ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ռուզանը» բարձրացավ Գորիսի բեմ
21:00 05.12.2018

«Ռուզանը» բարձրացավ Գորիսի բեմ

Գորիսի Վ․Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում (տնօրեն՝ ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյան) նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ռուզան» պատմական դրամայի առաջնախաղը։ Ինչպես բեմադրող ռեժիսոր Ասյա Սիրեկանյանն է ասում, սա Գորիսի պետթատրոնում բեմադրվող առաջին պատմական գործն է՝ ստեղծված դասական գրականության համանուն ստեղծագործության վրա․ «13-րդ դարի ամբողջ կոլորիտը ձգտել ենք պահպանել՝ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության, պար, հանդերձանքի, արտաքին միջավայրի համադրությամբ։ Օգտագործել ենք նաև պտտվող բեմի բոլոր հնարավորությունները և միզանսցենաների միջոցով հանդիսատեսին տեղափոխում էինք հայկական միջավայրից թաթարական և հակառակը»։

Ինչպես խոստովանում է ռեժիսորը, մտավախության կար հանդիսատեսին մինչև ներկայացման ավարտը դահլիճում պահելու, քանի որ, ինչպես գիտենք, կոմերցիոն ներկայացումներն այսօր ավելի մեծ «վարկանիշ» ունեն։ «Բայց մեկուկես ժամվա ընթացքում հանդիսատեսը ոչ միայն չի լքել դահլիճը, այլև շունչը պահած և համակ ուշադրությամբ հետևել է գործողություններին։ Ամեն փակվող տեսարանից հետո հնչում էին բուռն ծափահարություններ, ինչը, պետք է խոստովանենք, հաճելիորեն զարմացրեց մեզ։ Մի խոսքով՝ «Ռուզանը» Գորիսի հանդիսատեսը շատ լավ ընդունեց», - նշեց ռեժիսորը։

Մեր հարցին, թե այլ թատրոնների հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել ներկայացումը, Ասյա Սիրեկանյանը պատասխանեց, որ քանի որ օգտագործել են պտտվող բեմի հնարավորությունները, իսկ ոչ բոլոր թատրոններն այդ հնարավորությունն ունեն, գուցեև որոշակի փոփոխություններ անելով և այլ թատրոններին հարմարեցնելով՝ ներկայացումը հյուրախաղերի գնա։

Մայրաքաղաքից Գորիս տեղափոխված երիտասարդ ռեժիսորը մեծ ոգևորությամբ է աշխատում տեղի թատրոնի անձնակազմի հետ․ «Տնօրենը ներկայացման հաջողության համար ամեն հնարավորը անում է։ Երիտասարդ, տաղանդավոր դերասաններ ունենք, իսկ առավել փորձառուներն աջակցում և ոգևորում են իրենց խորհուրդներով։ Համոզված եմ՝ թիմային աշխատանքի շնորհիվ Գորիսի թատրոնը կբարձրացնենք մի նոր հարթակի վրա»։

Այս օրերին «ԱրմՄոնոPlus» թատերական փառատոնի շրջանակում կայացավ նաև թատրոնի «Ես սպասում եմ քեզ, սիրելի՛ս» մոնոներկայացումը: Իսկ դեկտեմբերի 20-ից փոքրիկ հանդիսատեսի համար ամանորին նվիրված ինտերակտիվ «Ամանորյա ռիթմեր» ներկայացում կբեմադրվի, ինչպես պատասխանատուներն են ասում, բոլորովին նոր մոտեցումներով։

Արմինե Հարությունյան

21:00 05.12.2018

Ամենաշատ ընթերցվածները