ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կարևորագույն հարցերից մեկը ֆուտբոլը մարզերում զարգացնելն է. Արթուր Վանեցյան
17:00 14.11.2018

Կարևորագույն հարցերից մեկը ֆուտբոլը մարզերում զարգացնելն է. Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջին հանդիպումն է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

ՀՖՖ-ի շենքում ընթացած հանդիպման ընթացքում Վանեցյանը փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանի, Արմեն Նիկողոսյանի, ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանի հետ պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին, լսել է կարծիքներ։ 

Գլխավոր թեմաներից մեկը ազգային ստադիոն ունենալու մտադրության նորությունն էր։ Վանեցյանն ասաց, որ դա իր երազանքներից մեկն է։ 33 հազար հանդիսական պարունակող ստադիոնի կառուցման համար նախատեսված է մոտ 100 միլիոն դոլար։ Ակտիվ բանակցություններ են ընթանում ներդնողների հետ։ Պաշտոնյաները հայտնեցին նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս տեղափոխվելու է ստադիոնի տարածք։

Քննարկվեց նաև «Հրազդան» ստադիոնի հարցը. ՀՖՖ նախագահն ասաց, որ կառույցը Հայաստանի բանկերից մեկում 26 միլիոն դոլարի դիմաց գրավ է դրված։ Հիշեցրեց նաև, որ վերակառուցման համար ահռելի գումար է հարկավոր։ 

Վանեցյանը նշեց, որ կարևորագույն հարցերից մեկը ֆուտբոլը մարզերում զարգացնելն է։ Նա ասաց, որ ակտիվ բանակցում են Կապանի ստադիոնի սեփականատիրոջ հետ. նպատակ կա «Գանձասար-Կապանին» վերադարձնել հարազատ քաղաք։ Ծրագրեր են իրականացվում նաև Եղեգնաձորում, որտեղ կառուցվելիք խաղադաշտում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի Մ17 հավաքականը։

ՀՖՖ ղեկավարությունը շեշտեց մարզիչների դերը հայկական ֆուտբոլում։ Վանեցյանը խոսեց մարզիչներին համապատասխան գիտելիքներով ապահովելու անհրաժեշտության մասին։

Այս և այլ հարցերի մասին կոնկրետ քննարկումներ են ունենալու այն մասնագետի հետ, ով կստանձնի ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Պաշտոնյաները անուն չտվեցին, իսկ Մելիքբեկյանն ասաց, որ առաջիկայում հանդիպումներ է ունենալու տվյալ մասնագետի հետ, ով միջազգային մեծ ճանաչում ունի:

Հայաստանի առաջնությունում լեգիոներների սահմանափակման մասին Արմեն Մելիքբեկյանը խոսեց` նշելով, որ մանրամասն ուսումնասիրում են միջազգային առաջատար համակարգերի փորձը, մեզ մոտ կիրառելու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ հիմնական կազմի վրա լիմիտ չի դրվի, քննարկվում է հայտացուցակի վրա կիրառելու բանաձևը։ Վանեցյանը հայտնեց, որ այդ հարցով ֆուտբոլային աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ունենում։

Քննարկվել է նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբ ունենալու հնարավորությունները։ Այդ հարցով ևս ծավալուն բանակցություններ են ընթանում Պաշտպանության նախարարության հետ։

Ի մի բերելով հանդիպումը` ՀՖՖ նախագահը կարևորեց լրագրողների հետ նման ֆորմատի հանդիպումները, հայտնեց, որ աշխատանքների ընթացիկ փուլում կարևոր են մասնագիտական կարծիքները։

Աղբյուր՝ operativ.am

17:00 14.11.2018