ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Skype տեսակապի սենյակներ զինվորների համար․ հեռավորությունն ու կարոտը հաղթահարելի են
17:00 13.12.2018

Skype տեսակապի սենյակներ զինվորների համար․ հեռավորությունն ու կարոտը հաղթահարելի են

Բանակում օրակարգային, առաջնահերթ  խնդիրներից է  զինծառայողների  եւ  նրանց ընտանիքի անդամների միջեւ կապի ապահովումը: Դեռեւս 15-20 տարի առաջ, այդ նպատակով  զորամասերում  տեղադրվել էին տաքսաֆոններ (ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատ), այնուհետեւ պաշտպանության նախարարությունը հատկացրեց հեռախոսներ՝ միակողմանի կապով, բոլորովին վերջերս էլ, զինվորներին թույլատրվել է  ունենալ բջջային հեռախոս, իհարկե, որոշակի սահմանափակումներով (բջջային հեռախոսը տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման եւ համացանցին միանալու հնարավորություն չպետք է ունենա):

Ժամկետային զինծառայողներն այժմ կարող են հարազատների հետ շփվել, հաղորդակցվել նաեւ տեսակապով՝ SKYPE-ի միջոցով:

ՀՀ ՊՆ եւ «Արար»  քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համատեղ ուժերով կյանքի է  կոչվել հերթական պիլոտային ծրագիրը՝ ծրագրի շրջանակում  համակարգիչներ են տեղադրվել (տեղադրվում) զորամասերում ՝ զինծառայողներին ապահովելով  տեսակապով: Ամեն օր երեկոյան  որոշակի ժամերի, իսկ հանգստյան օրերին ամբողջ օրվա ընթացքում զինծառայողները 10-15 րոպե կարող են խոսել ոչ միայն Հայաստանի  տարբեր մարզերում, այլ նաեւ աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հարազատների հետ:

Մինչ տվյալ ծառայությունից օգտվելը, անձնակազմը հրահանգավորվում է տեղեկատվական անվտանգության  եւ գաղտնիության ռեժիմի պահպանման վերաբերյալ:

Այս ընթացքում արդեն բազմաթիվ զինվորներ տեսակապով  զրուցել են իրենց  ծնողների հետ:

«Վերջերս զինվոր որդուս հետ խոսեցի  սկայպով: Մինչ այդ, երբ հեռախոսով էինք խոսում, փորձում էի ձայնի ամեն ելեւէջը որսալ,  ուզում էի պատկերացնել դեմքը, հասկանալ՝ ուրախ է, թե տխուր: Հիմա տեսակապի միջոցով տղայիս դեմքն էլ տեսա՝ որդուս ժպիտը պատասխանն էր մայրական իմ բոլոր մտահոգությունների ու անհանգստությունների: Սիրտս հանգիստ է: Օրհնում եմ սկայպ հորինողին էլ, զորամասում այս պայմանները ստեղծողներին էլ: Իսկապես, հիանալի նախաձեռնություն է, շնորհակալ եմ բոլոր զինվորների մայրերի կողմից»:

Պատմում է զինվորներից մեկը. «Երբ զորամասում սկայպ տեղադրեցին, ես զանգահարեցի Ռուսաստանում ապրող հարազատներիս: Մայրս շատ էր ուրախացել, բայց նաեւ հուզված անընդհատ հարցնում էր. «Տղա՛ ջան, հո զորամասից չես փախել»: Չէր հավատում, որ զինվորն էլ զորամասից կարող է սկայպով խոսել»:

-Այս ծրագիրը երկու ամիս փորձնական ժամկետով (սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 2-ը) նախ կիրառվեց առաջնագծի հեռավոր զորամասերից մեկում, նախատեսված էր հաջողության դեպքում հետագայում լայնամասշտաբ կիրառել բոլոր զորամասերում,- ասում է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյանը,- «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, որ պաշտպանության նախարարության հետ բազմաթիվ համատեղ ծրագրեր է իրականացրել,  զինվորների եւ  նրանց ընտանիքի անդամների միջեւ հաղորդակցության  լուծման այս տարբերակով հանդես եկավ՝ առաջարկելով կապի ապահովում:  Պաշտպանական գերատեսչության համապատասխան օղակներում  հանգամանալից քննարկվեց առաջարկը թե՛ նպատակահարմարության, թե՛ անվտանգության տեսանկյունից  եւ փորձնական ներդրվեց՝  հասկանալու համար նպատակայնությունը:

Իսկ արդյունքն ակնհայտորեն գոհացուցիչ է. նախ՝ ոչ բոլոր ծնողները հնարավորություն ունեն այցելելու  հեռավոր զորամասերում ծառայող որդիներին, ոմանք էլ Հայաստանում չեն, եւ այս ծրագիրը լավագույն լուծումն է: Տեսակապով հարազատների հետ զրույցները  դրական ազդեցություն են ունենում զինծառայողների հոգեվիճակի վրա, տեսնել է պետք նաեւ հարազատների անսահման-անպարագրելի  ուրախությունը, քիչ թե շատ  մեղմվում է նաեւ կարոտի զգացումը: Ծրագրի ներդրմամբ նաեւ բարոյահոգեբանական  տեսանկյունից  է խնդիր լուծվում. զինվորն իրեն առավել գնահատված է զգում, արժեւորված: Զինվորն էլ, ծնողն էլ տեսնում են, որ ոչ միայն  բանակը,  այլ  նաեւ հասարակական տարբեր կառույցներ տարբեր ծրագրերով մշտապես իրենց կողքին են, իրենց նեցուկ եւ աջակից: Այդ ուշադրությունը գոտեպնդում է զինվորին:

Աղբյուր՝ hayzinvor.am

17:00 13.12.2018

Ամենաշատ ընթերցվածները