ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սուր շնչառական վարակների տարեշրջան
17:00 09.12.2018

Սուր շնչառական վարակների տարեշրջան

Սուր շնչառական վիրուսային վարակները սեզոնայնությանը համահունչ, որպես կանոն, գլուխ են բարձրացրել։

Մինչև վեց ամսական երեխային կերակրել բացառապես կրծքով․ վերջին տարիներին հաճախ ենք լսում մասնագետներից այս հորդոր-կոչը։ Շեշտվում է՝ մայրական կաթը անփոխարինելի սնունդ է փոքրիկի համար, պարունակում է անհրաժեշտ բոլոր վիտամինները։ Երբ լրանում է երեխայի 1 տարին, և շատ դեպքերում մայրական կաթի պաշտպանիչ նշանակությունը նվազում է, ակտիվանում են երեխաների շփումները, և սուր շնչառական վարակներով հիվանդանալու հավանականությունը մեծանում է:

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սուր են անվանում այն վարակները, որոնք տևում են մինչև 30 oր: Կան նաև քրոնիկ վիճակներ, որոնք սուր չեն, բայց կարող են անհանգստացնել: Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում տարվա այս ժամանակահատվածում հիմնականում մինչև 5 տարեկան երեխաներն են բուժում  ստանում։  Սուր շնչառական վարակների ու գրիպի նկատմամբ ամենախոցելի խումբը հենց նրանք են։ Բաժանմունքի օրդինատոր, երկարամյա մանկաբույժ Լարիսա Ջհանգիրյանի խոսքով՝ շրջանառության մեջ ոչ թե մեկ, այլ տարբեր վիրուսներ են մտնում, որոնք հիմնականում հանդիպում են այն վայրերում, որտեղ երեխաների շփումները ավելի շատ են՝ մանկապարտեզներ, դպրոցներ։

«Քիչ չեն դեպքերը, երբ երեխաները հիվանդանոց են ընդունվում հիվանդության բարդացած վիճակում ՝ շնչական ուղիների թոքաբորբով, աղեստամոքսային տրակտի ախտահարումով։  Մայրերը գալիս են, թե՝ երեխան հիվանդ է, հակաբիոտիկ եմ տվել։ Չի՛ կարելի, հարգելի՛ ծնողներ, վիրուսային  վարակների դեպքում, եթե բարդություն չկա, մենք հակաբիոտիկ  չենք նշանակում», - ասում է Լարիսա Ջհանգիրյանը։

Դիանա Պետրոսյանի բալիկը 5 ամսական է։  «Փոքրիկը մի քանի օր ջերմել է, խորխը կուտակվում էր, շնչահեղձ էր լինում։ Տնային բուժումներ կատարեցինք, չօգնեց, դիմեցինք հիվանդանոց», -ասում է։ Ախտորոշումը սուր շնչառական վարակ է։ 3 օր տևած բուժումը տվել է իր արդյունքը։

Բարձր ջերմություն՝ մինչև 40 աստիճան և ավելի, ընդհանուր թուլություն, փսխումներ, հազ․ այս բոլոր նախանշանների դեպքում մայրերը պետք է խորհրդակցեն իրենց տեղամասային բժիշկների հետ, նրանց նշանակումով բուժումներ կատարեն։ Նոյեմբերին մանկական բաժանմունքում բուժվել է 62 երեխա։ «Ունեցել ենք թոքաբորբեր, միզուղիների ինֆեկցիա, ջրազրկման երևույթներ, մեկի մոտ հաստատվել է գրիպ A, ով արդեն լավացել է ու տանն է», - նշեց մանկաբույժը՝ հավելելով, որ համաճարակի վտանգ չկա, հիվանդացության մակարդակը նորմայի սահմաններում է։

Բժիշկները հորդորում են՝ խուսափել գրիպանման հիվանդություններով հիվանդների հետ շփումներից, գրիպանման երևույթների ժամանակ անհապաղ դիմել բժշկական օգնության, հաճախակի օճառով լվանալ ձեռքերը, պահպանել հազի ու փռշտալու վարվելակարգը, գրիպով հիվանդանալու դեպքում մնալ տանը։

Նելլի Միրզախանյան

17:00 09.12.2018

Ամենաշատ ընթերցվածները