ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ՏԸՀ-ի անդամները վերապատրաստվում են
20:00 04.12.2018

ՏԸՀ-ի անդամները վերապատրաստվում են

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեսահոլովակում ասվում է․ քվեաթերթիկի առաջին էջում, որտեղ կուսակցության ու երեք լիդերների անուններն են, նշում պետք չէ կատարել, մինչդեռ ինչպես  տեղեկացանք տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ վերապատրաստման դասընթաց անկացնող մասնագետից, եթե ընտրողը պատահմամբ, այնուամենայնիվ, առաջին էջում ինքնաբերաբար որևէ անվան դիմաց դնի V-աձև նշանը, քվեաթերթիկը վավեր կհամարվի։  Եթե V-աձև նշանի փոխարեն այլ նշան լինի դրված, քվեաթերթիկը անվավեր կհամարվի։ Ըստ վերապատրաստող Սևակ Մարկոսյանի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է նման որոշում ընդունել` հիմք ընդունելով ընտրողի ձայնի իրավունքի գերակայությունը։

Ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է վերապատրաստաման դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար։ Այն ֆինանսավորում են ՀՀ կառավարությունը ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Իրականացնում է ԱՅ-էֆ-Ի-Էս միջազգային կազմակերպությունը տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատակիցների հետ միասին։ Կապան խոշորացված համայնքի Խդրանց բնակավայրի տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված Լիանա Ասրյանի խոսքով՝ շատ կարևոր է վերհիշել գործառույթները։ ՏԻՄ ընտրությունների համեմատ փոփոխություններ կան։ «Հանձնաժողովը պետք է լավ պատրաստված լինի՝ տեղամասում այդ օրվա աշխատանքին չխոչընդոտելու և ընտրությունը սահուն կերպով կազմակերպելու համար», - ասում է։

Նոյեմբերի 25-ից ԱՅ-էֆ-Ի-Էս-ի ուսուցանողը Կապանում է։ Դասընթացները սկսել են մարզկենտրոնից․ նախատեսվում է մինչև դեկտեմբերի 7-ը վերապատրաստել Կապան, Քաջարան, Մեղրի համայնքներում ձևավորված թվով 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին։

Այս ամենի նպատակն է հանձնաժողովների անդամներին ևս մեկ անգամ իրազեկել իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, բացի դրանից՝ ծանոթացնել համակարգում տեղ գտած հնարավոր փոփոխություններին և ընտրության գնալ տեղեկացված հանձնաժողովի կազմով։ Դասընթացի ժամանակ ուսուցանողների մատուցած տեսական նյութից բացի՝ մասնակիցները  նաև վարժությունների միջոցով են ամրապնդում իրենց գիտելիքները։ Առավել մանրամասն  հանձնաժողովականները կարող են տեղեկանալ հատուկ տպագրված ուղեցույց-ձեռնարկից, որը նրանց ձեռքի տակ կլինի։

Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, քվեարկության կարգն էլ նույնն է մնացել, միայն քվեաթերթիկների թիվն է ավելանալու։ Քվեախցիկ մտնելու ենք 11 քվեաթերթիկով, ընտրելու ենք մեկը, մյուսները նետելու ենք դրա համար նախատեսված արկղը։

Նելլի Միրզախանյան

 

20:00 04.12.2018

Ամենաշատ ընթերցվածները