ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պայքարը թևակոխում է նոր փուլ
21:00 06.12.2018

Պայքարը թևակոխում է նոր փուլ

Ամիսներ շարունակ ցեմենտի գործարան բացելու դեմ պայքարից հետո կապանցիները փոխում են պայքարի ռազմավարությունը:  Իրավաբան Էդգար Հովհաննիսյանը ուսումնասիրել է «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ի անելիքների փաթեթը: Ասում է, որ ընկերության հետ «կխոսեն» փաստերով, այն էլ՝ դատարանում: Համայնքապետարանի նիստերի դահլիճի մուտքը փակելը տվեց իր արդյունքը. «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում հասկացան, որ օրենքը շրջանցելով չեն կարող արդյունքի հասնել ու առանց կապանցիների կարծիքի հետ հաշվի նստելու Կապանի օդանավակայանի հարակից տարածքում գործարկել ցեմենտի աղացման արտադրամաս: Ըստ բոյկոտողների՝ ընդդիմանալու ողջ նպատակն այն է, որ արտադրամասը տեղափոխվի մեկ այլ վայր, ավելի ճիշտ՝ բնակելի հատվածից հնարավորինս հեռու: 

«Ես, որպես Կապան քաղաքի բնակիչ, իրավասու եմ դիմել դատարան և վիճարկել, որովհետև արդեն տեսնում եմ, որ շատ հարցեր կան, որոնց պետք է իրավական գնահատական տրվեն, իսկ այդպիսի իրավասություն ունի  դատարանը, - պարզաբանում է իրավաբանը։ - Վիճարկելու նպատակն այն է, որ հասնենք փաստաթղթերը, այդ թվում՝ բոլոր երեք հանրային քննարկումները անվավեր ճանաչելուն, որովհետև իրենք ծանուցման, հրապարակման օրենսդրական պահանջը չեն պահպանել։ Տեխնիկական առաջադրանքն էլ, իմ կարծիքով, վիճարկման ենթակա է»։

«Մենք տեսնում ենք, որ հենց ընկերության ներկայացրած փաստաթղթերում կան որոշակի անճշտություններ, որոնք վերջերս կայացած երրորդ հանրային քննարկման ժամանակ բարձրաձայնեցինք: Իրենք ներկայացրին հաշվարկ՝ փոշու խտության թույլատրելի սահմանաչափը որոշելու համար։ Վերցնելով ելակետային սխալ տվյալներ՝ կարելի է ունենալ սխալ պատկերացում շրջակա միջավայրի վրա ազդեցության չափի վերաբերյալ։ Կառավարության սահմանած տվյալներից ոչ բոլորն էին ճշգրիտ հաշվարկվել: Սա արդեն փաստ է», - խոսքը եզրափակեց Էդգար Հովհաննիսյանը:

Արտադրամասի՝ շրջակա միջավայրի վրա  ունեցած  ազդեցության նախնական գնահատման հայտը հանրային չորս քննարկում է պահանջում։ Երեքն արդեն կայացել է։ Քննարկման բոլոր փուլերը անցնելուց հետո միայն բնապահպանության նախարարությունը շինթույլտվություն կտա։ Մինչդեռ տարածքում կատարված նկարահանումները փաստում են՝ ցեմենտի աղացման արտադրամասը գրեթե պատրաստ  է։ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ իրավաբան Ալիկ Ալեքսանյանը, չնայած հերթական անգամ չցանկացավ խոստովանել, որ, այո՛, օրենքը խախտել են, այդուհանդերձ ավելացրեց.  «Կապան համայնքի հետ ունեցել ենք վարչական վարույթ։ Հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը՝ համայնքը առաջարկել է կատարել հասարակական քննարկումներ և ստանալ շինթույլտվություն։ Կամ կունենանք շինթույլտվություն, կամ կքննարկենք, որ կառավարության համապատասխան թույլտվությամբ կարողանանք օգտվել ինքնակամ կառույցների օրինականացման կարգից», - հստակեցրեց իրավաբանը։ «Իսկ ինչ վերաբերում է արտադրամասը մեկ այլ վայր տեղափոխելուն, ապա առայժմ այդպիսի մտադրություն չունենք։ Դատարանում պաշտպանվել միշտ ենք պատրաստ, մենք էլ ունենք հակափաստարկներ։ Օրենքը նախատեսում է, որ չորրորդ հանրային քննարկումը կարող է լինել մայրաքաղաքում՝ ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Դրանից հետո ՊՈԱԿ-ը տալու է իր դրական կամ բացասական եզրակացությունը՝ հաշվի առնելով ազդակիր համայնքի առաջարկությունները», - եզրափակեց խոսքը ընկերության իրավաբանը:

Տեղեկացնենք, որ երրորդ հանրային քննարկման մի քանի բոյկոտից հետո Կապան համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Փարսյանի առաջարկությամբ որոշվեց նստել կլոր սեղանի  շուրջ, զրուցել, լսել դեմ ու կողմ կարծիքները։ Այդպես էլ վարվեցին, նշանակվեց մեկ այլ օր, և երրորդ քննարկումը կայացավ նոյեմբերի 28-ին։ Հարցի լուծման բանալին այսուհետ ղեկավարության ու հակադիր բևեռներում գտնվող իրավաբանների ձեռքում է։

Հերմինե Միքայելյան

21:00 06.12.2018

Ամենաշատ ընթերցվածները