ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պատգամավոր ըն տեռալ, հի՞նչ ըք ընելու
21:00 12.12.2018

Պատգամավոր ըն տեռալ, հի՞նչ ըք ընելու

Մեզ՝ քաղաքացիներիս, արդեն ուղղակիորեն օր առաջ անհրաժեշտ է պատգամավորներից կոնկրետ քայլեր տեսնել: Բայց մինչ այդ ձեզ, սիրելի՛ ընթերցողներ, կցանկանամ տեղյակ պահել, որ պատգամավորի գործառույթը ոչ միայն օրինագծեր ներկայացնելը կամ Ազգային ժողովի հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում ընդգրկվելն է, այլև վերահսկելը: Օրինագիծ, ոնց էլ լինի, բոլորը կարող են մոգոնել (դիպլոմային աշխատանքի պես կարող են արտագրել ու ներկայացնել), իսկ ահա վերահսկողություն իրականացնել կառավարության, ՏԻՄ մարմինների նկատմամբ, ցավոք, պահանջում է առանձին ինտելեկտուալ կարողություններ և կյանքի փորձ: Անձամբ ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես են պատգամավորները hանդիպումներ ունենալու քաղաքացիների հետ, ինչպես են կազմակերպելու ընդունելություններ և ինչպես են նամակներ ուղղելու տարբեր մարմինների՝ շարքային ընտրողների իրավունքները պաշտպանելու նպատակով: Այս պատգամավորական ֆունկցիան իմ ամենասիրելիներից է, ինչ մեղքս թաքցնեմ: Հիշում եմ, Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանի նամակաշրջանառությունը թվով մի քանի անգամ գերազանցում էր տարբեր խմբակցություններում ընգրկված տարբեր կուսակցությունների նամակագրությունները միասին վերցրած: Եկեք հերթով անցնենք պատգամավորների և մեր անելիքների վրայով:

Օր առաջ դիմե՛ք պատգամավորներին

Նախկին ԱԺ կազմերում հատուկենտ պատգամավորներ էին զբաղվում քաղաքացիների ընդունելություններով և այդ մարդկանց դարդուցավով, իսկ նրանք, ովքեր անում էին դա, այդքան էլ հաջողակ չէին, քանի որ հատուկենտ պատգամավորի էին լսում նախկին իշխանության դատախազները, քննիչները, նախարարները և այլն:

Եթե դուք մանկավարժ եք, բուժքույր, անօթևան կամ գործազուրկ, մի՛ հապաղեք, օր առաջ նամակով դիմե՛ք նորընտիր պատգամավորներին և պահանջե՛ք նրանցից օգտագործել պատգամավորական մանդատը ձեր օգտին: Իմացե՛ք, անձեռնմխելիությունը և մանդատի մյուս բոլոր լիազորությունները ձերն են, դուք եք օժտել այդ անձին գնալ Ազգային ժողով և այնտեղից, օրինակ, քրեակատարողական հիմնարկ գործուղվել առանց խոչընդոտների և հանդիպել ձեր բարեկամին, որպեսզի վերջինս անկաշկանդ ներկայացնի իր խնդիրները:

Եթե դուք, հարգելինե՛րս, չանեք դա, ապա անիմաստ էր հեղափոխությունը և այս Ազգային ժողովի ընտրությունները մասնավորապես: Եթե դուք պասիվ դիրք եք ընտրելու ու մի որոշ ժամանակ անց սկսելու եք սովորության համաձայն բողոքել այս իշխանություններից նույնպես, ապա մենք դատապարտված ենք հավիտյան վատ ապրելուն:

Դուք արե՛ք ձեր իրական քայլը, նեղություն տվեք ժողովրդի ընտրյալներին ձեր օրհասական խնդիրներով, որոնք չեն լուծվել բազմիցս, իսկ մենք՝ լրագրողներս, կբարձրաձայնենք անտարբերությունը և իրենց պաշտոնեական դիրքի չարաշահումը, եթե հանկարծ այդպիսի դեպք արձանագրվի: Միայն դրանից հետո կկարողանանք արձանագրել նոր իրողությունը:

Ուղեցույց քաղաքացիներին

Որպեսզի մերկապարանոց չլինի այս հոդվածը, մենք կնշենք քայլերի հաջորդականությունը:

1. Անձնական նամակով դիմում եք ԱԺ որևէ պատգամավորի՝ մանրամասնորեն նկարագրելով ձեր խնդիրը և դրա հնարավոր լուծումների տարբերակները, որոնք ձեզ համար անհնար են, բայց պատգամավորի և նրա մանդատի համար՝ ավելի քան հնարավոր:

2. Եթե 15 օրվա ընթացքում պատասխանը չեք ստանում, ապա անմիջապես դիմում եք մեր խմբագրություն, չէ՞ որ մենք էլ ենք իշխանություն՝ ուղղակի չորրորդ, որը ապրում և գործում է ոչ ձեր հարկերի հաշվին:

Խնդրում ենք նամակը փոստին հանձնելու ժամանակ պատվիրել նամակի փաստացի հասնելու երաշխիքները, որոնք ձեզնից կպահանջեն ընդամենը հավելյալ 150 դրամ: Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, ինչ իմանանք, մեկ էլ տեսաք՝ սրանք էլ հետո կասեն, թե տեղ չի հասել, դրա համար չեն պատասխանել…:

Արման Սուլեյմանյան

 

21:00 12.12.2018

Ամենաշատ ընթերցվածները