ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նիկոլին հակաճառողը
19:00 12.12.2018

Նիկոլին հակաճառողը

Սերժ Սարգսյանը քաղաքական պարտություն կրեց Նիկոլ Փաշինյանից ոչ այն պատճառով, որ Փաշինյանի տանկերը ավելի հզոր էին: Նախկին իշխանությունը կորցրեց իրականության զգացողությունը, իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր: Երեկ ֆեյսբուքյան իմ պատին գրառում արեցի հետևյալ բովանդակությամբ. «Քանի՞ մարդ կա ՔՊ-ում, որ կարող է հանրային կերպով հակաճառել Նիկոլին»: Բազմաթիվ հավանություններ և մեկնաբանություններ ստացա, սակայն կառանձնացնեմ մեկը: Այն գրել էր իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը. «Նիկոլին հակափաստարկներ բերելու համար պետք է առնվազն նրանից բանիմաց լինել։ Հարցդ պետք է լիներ․ «Քանի՞ մարդ կա ՔՊ-ում, որ ունի իր դիրքորոշումը, տեսակետը, կարծիքը ու պատկերացումը որևէ խնդրի կամ ոլորտի քաղաքականության մշակման վերաբերյալ և կարող է բանավեճի բռնվել յուրաքանչյուրի, այդ թվում նաև Նիկոլի հետ»»։

Եվ իրոք, բանիմաց, խելացի վարչապետին հակաճառելու համար պետք է սեփական դիրքորոշումներ ունենալ տարաբնույթ հարցերի վերաբերյալ, որոնք հիմնված կլինեն սեփական գիտելիքի և փորձի վրա: Ես հաճախ վիճել եմ իմ ղեկավարների հետ ոչ թե այն պատճառով, որ հաստակող, համառ անձնավորություն եմ, այլ այն պատճառով, որ համարյա միշտ սեփական ասելիք եմ ունեցել: Ի դեպ, այս «փոխհրաձգությունները» երբեք վատ ավարտ չեն ունեցել: Ինձ երբեք ոչ մի տնօրեն դիրքորոշմանս համար աշխատանքից չի ազատել: Ես հեռացել եմ ավելի լավ տարբերակ փնտրելու նպատակով և միշտ ջերմ հարաբերություններ եմ պահպանում բոլորի հետ առ այսօր:

Չմեռնենք, տեսնենք այն օրը, երբ Նիկոլի կողքին կլինեն իրեն հակաճառողներ, որպեսզի ինքն էլ չկորցնի իրականության զգացողությունը, այդ կորուստը բնորոշ է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին: «Փնտրվում է Նիկոլին հակաճառող» հայտարարության կարիքը զգացվում է, համաձայնե՛ք:

«Զանգեզուր պրես»

19:00 12.12.2018

Ամենաշատ ընթերցվածները