդալ ասպետական մեծադղորդ ու անհավանական քաջագործությունների, հովիվների ու հովվուհիների քաղցր-մեղցր սիրային զրույցների մասին։

Պիկարոները սովորաբար տերեր էին ունենում։ Որբացած Լասարիլյոյի կամ Լասարոյի առաջին տերը կույր մուրացկան էր (լասարո իսպաներեն նշանակում է կույրին ուղեկցող)։ Այնպիսի հմտությամբ ու խաբեությամբ էր այդ կույրը ողորմություն խնդրում, որ նրա ամեն ասածին հավատում էին և բացում քսակները։ Սակայն շատ արագ Լասարոն հասկանում է, որ իր տերը ագահ և չար մարդ է․ «Նա ինձ հասանելիքի կեսն էլ չէր տալիս և սովամահ էր անում ինձ»։ Լասարոն ստիպված է լինում գողանալ և փորը կշտացնելու համար դիմել զանազան հնարքների։ Գողանում էր հացի փշրանքներ, հետն էլ ծեծ ուտում։

Երկրորդ տերը՝ վանականը, առաջինից ավելի ժլատ էր։ Միայն որևէ մեկի հոգեհացին էր հաջողվում կուշտ ուտել։ Լասարոն սկսում է համակերպվել իր վիճակին և արդեն պիկարոյական դատողություն է անում․ «Քաղցը լուսավորում է միտքը, իսկ կուշտ ստամոքսը միայն բթացնում է ուղեղը»։ Հերթական անգամ, երբ քաղցը լուսավորում է միտքը, նա սկսում է մկան պես կրծոտել տիրոջ հին սնդուկը և հաց փախցնել։ Հասկանալի է, որ այս ամենին դարձյալ հետևելու էին դաժան ծեծը և հերթական տիրոջ որոնումները։

Իսկ հերթական տերը զինակիր էր։ 16-րդ դարում այդ բառն օգտագործվում էր միայն մանր պարտականություններ կատարող ծառաներին և ազնվականական ստորին աստիճանին պատկանողներին բնորոշելիս։ Այս նոր տերը ման է գալիս քիթը ցցած, մինչդեռ գրպանում գրոշ չունի։ Ընդհարվել է ինչ-որ մի ազնվականի հետ և փախել հարազատ քաղաքից։ Իսկ պատճառը առավել քան «լուրջ» է․ «Քանի որ միշտ ես առաջինն էի ողջունում, ապա վատ չէր լինի, որ մի անգամ էլ ինձ պատիվ աներ և ինձնից շուտ գլխարկը հաներ»։ Այնպես որ՝ ոչ թե այս պատվամոլ տերն էր պահում Լասարոյին, այլ Լասարոն՝ տիրոջը։ Պատվի տարօրինակ հասկացողություն ունեցող այս զինակիրը, պարտքը չվճարելով, հերթական անգամ փախչում է՝ փորձանքի մեջ թողնելով Լասարոյին։

Տերերից մեկն էլ զբաղված էր Պապի հրովարտակներ վաճառելով։ Ինչ խաբեբայություն ու խորամանկություն ասես չէր բանեցնում։ Նրանից պրծում չկար։ Միակ ելքը ոչ մեկին պետք չեկող հրովարտակները գնելն էր․ «Եթե տեսներ, որ տեղի հոգևորականները որպես այդպիսին ձեռնադրվել են ավելի շատ փողի, քան գիտելիքների առատության շնորհիվ, նրանց մեջ դառնում էր մի իսկական սուրբ Թովմաս և ամբողջ երկու ժամ խոսում էր լատիներեն կամ գուցե ձևացնում էր, թե խոսում է, թեև նրա ասածը լատիներենի հետ ոչ մի կապ չուներ»։

Այդ ամբողջ ընթացքում քաղցը, ծեծը, խաբեությունն ու խարդախությունը անպակաս էին Լասարոյի կյանքից։ Բայց մի օր անակնկալ այցի է գալիս հաջողությունը․ Լասարոն ամուսնանում է։ Կինը աղախին էր, արքեպիսկոպոսի աղախինը։ Ճիշտ է, այդ երկուսը կասկածելի կապի մեջ էին, բայց դա կարևոր չէր։ Քաղաքի մունետիկ դարձած Լասարոյի գործը հաջողությամբ առաջ էր ընթանում։

Մինչդեռ պիկարոյական արյունը կրկին եռում էր։ Կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով Լասարոն պատերազմ է մեկնում։ Նավը խորտակվում է, և սկիզբ են առնում նոր դժբախտություններ ու ձախորդություններ։ Խաբեբա ձկնորսները բոլորին կարողանում են հավատացնել, որ Լասարոն ձուկ է, և պտտեցնելով Իսպանիայով մեկ՝ մեծ փողեր են վաստակում։

Մի օր էլ Լասարոն ինքն է դառնում զինակիր, միաժամանակ ծառայում մի քանի կանանց, նրանց ամուսնական անհավատարմության ականատեսը դառնում։ Հանդիպում է նաև մի ծեր ճգնավորի, ով, պարզվում է, կեղծ բարեպաշտ է։ Ամեն ինչ ճաշակում և տեսնում է Լասարոն, սկսում ավելի շատ խուսափել այն ամենից, ինչ իր հետ բերում է հոգս և աշխատանք․ «Պիկարոյի կյանքը ավելի անհոգ է անցնում, քան կայսրերի, թագավորների ու պապերի կյանքը։ Այդ կյանքով ես քայլել կցանկանայի, ինչպես մի ճանապարհով, որ ամենաազատն է, ամենից անվտանգը և ամենաուրախը»։

Շուրջը տեսածն ու լսածը ավելի են ամրապնդում հերոսի պիկարոյական աշխարհընկալումը։ Լասարոն, որ ծաղրում էր ուրիշներին՝ կույրի չարությունն ու ժլատությունը, վանականի դաժանությունը, զինակրի սնապարծությունը, հրովարտակ վաճառողի լկտիությունը, աստիճանաբար ինքն է դառնում բոլոր այդ թերությունների կրողը։

Մի խոսքով՝ սա մի ամոթալի կյանքի պատմություն է, որ դրսևորվում է նամակ-բացատրագրի տեսքով։ Սակայն նամակի իսկական հասցեատերը բարձրաստիճան պաշտոնյան չէ, այլ այն այլասերված հասարակությունը, որտեղ վեհ գաղափարների ու բարձր արժեքների նշույլ իսկ չկա։ Իսկ այդ հասարակությունը ի զորու չէր ո՛չ դատապարտելու, ո՛չ էլ արդարացնելու երդվյալ պիկարոյի կենսակերպը։

Արթուր Իսրայելյան

19:00 11.11.2018