ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Շանսը՝ ափի մեջ
19:00 07.12.2018

Շանսը՝ ափի մեջ

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ կառավարությունը հայտարարեց համաներում, որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 6-ին:  Այն ՀՀ պատմության մեջ թվով տասներորդ համաներումն է: Վերջին անգամ մեր երկրում համաներում է եղել 2013թ. ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, որի արդյունքում 711 դատապարտյալ է ազատ արձակվել (ըստ ԱՆ քրեակատարողական վարչության տվյալների): Բազմիցս ընդգծվեց, որ 2018-ինը ամենից ծավալունն է, դրա մասին ասաց նաև ԱՆ նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Արդյո՞ք այն իսկապես չուներ նախադեպ:

Այդ առթիվ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը նշեց, որ մյուս իննից տարբերվում է նրանով, որ պատժից ազատվում են առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված այն անձանց նկատմամբ է կիրառվում, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է։ «Այս համաներումը պատժից ազատում է այն անձանց, ովքեր ազատազրկման են դատապարտված առավելագույնը վեց տարի ժամկետով և ովքեր ունեն  առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, կամ լրացել է նրանց 60 տարին, ինչպես նաև այն կանանց նկատմամբ, ովքեր հղի են, կամ այն անձանց նկատմամբ, ովքեր երեք և ավելի անչափահաս երեխա ունեն»: Նշենք նաև, որ այս իրավական ակտը պատժից ազատում է նաև նրանց, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 18 տարին լրանալը և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, ինչպես նաև՝ նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ և ԱՀ պաշտպանությանը կամ մասնակցածի ծնող, ամուսին, զավակ  են:

Փաստաբան Ռուբեն Ղազարյանը աննախադեպ չորակեց տասներորդ համաներումը՝ նշելով, որ նախորդների համեմատ փոփոխություն կա, բայց նաև թերացումներ են նկատելի․ «Այս դեպքում ստորադասվում են տուժողների շահերը, քանի որ պարտադիր չի համարվում տուժողների վնասի վերականգնումը, նրանք կարող են քաղաքացիական դատավարության կարգով պատճառված վնասները ստանալ: Ձևաչափը կարող է նրանց համար խնդիրներ առաջացնել»:

«Անխոս, կան դրական փոփոխություններ, բայց առկա են նաև մտավախություններ, - նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը, - ռիսկերը մեծ են, որ այն անձինք, ովքեր հայտնվել են ազատության մեջ, կարող է չհարգեն պետության՝ իրենց նկատմամբ կիրառված մարդասիրական քայլը և կրկին հանցանք կատարեն: Անհրաժեշտ է պրոֆիլակտիկ աշխատանք կատարել այդ մարդկանց  հետ»:

Հնարավոր ռիսկերի մեծացման հետ կապված ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը նախ նշեց, որ 2018թ. հայտարարված համաներումից հետո «Գորիս» ՔԿՀ-ն  ազատ արձակված անձանցից այս պահին նոր հանցագործություններ կատարելու մասին տեղեկություններ չունի, ապա հավելեց․ «Այդպիսի ռիսկեր միշտ եղել են, սակայն ներկայիս կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որի շնորհիվ մեկուսացումից հասարակություն վերադարձած անձինք ավելի հեշտ կինտեգրվեն հասարակությանը, և այդպիսով ռիսկերը կնվազեն»: Արդարադատության գնդապետից տեղեկացանք նաև, որ «Գորիս» ՔՀԿ-ն չունի գերբեռնվածության խնդիր և վերջին հինգ տարում չի ունեցել։ Այստեղ համաներումը կիրառվել է 22 դատապարտյալի նկատմամբ, 16-ը ազատ է արձակվել, վեցի պատժաչափը կրճատվել է:

Համաներման կիրառումը մարդասիրական քայլ է, այն հնարավորություն էր պետության համար՝ ափի մեջ պահելու իր քաղաքացուն, սա քայլ է, որ պետությունը նոր մեխանիզմներ մշակի՝ չեզոքացնելու երևույթները, որոնք հանցագործության են մղում, ի վերջո սա հնարավորություն է  անհատի համար մի պահ հետ նայելու և ընտրելու գունապնակի միայն վառ գույներ։ 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության դեկտեմբերի 4-ի ժամը 18:00-ի տվյալներով ընդհանուր առմամբ 545 դատապարտյալ է ազատ արձակվել:

1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 54

2․ «Արթիկ» ՔԿՀ – 45

3․ «Վանաձոր» ՔԿՀ – 17

4․ «Վարդաշեն» ՔԿՀ – 56

5․ «Գորիս» ՔԿՀ – 16

6․ «Հրազդան» ՔԿՀ – 32

7․ «Աբովյան» ՔԿՀ – 26

8․ «Սևան» ՔԿՀ – 145

9․ «Կոշ» ՔԿՀ – 65

10․ «Արմավիր» ՔԿՀ – 67

11․ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 22

Անուշ Միրզոյան

19:00 07.12.2018

Ամենաշատ ընթերցվածները