ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է
18:00 07.12.2018

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

Ուղիղ 30 տարի է անցել Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժից։ Վերքը դեռ սպիացած չէ, հասցված վնասն ամբողջությամբ վերականգնված չէ։ 

1988 թվական դեկտեմբերի 7. ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյան. ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Երկրաշարժը ընդգրկել է Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1 միլիոն մարդ:

Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհվել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ: Ինչպես ամեն մի ուժեղ երկրաշարժ, այնպես էլ Սպիտակի երկրաշարժը, ունի իր որոշակի առանձնահատկությունները:

Վնասների հիմնական պատճառներն են`
1. Հանրապետության ողջ տարածքում թերագնաատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալ և դա այն դեպքում, երբ 1988թ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ:
2. Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի և կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն` խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները:
3. Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին:
4. Երկրաշարժի ժամանակ Գյումրի քաղաքի տարածքում գետնի տատանման գերակշռող պարբերության մեծությունը կազմել է մոտավորապես 0,4-0,8 վրկ., որը շատ մոտ է բարձրահարկ շենքերի հիմնական ձևերի սեփական տատանումների պարբերությունների մեծություններին: Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսային անցանկալի երևույթներ` բերելով տատանումների ամպլիտուդաների աճին և շատ հաճախակի շենքերի փլուզմանը:
5. Երկրաշարժի տևողությունը (մինևչ 5 րոպե) և կրկնվող ցնցման փաստը, որի դեպքում շինությունների մեծամասնությունը չհասցրեցին «վերականգնվել» հիմնական ցնցումից:
6. Տատանումների ուղղահայաց բաղադրիչների զգալիությունը:
7. Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները:
8. Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը:
9. Ազգաբնակչության համապատասխան հմտությունների և իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում:

Աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկության ուշադրությունը։ Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղաղախստանից և ԽՍՀՄ մյուս Հանրապետություններից Հայաստան էին ժամանել հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Նրանք աղետյալներին օգնելու համար բերում էին սննդամթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա և այլն։ 1989 թ. սկզբում աղետի գոտում աշխատում էին այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ, որոնք ԽՍՀՄ կառավարության ընդունած որոշման համաձայն մեծ աշխատանք ծավալեցին։ Որոշվել էր ավերվածը վերականգնել երկու տարում։ Աղետի գոտուց շուրջ 170 հազար մարդ տեղավորվեց Կովկասի առողջարաններում ու հանգստյան տներում։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվել էին Խորհրդային Միության և արտասահմանի բուժարաններ։

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 07.12.2018

Ամենաշատ ընթերցվածները