ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Samsung-ը 132.000-ական դոլար կվճարի արտադրամասերում հիվանդություններ ձեռք բերած աշխատակիցներին
19:00 25.11.2018

Samsung-ը 132.000-ական դոլար կվճարի արտադրամասերում հիվանդություններ ձեռք բերած աշխատակիցներին

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել այն աշխատակիցներից, որոնք չիպերի ու հեղուկ-բյուրեղային էկրանների արտադրամասերում տարբեր, այդ թվում՝ ուռուցքաբանական հիվանդություններ են ձեռք բերել:

Ինչպես նշում է koreabizwire.com կայքը, ընկերության նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Կիմ Կի Նամը խորին ցավակցություններ հայտնելուն զուգահեռ նշել է, որ Samsung-ը ջանք չի խնայի փոխհատուցման ծրագիրն ամբողջությամբ իրագործելու համար:

«Սիրելի աշխատակիցներն ու նրանց ընտանիքները երկար ժամանակ տառապել են, սակայն Samsung Electronics-ն ավելի շուտ այս խնդրին չի անդրադարձել: Մենք հաշվի չենք առել այդ ցավն ու հարցը հավուր պատշաճի չենք լուծել: Բացի այդ, Samsung Electronics-ը հաշվի չի առել չիպերի ու հեղուկ-բյուրեղային էկրանների արտադրական գծերում հավանական առողջական ռիսկերը: Այսօր մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում այն աշխատակիցներից, նրանց ընտանիքներից, որոնք տառապել են աշխատանքի հետ կապված հիվանդություններից»,- ասել է Կիմ Կի Նամը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության շուրջ սկանդալը ծագել էր 2007թ., երբ տեխնոլոգիական «հսկայի»՝ չիպերի արտադրական գծի աշխատողներից մեկը մահացել է արյան քաղցկեղից:

Տուժածները պահանջել են, որ Samsung-ը փոխհատուցում տրամադրի, ներողություն խնդրի ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկի նման դեպքերի կանխման համար:

Ավելի ուշ բժշկական հանձնաժողովը որոշել է, որ ընկերությունը պետք է յուրաքանչյուր հիվանդի փոխհատուցում վճարի 132.000 դոլարի չափով:

Աղբյուր՝ tert.am

19:00 25.11.2018