ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Համաներումը չտարածվեց զինվորի մոր վրա, ով չորս երեխա ունի ու գողացել էր 4000 դրամ
17:00 12.11.2018

Համաներումը չտարածվեց զինվորի մոր վրա, ով չորս երեխա ունի ու գողացել էր 4000 դրամ

Մի փոքրիկ հիշեցում։

2017 թվականի հուլիսի 8-ին Սիսիանի բնակիչ, 4 երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը ընկերուհու տանը, ննջասենյակի պահարանի վրա դրված պայուսակի մեջ եղած դրամապանակից գողացել էր 4000 դրամ։ Դատարանի վճռով Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 6.6 տարվա ազատազրկման, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է և 4 երեխա ունի, դատարանը մեղմել էր պատիժը` սահմանելով 5 տարվա ազատազրկում։

Մամուլի ասուլիսիսներից մեկի ժամանակ Հասմիկ Սարգսյանը պատմում է, որ որ իր ընտանիքը սովամահության վտանգի առջև է կանգնած: Լավ չէ նաև նրա առողջական վիճակը՝ հինգ անգամ վիրահատվել է, նրա 19-ամյա տղան ծառայում է ՀՀ զինված ուժերում: Տղան ունի առողջական խնդիրներ, երակի լայնացում և կիստա, որի համար վիրահատվել է զինվորական հոսպիտալում, այժմ գտնվում է տանը՝ մայրական խնամքի ներքո: Առողջական խնդիրներ ունեն նաև երեք դուստրերը, միջնեկ դստեր մոտ բժիշկները էպիլեպսիա են կասկածում։ Երեխաներին մեծացնում է միայնակ. ընտանիքի հայրը հեռացել է նրանցից, և 2016 թվականին ընտանիքին վտարել է իր բնակարանից ու չի աջակցում իր երեխաներին։

Բոլորդ երևի հիշում եք Հասմիկ Սարգսյանին, Սիսիանի բնակչուհի։ Ուներ բազմաթիվ առողջական խնդիրներ։ Աշխատել է փռում, բայց առողջական խնդրների պատճառով դուրս եկել։ Վիրահատվել է չորս անգամ։ **Սոցիալական աջակցություն չի ստացել։ **Մուգ գրելուս իմաստը հասկացաք։ Մարդը, որ չի աշխատում և սոցիալական աջակցություն չի ստանում, իր երեխաների կամ իր գոյությունը պահելու համար այլ քայլերի է դիմում։

Հիմա Հասմիկին պիտի բռնեի՞ն, թե՞ նրա ընտանիքին անապահովության նպաստից կտրողին․․․ Հա, կարող ենք ասել՝ Հասմիկ «գնա օչխար պահի», բա իր 4 երեխեքին ո՞վ պահեր․․․

Բայց դա հարցի մի կողմն է։ Հասմիկ Սարգսյանի պաշտպանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրազեկեցին, որ համաներումը բազմազավակ մոր վրա չի ազդել։

Աղքատությունից, անզորությունից, «երեխեքը սովից չմեռնելու համար» գողություն անողին՝ այն էլ՝ 4000 դրամ, համաներում չի հասնու՞մ․․․ Ժողովուրդ, այ սրա համար ձեն ձենի տվեք, սրա համար հայհոյեք, թե չէ «Մեր թագավորն ապրածի կենայի համար» հայհոյողներին, աղմկողներին չես հասկանում։

Ասում են՝ կրկնահանցագործ է, վա՜յ ձեր խիղճը կտրվի, երեխեքը հաց են ուզում․․․ հո մի անգամ կշտանալով չպրծա՞վ․․․ Ժամանակին Հասմիկը լրագրողներին պատմել է, որ երեխաներին պահելու համար 3 անգամ գողություն է կատարել, որից երկուսի դեպքում գումար, մեկի դեպքում սնունդ՝ պանիր ու պահածո: Վերջին անգամ գողություն է կատարել է իր ծանոթի տնից՝ հափշտակելով ընդամենը 4000 դրամ։

Նոր կառավարությանը պիտի հիշեցնել, որ եկել է «հացի խնդիր լուծի», որ եկել է ոչ թե նպաստները կտրելուց սկսի, այլ աշխատատեղեր ապահովելուց հետո նոր նպաստներին անդրադառնալու։ Նոր կառավարության պիտի հիշեցնել, որ համաներումը առաջինը պիտի տարածվեր Զինվորի մոր վրա, ով իր 4 անչափահասներին պահելու համար 4000 դրամ է գողացել․․․

Հասմիկ Բաբաջանյան

Աղբյուր՝ hraparak.am

17:00 12.11.2018

Ամենաշատ ընթերցվածները