ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ժողովրդի ընդդիմությամբ խորհրդարանը
20:00 11.12.2018

Ժողովրդի ընդդիմությամբ խորհրդարանը

Եվ այսպես, դեկտեմբերի 9-ին կատարվեց թավշյա հեղափոխության «երազանքը»․ ձևավորվեց նոր Ազգային ժողով՝ առանց Հայաստանի հանրապետական կուսակցության։ Ինչու՞ ենք ասում՝ «երազանքը», որովհետև ողջ քարոզարշավի ընթացքում տպավորություն էր, որ սա ոչ թե քաղաքական դաշտ գալու պայքար է՝ արտաքին, ներքին քաղաքականության, տնտեսության, մշակույթի և մի շարք այլ ոլորտների բարելավման համար ժողովրդին իրական ծրագրեր ներկայացնելու, այլ միմյանց վիրավորելու (միմյանց ի նկատի ունենք ՀՀԿ-«Իմ քայլը» «զույգին»)։ ՀՀԿ-ին լիակատար մերժելու կոչ շատ է հնչել, իսկ այս դեպքում իշխանությանը ընդդիմացող ուժի բացակայության վերաբերյալ առարկություններին տրվել է պարզ բացատրություն․ իշխանության ընդդիմադիր ուժը ժողովուրդն է։

Ինչևէ, անցածն անցած է, հիմա խոսենք թվերով (2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների տվյալները նախնական են)։ 2017-ի ԱԺ ընտրություններին 2 587 706 ընտրության իրավունք ունեցողներից ընտրությանը մասնակցել է 1 574 947 մարդ կամ 60,86 տոկոսը, իսկ 2018-ին՝ 2 մլն 593 հազար 120-ից մասնակցել է 1 մլն 262 հազար 164-ը կամ 48,67 տոկոսը։ Շատ խոսվեց պասիվության պատճառների մասին։ Դրանցից մեկի հետ հատկապես համաձայն չենք, այն է՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի կարծիքը, թե իբր ազատ, դեմոկրատական երկրներում միշտ էլ քաղաքացիները քիչ են մասնակցում ընտրություններին։ Իհարկե, դա այդպես է, սակայն Հայաստանը դեռ հեռու է ազատ, դեմոկրատական երկիր լինելուց, ինչի համար անհրաժեշտ է նախևառաջ, մեր համոզմամբ, տնտեսական հզորություն ու անկախություն։   

Թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, 161 հազար 767 հոգուց քվեարկությանը մասնակցել է 90 հազար 412-ը կամ 55,9 տոկոսը, իսկ 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 162 հազար 454 քաղաքացուց ընտրությանը մասնակցել էր 108 հազար 880 քաղաքացի կամ 66,91 տոկոսը։

11 քաղաքական ուժի՝ թիվ 12 ընտրատարածքում ստացած քվեների թիվը հետևյալն է՝ ՀՀԿ - 2907, ՔՈ - 632, ՀՅԴ - 4242, «Իմ քայլը» - 65 470, ԼՀԿ - 4186, ՔԺՎԿ - 499, ԱԱԿ - 347, «Մենք»-3276, ՕԵԿ - 467, ՍԾՀԿ - 1052, ԲՀԿ-7102։

Համեմատության համար առանձնացնենք 2017թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցած նույն քաղաքական ուժերի ստացած քվեների տվյալները․ ՀՀԿ-58 137, «Ծառուկյան» դաշինք, որի հիմքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր - 31 395, ՀՅԴ-7883։

Ռեյտինգային ցուցակով կուսակցությունների և դաշինքների առաջատարներն են՝ ՀՀԿ-ից Արայիկ Պարոնյան՝ 754 քվե, ՔՈ-ից՝ Ռուզաննա Տոռոզյան՝ 189, ՀՅԴ-ից՝ Գագիկ Գևորգյան՝ 1798, «Իմ քայլը»՝ Տրդատ Սարգսյան՝ 10 042, ԼՀԿ՝ Րաֆֆի Խաչատրյան՝ 928, ՔԺՎԿ՝ Արմեն Խաչատրյան՝ 112, ԱզգԱԿ՝ Աղավնի Օհանյան՝ 108, Կառլեն Մինասյան՝ «Մենք»՝ 1368, ՕԵԿ՝ Արմեն Հարությունյան՝ 152, ՍԾՀԿ՝ Գևորգ Գասպարյան՝ 243, ԲՀԿ՝ Նաիրա Զոհրաբյան՝ 2110։

Սրանք միայն թվային տվյալներ են, բայց թե ովքեր կստանան պատգամավորական մանդատները, ցույց կտա ժամանակը։ Ինչպես գիտենք, ընտրություններին գնացինք հին օրենսգրքով, որտեղ ռեյտինգային ցուցակում ընդգրկված թեկնածուները ձայներ հավաքեցին ոչ թե իրենց մանդատի համար, այլ կուսակցության կամ դաշինքի։ Այնպես որ բնավ պարտադիր չէ, որ ԱԺ-ում հայտնվի շատ ձայներ ստացած թեկնածուն։ Նոր ԱԺ-ն կունենա 132 մանդատ, որից 88-ը՝ «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ-ին, իսկ 18-ը՝ ԼՀԿ-ին բաժին կհասնի։

Սյունիքի մարզում ընտրության արդյունքները

Սիսիան, Գորիս տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում դեկտեմբերի 9-ի ժամը 20-ի դրությամբ ընտրության մասնակցել է 33 հազար 234 կամ 55,09 տոկոսը, իսկ Կապան, Քաջարան, Մեղրի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում՝ 32 հազար 805 կամ 59, 86 տոկոսը։ Նշենք, որ երկու ընտրատարածքում էլ նախորդ խորհրդարանական ընտրության համեմատ մասնակիցների թիվը նվազել է 10 տոկոսով։ Թիվ 34 ընտրատարածքում ՀՀԿ-ն ստացել է 1254, ՔՈ-ն՝ 284, ՀՅԴ-ն՝ 1503, «Իմ քայլը»՝ 24 539, ԼՀԿ-ն՝ 1447, ՔԺՎԿ-ն՝ 296, ԱզգԱԿ-ն՝ 129, «Մենք»-ը՝ 515, ՕԵԿ-ն՝ 113, ՍԾՀԿ-ն՝ 448, ԲՀԿ-ն՝ 2585։ Թիվ 35-ում՝ ՀՀԿ-873, ՔՈ-ն՝ 166, ՀՅԴ-ն՝ 1707, «Իմ քայլը»՝ 24 852, ԼՀԿ-ն՝ 1378, ՔԺՎԿ-ն՝ 131, ԱզգԱԿ-ն՝ 57, «Մենք»-ը՝ 894, ՕԵԿ-ն՝ 224, ՍԾՀԿ-ն՝ 357, ԲՀԿ-ն՝ 2081։

Մեր նախորդ «Երեք թեկնածու մեկ շենքից» հոդվածում արդեն իսկ խոսել էինք թեկնածուների ընտրության և մեր բնակչության՝ ընտրության գնալու որոշ սկզբունքների մասին, ուստի այս անգամ պարզապես կասենք, թե ինչ չտեսանք քարոզարշավի ժամանակ։ Ի դեպ, մեր այս կարծիքը ձևավորվել է միայն ու միայն քաղաքացիների շրջանում տարածված խոսակցությունների հիման վրա։

Ինչպես շատ ու շատ ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ ականատես էինք լինում «տարօրինակ» շինարարական եռուզեռի՝ փոսալցումներ, տանիքների նորոգման համար ասբեստե շիֆերների տրամադրում, խաղահրապարակում մի քանի կարուսելի տեղադրում, մուտքերի դռների տեղադրում, վերելակի՝ իհարկե ոչ մեծ ծախսեր պահանջող նորոգում և այլն, իսկ աշխատանքի տեղավորման խոստումների մասին չենք խոսում։

Այս ամենը, իհարկե, շատ լավ է, աչքակապությունը կարծեք թե վերացավ։ Հուսանք, մեր պետությունն այնքան կզարգանա թավշյա հեղափոխության ու, ինչպես սիրում են ասել մեր քաղաքական գործիչները, ժողովրդի հաղթանակի շնորհիվ, որ հասարակ քաղաքացիները մանր-մունր խնդիրների լուծման հետ կապված հույսը չեն դնի նախընտրական շրջանի վրա։

Չենք ցանկանում քննադատել կամ գովաբանել ընտրությունների արդյունքները, կարևորը, որ նորընտիր խորհրդարանում ընդգրկված Սյունիքի մարզը ներկայացնող պատգամավորի ձայնը հաճախ լսենք ամբիոնից, ով կխոսի սյունիքյան տարաբնույթ խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին, ինչպես նաև հանդես կգա օրենսդրական փաթեթների քննարկման ակտիվ մասնակցությամբ։

Արմինե Հարությունյան

20:00 11.12.2018

Ամենաշատ ընթերցվածները