ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երեխաները մարզում են միտքը
19:00 06.12.2018

Երեխաները մարզում են միտքը

Երեխաների միտքը մարզելու, արագ կողմնորոշվելու ընդունակությունը զարգացնելու  այլընտրանքային հնարավորություն  են տալիս IQ կենտրոնները։ Ճապոնական հաշվարկի այս մեթոդին սկսել են տիրապետել Սիսիանի, Գորիսի, այժմ էլ արդեն Կապանի երեխաները։ Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ IQ կենտրոնի Կապանի մասնաճյուղի բացումը։ 

Ինտելեկտի բարելավման, ուղեղի նոր գործառույթների բացահայտման հնարավորություն ընձեռող    կենտրոնը հանրապետությունում թվով 16-րդ է։ Հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանը նշեց, որ սկզբնական շրջանում երեխաները մենթալ թվաբանություն կսովորեն, հետո նախատեսում են ամբողջ ծրագիրը ներդնել․ խոսքը ավազանկարչության, արագ ընթերցանության, թաղիքագործության, ասեղնագործության մասին է։ «Մեզ համար շատ կարևոր է մենթալ թվաբանությունը հասանելի դարձնել ոչ միայն Երևանի երեխաների համար, այլ նաև մեր մարզերի փոքրիկների համար», - ասաց նա։

IQ կենտրոնների հիմնադիր-տնօրեն Յուլյա Գասպարյանը ընդգծում է, որ միջազգային փորձն են ներդնում Հայաստանում։ Կենտրոնը մի քանի միջազգային ասոցիացիաների անդամ է, տպագրել են նաև հատուկ ձեռնարկներ, աշխատանքային տետրեր, որոնցով սովորեցնում են երեխաներին։

IQ-ն Կապան բերելու գաղափարը Գոհար Փարսյանինն է։ Ասում է՝ ձգտել են, որ մայրաքաղաքի կենտրոնից չտարբերվի թե՛ կահավորանքով, թե՛ ուսումնամեթոդական նյութերով։ «Ամսական 10 հազար դրամ կլինի վարձը, երեխաները շաբաթական մեկ անգամ 2 ժամ տևողությամբ պարապմունք կունենան», - ասում է մասնաճյուղի տնօրենը։ 

Մենթալ թվաբանությունը զարգացնում է երեխաների հիշողությունը, տրամաբանությունը, կենտրոնացումը։ «Երեխաների ուշադրության կայունացումը կարծես 21-րդ դարի խնդիրներից է։ Դասերի ժամին կարող են ամեն ինչի մասին մտածել, բացի բուն ուսումնական նյութի վրա կենտրոնանալուց», - ասում է երկարամյա մանկավարժ Լուսինե Բալայանը։ Ակնկալում է, որ երեխաները, հաճախելով այս կենտրոն, կհաղթահարեն այդ խոչընդոտը։

Գորիսի IQ կենտրոնի սան Բաբկեն Առուստամյանը, ով արդեն ամիսներ շարունակ հաճախում է պարապմունքների, երկնիշ ու եռանիշ թվերով հաշվարկին տիրապետում է։ Խոստովանում է՝ դպրոցում մաթեմատիկա առարկան չէր սիրում, հիմա թվերի աշխարհում չի խճճվում, ավելին՝ մտքի ճկունության շնորհիվ բանավոր սկսել է արագ հաշվել։ Մեթոդին տիրապետելու համար ամենաշատը կենտրոնացում է պահանջվում։ Մենթալ թվաբանության մեթոդը մարզում է երեխայի ուղեղը, զարգացնում աջ և ձախ կիսագնդերը։ Աբակ-հաշվիչ սարքով են մանուկները սկզբնական շրջանում սովորում, այնուհետև ամրապնդելով հիշողությունը՝ բանավոր սկսում հաշվել։

Որքանով է արդյունավետ կենտրոնը, գորիսեցի մայրիկներն արդեն համոզվել են սեփական օրինակով։ Կարմեն Ափունցը նկատել է՝ հաշվարկի այս նոր մեթոդին տիրապետելով՝ դուստրը նաև այլ առարկաներն է սկսել լավ սովորել, զարգացել է վերլուծական միտքը։

Գորիսի ուսումնական կենտրոնի մարզիչ Հերմինե Ակլունցի խոսքով՝ երեխաների հետաքրքրությունը մեծ է։ Իսկ Կապանում, չնայած նորություն է, արդեն հետաքրքրվողներ կան։

Նելլի Միրզախանյան

19:00 06.12.2018

Ամենաշատ ընթերցվածները