ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ով ճռռա, իսկ ով սանատորիա գնա
21:00 12.11.2018

Ով ճռռա, իսկ ով սանատորիա գնա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում 800,000 մարդ 350,000 աշխատողից պահանջում է, որ իրենց նպաստը, աշխատավարձը, թոշակները լավացնեն, առողջապահությունն անվճար դարձնեն, ճանապարհները կառուցեն։

Հատկանշական է, որ նույն թեմայի մասին 2017թ․ դեկտեմբերի 9-ին Երևանում խոսել էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Երրորդ նախագահը նույնպես ասում էր, որ մենք պետք է կշտամբենք պորտաբույծներին, որպեսզի նրանք չնախանձեն ունևորներին և այլն: Իրականում ամեն ինչ շատ ավելի խորքային է և հետաքրքիր, քան այս պարզունակ զուգադիպությունը: Դե ի՞նչ, պատրա՞ստ եք իսկապես խորանալ և հասկանալ ազգային թամբալության կամ պորտաբուծության մեխանիկան, ուրեմն մնացե՛ք մեզ հետ:

Թվերը ճշգրտենք միասին

Մի քանի օր է՝ ողջ երկրի տնտեսագետները և պարզապես թիվ-թվաբանություն սիրող-հարգող մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ 350 ու 800 հազար մարդկանց մասին է խոսել վարչապետի պաշտոնակատարը: Ախր մեր վիճակագրական վարչությունում չկան այդպիսի թվեր: Իսկ վիճակագրական տվյալներից բացի ինչ ուրիշ վստահելի թվեր կան՝ ոչ ոք չգիտի: Ինչևէ, ունենք կոնկրետ չաշխատողների կամ հարկ չվճարողների հետևյալ թվերը:

110 000 գործազուրկ, որոնք հույս չունեն, որ գործ կգտնեն

120 000 գործազուրկ, որ դիմել են գործակալություն աշխատանքի համար

123 000 հաշմանդամ կամ հիվանդ մարդ

142 000 ուսանող

194 000 ընտանեկան հանգամանքների պատճառով չաշխատողներ

490 000 թոշակառու

320 000 գյուղատնտեսությամբ զբաղվողներ, որոնք հարկ չեն վճարում

30 000 փորձում են լքել երկիրը

Հիմա որ այս բոլոր թվերը գումարեք իրար, կստացվի որ էս անտերուդուս երկրում 1 500 000 մարդ հարկ չի վճարում, ես դրանց ինչն եմ ասել: Այսինքն՝ չնայած որ ես՝ նվաստս, վարչապետի տնտեսական խորհրդականը չեմ, ինչպես հասկանում եք, ավելի լավ եմ տիրապետում չաշխատող, պորտաբույծ համաքաղաքացիների թվին: Բայց դա չէ մեր խնդիրը, չնայած դա էլ է խնդիր, որ վարչապետի պաշտոնակատարը դուզգյունի թվերն էլ է խառնում, այլ այն է, որ յուրաքանչյուր այս խմբին միկրովիրաբուժական մոտեցում է պետք: Այստեղ, գիլյոտինով պորտաբույծների գլուխները թռցնելով՝ խնդիրը չես լուծի: Սրա մասին ավելի մանրամասն՝ ստորև:

Աշխատելը կարող է լինել ոչ ձեռնտու

Այո՛, սա կարող է առաջին հայացքից աննորմալ թվալ, բայց այսպիսի բան կա: Տեսեք, եթե իմ հարևան գիտնականը կամ բարեկամ քաղծառայողն աշխատի, ապա այսօրվա աշխատաշուկան նրան կառաջարկի մոտ 65 000 դրամ: Հայաստանում այս և շատ ու շատ մասնագիտություններով աշխատանքն առանձնապես չի գնահատվում: Այդ 65 000-ից 30000 դրամը նա կծախսի տրանսպորտի, ևս 30 000 դրամ ճաշելու համար: Ամբողջ օրը աշխատավայրում գտնվելու պատճառով նրանց երեխաների կրթության և խնամքի հարցը կմնա վերահսկողությունից դուրս, ինչը նշանակում է, որ իրենց ընտանեկան բյուջեից պետք է 80 000 դրամ վճարեն դայակին, որը կխնամի երեխաներին, դասերը կսովորեցնի և ուղղակի ճաշ կմատուցի, երբ նրանք վերադառնան մանկապարտեզից և դպրոցից: Ինչ որակի խնամք և կրթություն կտա դայակն իրենց երեխաներին, դեռ հարց է, բայց մենք բոլորս հասկացանք, չէ՞, որ հայկական իրականության մեջ կան դեպքեր, երբ մարդու աշխատելն ավելի ծախսատար է, քան չաշխատելը: Կոպիտ ասած՝ «Ես այդքան հարուստ չեմ, որ իմ կինն աշխատի» արտահայտությունն իրատեսական է, էլ չեմ ասում, որ աշխատող կնոջը նորանոր զգեստներն են պետք, իսկ դա ավելի պրոբլեմատիկ է: Սա, իհարկե, բոնուսային կատակ էր: Դրա համար էլ մարդիկ ճռռում են, իսկ իրենց կանայք էլ «պորտաբույծի» պես երեխաների հարցերն են լուծում, քանզի մեր ընտանիքներում կրթությունը և դաստիարակությունը շատերն են կարևորում, քան ոչ ձեռնտու զբաղվածության հարցը:

Կան, իհարկե, ավելի պարզ սխեմաներ: Երբ գյուղացին կով է գնում վարկով, հետո դրանք դաբաղից սատկում են, ու ինքն այնպես է ճռռում վարկերի տակ, որ էլ չի ուզում նորից նախաձեռնող լինել ու նորից վարկով այգի տնկել, գրանցվել, հարկատու դառնալ, քանի որ մեր երկրում իսկի մարդու կյանքի որակյալ ապահովագրություն չկա, էլ ուր մնաց՝ կովի դաբաղի:

Օրինակները կարող եմ շարունակել, բայց ինձ թվում է՝ ձեզ պարզ դարձավ, որ խնդիրը պորտաբուծությունը չէ, այլ այն, որ մենք 27 տարում չկարողացանք այնպես անել, որ աշխատելը ձեռնտու լինի հասարակ մարդկանց, այլ ոչ միայն օլիգարխներին և իշխանության մտերիմներին, ովքեր ձգտում են մենաշնորհի:

Աղքատությունը ինդիվիդուալ է

Չի կարելի բոլոր աղքատ, նպաստառու, թոշակառու, ուսանող և մյուս-մյուս խմբերին ուղղակի պորտաբույծ անվանել: Պետք է շատ հստակ հասկանալ այդ աղքատության և պահանջատիրության սկզբնաղբյուրը: Օրինակ, նկատել եմ, որ պորտաբուծության կամ աղքատության հիմնական խնդիրը մարդկանց տգիտությունն է: Եթե կառավարությունը ճիշտ ծրագիր մշակի, հստակ վերապատրաստման դասընթացներ կազմակերպի ըստ նախասիրությունների, ապա շատ-շատերը կարող են դուրս գալ հավերժ պարտք լինողի կարգավիճակից: Միջին մասնագիտական կրթության ինստիտուտները ոչնչացված են Հայաստանում, սակայն գործատուները պնդում են, որ խայտառակ մեծ պահանջ կա խոհարարների, մատուցողների, էլեկտրիկների, խառատների և մյուսների: Իսկ փեշակ ունեցողը, ինչպես գիտենք, մինչև կեսօր է սոված, օրվա երկրորդ կեսը բոլոր վարպետները կերած-խմած են լինում: Բիզնեսմեններ կան, որ արդեն բանվորների չորրորդ խումբն են հեռացնում աշխատանքից, քանի որ վերջիններս չեն ուզում արկղեր կրել ամիսը 180 000 դրամով և պահանջում են 300 000 դրամ աշխատավարձ, քանի որ տեսնում են սեփանակատերերի ջիփերը և նախանձում են: Այդ իսկ պատճառով շատ ու շատ գործարարներ որոշում են կայացրել հնդիկ կամ պակիստանցի ուսանողներ ընդունել աշխատանքի, քանի որ նախորդ իշխանություններն արգելում էին նախապատվություն տալ օտարերկրացիներին՝ իբր մեր քաղաքացիներին պաշտպանելու համար: Ինչ ստացվեց արդյունքում, տեսանք, որ նախորդ և ներկա վարչապետները մեր ժողովրդին անվանեցին պորտաբույծ:

Սոցիալական արդարությունն անհրաժեշտ է

Միանշանակ չի կարելի ակնհայտորեն կրթված և դաստիարակված մարդկանց անվանել պորտաբույծ, եթե իրենք չեն ուզում ինչ-որ օլիգարխի վարորդի որդու ընկերությունում վարորդ աշխատել 50 000 դրամով: Փողը լավ բան է, բայց չի կարելի նսեմանալ՝ արդարանալով, թե՝ ինչ անեմ, ցանկացած գնով փող է պետք: Օրինակ ես, որ գործազուրկ էլ լինեմ, չեմ գնա Հրազդանի նորընտիր քաղաքապետի մոտ աշխատելու, քանի որ այդ քաղաքապետի միակ շնորհքն այն է, որ նա լողորդ է ու ՔՊ-ական Սասուն Միքայելյան անունով պապա ունի: Միգուցե սիրո և հանդուրժողականության տեսանկյունից ջահել, անկիրթ երիտասարդը պետք է քաղաքապետ լինի և հրամայի, բայց կներեք, սոցիալական արդարության տեսանկյունից, երկու բարձրագույն կրթությամբ, 3 լեզվի տիրապետող մարդը չպիտի նրա կողմից ղեկավարվի միայն այն պատճառով, որ վարչապետն իրեն պորտաբույծ չասի: Իմ խորին համոզմամբ պորտաբույծ մարդը կրթություն, հմտություն և աշխատելու ցանկություն չունեցող մարդն է:

Մեր չաշխատողներն ուղղակի սոցիալական անհավասարության պայմաններում ծանր ու թեթև անող, դեռևս չմոտիվացված քաղաքացիներ են: Նրանց աշխատելու մոտիվացիայով պետք է զբաղվի կառավարությունը, և միայն այն բանից հետո, երբ նրանց կառաջարկվի վերապատրաստման դասընթաց՝ ըստ մասնագիտության, և նրանք էլ կհրաժարվեն, այդ դեպքում կարելի է նրանց ոչ միայն պորտաբույծ, այլև քաչալ շուն ու գող փիսո էլ անվանել:

Արման Սուլեյմանյան

21:00 12.11.2018

Ամենաշատ ընթերցվածները