ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վերանորոգման ճանապարհին
20:00 14.11.2018

Վերանորոգման ճանապարհին

Անհրապույր պայմաններ, գեղագիտական ճաշակ

Կապանի մանկական գեղարվեստի դպրոցին լուսավորություն և գույներ են հաղորդում աշակերտներն ու նրանց նկարները։ Այս պատերի ներսում խորհրդային տարիների նորոգում է, վառարանի մրի ու ծխի հետքեր։ Գեղագիտական դաստիարակություն երեխաները ստանում են վատ պայմաններում, բայց նրանց կտավներում վառ գույներն են գերակշռում։ Շնորհաշատ երեխաները ամեն տարի մասնակցում են հանրապետական ու միջազգային մրցույթների, ունենում ձեռքբերումներ։ Գծանկարի դասաժամին, երբ այցելեցինք դպրոց, բնական լույսը հազիվ էր սողոսկում պատուհանից ներս։ Ուսուցիչները պատմում են, որ հաճախ ստիպված են լինում հավելյալ լույսեր կախել, որպեսզի երեխաների համար տեսանելի լինի։ Անմխիթար շենքում տարիներ շարունակ բազում սերունդներ կրթելով՝ երկարամյա տնօրեն Ստեփան Դավթյանը հույսը չի կորցնում, որ մի օր դպրոցը կհիմնանորոգվի։ Այս տարի 22 աշակերտի ընդունելություն են  կատարել, ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ սաների թիվը հասնում է 48-ի։ Տնօրենը նշում է, որ երեխաների խեցեգործական աշխատանքները վերջնական մշակման չեն ենթարկվում։ Թրծման համար վառարան ունենալը երազանք է։

Մեկ շենքում 2 դպրոց

Առաջին հարկում գեղեցիկ կտավներ են ծնվում, երկրորդում իրար են միախառնվում դաշնամուրի, ջութակի, քանոնի, դհոլի, փոքրիկների քաղցրահնչյուն երգերի ձայները։ Թիվ երկու երաժշտական դպրոցում ենք։ Հենց մուտքի մոտ ֆլեյտայի դասարանն է, մի քանի քայլ առաջ ենք անցնում, հանդիպում ծնողներին, ովքեր սպասում են բալիկների պարապմունքի ավարտին։ Աննա Մկրտչյանի երկու երեխաներն այս դպրոց են հաճախում։ «Եթե կահավորված լինի, տաք լինի, երեխաները ավելի հաճույքով կգան, հաճախակի չեն հիվանդանա ու չեն բացակայի», - ասում է։

Դաշնամուրի դասատու Արմինե Ավետիսյանը մեզ հրավիրում է իրենց դասասենյակ։ Դուռը բացվելուն պես տեսանք, թե ինչպես է 10-ամյա Լիան էլեկտրական ջեռոցի մոտ ձեռքերը տաքացնում։ Աղջնակի խոսքով՝ դաշնամուրի ստեղներին սառը մատներով հպվել չի լինի։ Ստեղները պետք է զգան ձեռքերի ջերմությունը։ Հետո դասատուի հետ միասին սկսեցին թերթել նոտաների գիրքը, ընտրել նոր դաս, ու 46 տարվա «Կոմիտաս» դաշնամուրից լսվեցին առաջին հնչյունները՝ չթողնելով, որ օդամղիչ ջեռոցից եկող աղմուկը իշխի դասասենյակում։

Կապանի թիվ երկու երաժշտական դպրոցը այս տարի 172 սան ունի։ Կրթօջախի տնօրեն Գայանե Հարությունյանը հպարտությամբ պատմում է, որ միայն վերջին 4 տարում հասցրել են տարաբնույթ մրցույթների մասնակցել։ Մրցանակների թիվը 2 տասնյակից անցնում է։ «Այստեղ նվիրյալներ են աշխատում։ Նախանցյալ տարի հասանք մինչև Մոսկվա, գլխավոր մրցանակի արժանացավ մեր աշակերտը, իսկ ուսուցիչը՝ առաջին կարգի մրցանակի, վոկալի դասարանից», - նշեց տնօրենը։

Ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Անցյալ տարի նոյեմբերին, երբ հանդիպեցինք Դավթյանին, մեզ հետ զրույցում նշել էր, որ դպրոցի նորոգման հարցը ընդգրկվել է համայնքի զարգացման քառամյա ծրագրում և շատ հնարավոր է, որ վերջապես 2018-2019թթ․ բաղձալի ցանկությունը իրականություն դառնա։ Ավելի ուշ՝ դեկտեմբերին, երբ Կապանի համայնքապետարանում այդ ժամանակվա համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Դմիտրի Ուշկովը 2018թ․ համայնքում իրականացվելիք ներդրումային ծրագրի մասին համաձայնագիր կնքեցին, պարզ դարձավ, որ 15.8 մլն դրամ պատրաստվում են հատկացնել Կապանի մանկական գեղարվեստի դպրոցի և N2 երաժշտական դպրոցի նորոգմանը՝ մասնավորապես նախատեսվում էր փոխել կրթօջախների դռներն ու պատուհանները, նորոգել տանիքը։ Այդ ամենը կատարվեց, սակայն կրթօջախների խնդիրները դրանով լուծված համարել չի կարելի։ Օրերս հայտնի դարձավ, որ Կապանի համայնքապետարանի  և Կապանի  լեռնահարստացման կոմբինատի միջև կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում փոփոխություն է կատարվել։ 2018թ․ ձեռնարկությունը պատրաստվում էր 100 միլիոն դրամ տրամադրել համայնքին` Բաղաբերդ թաղամասում նոր մանկապարտեզ կառուցելու համար, բայց սոցներդրումների հիմնադրամի հետ համատեղ իրականացվելիք ծրագիրը չեղարկվել է, և քննարկումների արդյունքում որոշվել է այդ գումարը նպատակաուղղել մանկական գեղարվեստի դպրոցի և թիվ 2 երաժշտական դպրոցի հիմնանորոգմանը և գույքի ձեռքբերմանը։

Համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Սարգսյանի խոսքով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերն են կարգի բերում՝ կոմբինատի ղեկավարությանը ներկայացնելու համար։ Ձեռնարկությունից էլ տեղեկացանք, որ համաձայնագրում փոփոխությունը կատարվել է փոխադարձ համաձայնությամբ,  սպասում են այդ փաստաթղթին, որպեսզի առաջիկա անելիքները պարզ լինեն։

Նելլի Միրզախանյան

20:00 14.11.2018

Ամենաշատ ընթերցվածները