ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լուրջ խախտումներ չկային
20:00 14.12.2018

Լուրջ խախտումներ չկային

ԱԺ արտահերթ  ընտրություններում  հանրապետության տարածքում դիտորդական առաքելություն են իրականացրել տեղական  22  և միջազգային 8  կազմակերպություններ: Ամենամեծ թվով դիտորդներ հավատարմագրվել էին «Իրազեկ քաղաքացիներ միավորում»-ի կողմից՝ 1000-ից ավելի։ Միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ քանակը պայմանավորված է ԱԺ ընտրության կարևորությամբ։

Առաքելությունը Սյունիքի մարզում 13  ընտրատեղամասում է դիտորդություն  իրականացրել, ունեցել է երկու շրջիկ խումբ, ընդհանուր առմամբ՝  34 հոգի, այդ թվում՝ երկու տարածքային ընտրական հանձնաժողովներում հետևել է ամփոփման ընթացքին։ Եղել է մի քանի դեպք, երբ ընտրողը քվեարկելուց հետո քվեախցիկից դուրս գալիս բարձրաձայն ասել է, թե ում է ընտրել։ Տեղամասերում կուտակումների յոթ դեպք է արձանագրվել, մեկ դեպք ընտրատեղամասում, որտեղ առկա էին քարոզչական նյութեր։ Բոլոր դեպքերը արձանագրվել են մատյաններում։ Լուրջ խախտումներ չեն տեսել, մի քիչ լարված ու կոնֆլիկտային իրավիճակ  էր Կոռնիձորում, Տեղում ու Ներքին Խնձորեսկում։

582 դիտորդ, 300 ընտրատեղամաս, 55 դիտորդ միայն Սյունիքում. դիտորդական առաքելություն իրականացնող «Ականատես» կազմակերպության  աշխարհագրությունն է։

«Ընդհանուր առմամբ 100-120 ընտրախախտում ենք արձանագրել Սյունիքում, որոնցից 80-ը՝ թիվ 35  և թիվ 34 ընտրատարածքներում։ Դրանք հիմնականում կապված էին թեքահարթակների բացակայության, հանձնաժողովների թերացման և այլ անձանց ներկայության հետ», - նշում է «Ականատեսի»  համակարգող Մարիամ Հովեյանը։

«Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնությունը  ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքին հետևել է արագ արձագանքման խմբերի օգնությամբ, որոնց մեջ ընդգրկված էին մարզի  փաստաբաններ ու ուսանողները։ Խմբերը այցելել են Սյունիքի մարզի մոտ 75 ընտրատեղամաս։  Բացթողումներն ու խախտումները տեղում արձանագրել են գրանցամատյաններում։ Նախաձեռնության Սյունիքի մարզի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը փաստում է՝ խախտումները թեթև էին, այդուհանդերձ իրենք հետևողական են եղել, որ տեղում վերացվեն։

«Կապանի տարածաշրջանի ընտարտեղամասերից մեկում քվեաթերթիկների արկղը դրված էր կենտրոնում, իսկ քվեարկողները հենց այդտեղով էին անցուդարձ անում. տեղափոխվել է միայն  դիտողությունից հետո։ Մի տեղ նկատեցինք, որ տեխնիկական սարքը դուրս է տեսանկարահանող սարքի տեսադաշտից. այս հարցն էլ կարգավորվեց», - նշում է Լիանա Գրիգորյանը։

Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչների  խոսքով՝ արձանագրված փաստերը թեթև են և որևէ կերպ չեն ազդում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքների վրա։

Հերմինե Միքայելյան

20:00 14.12.2018