ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Գոհ ենք վերաբերմունքից, բայց դրանով ընտանիք չես պահի»
20:00 22.12.2018

«Գոհ ենք վերաբերմունքից, բայց դրանով ընտանիք չես պահի»

Վանյանների ընտանիքը Կապանում է հաստատվել 1988 թվականից: Ադրբեջանի Հանրապետությունում են ապրել, և երբ սկսվել են Սումգայիթի ջարդերը, Անուշ Վանյանը ամուսնու՝ Զիրիֆի և 3 որդու հետ տեղափոխվել է Հայաստան: Սկզբում բնակություն են հաստատել Արցախում, հետո կարճ ժամանակ անց տեղափոխվել են Կապան՝ վերջնական հասցեն Երկաթուղայինների 13: Ասում է՝ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի իրենց կապանցի զգան, տեղացիների ջերմությունն ու հոգատարությունը մոռանալ տվեցին գլխներով անցածը:  

Ճակատագիրը, սակայն, այլ փորձություններ էլ էր պատրաստել այս ընտանիքի համար: Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին դրվեցին նաև Անուշ տատի երկու որդու՝ Կարենի և Կամոյի երիտասարդ կյանքերը:

«Ջահել գնացին տղաներս՝ կյանքին կարոտ մնալով», - խոր կսկիծով ասում է ազատամարտիկների մայրը: Մեծ կարոտով է խոսում որդիների մասին, մեզ հետ կիսվում նրանց անկատար երազանքներով: Հիշողությունների շարանի մեջ գլուխ բարձրացրեց վաղեմի դառը կսկիծը, որը տարիները չկարողացան մեղմացնել, ու երկու զավակ կորցրած մոր աչքերն այդպես էլ չփայլեցին:

«Կարենն ու Կամոն կարճ ապրեցին Կապանում, բայց հասցրին հարգանք ստեղծել, այն մինչ օրս զգում եմ. շատ ընկերասեր էին», - ասում է, հետո ցույց տալիս տանը՝ որդիների նկարների մոտ կախած նրանց ընկերոջ՝ Արամայիս Վարդանյանի լուսանկարը, ով ևս պատերազմի զոհ դարձավ. - «Ասացի՝ թող Արամայիսն էլ նրանց կողքին լինի, միշտ միասին են եղել, ես էլ իմ որդու պես սիրել եմ նրան»:

Զրույցի ընթացքում Անուշ Վանյանը տղաների լուսանկարների ալբոմն է բացում, մայրական կարոտ աչքերով ու հպարտությամբ ցույց տալիս՝ ինչպիսի խիզախ ու գեղեցիկ տղաներ է մեծացրել:  Չկարողացավ որդիների հետ միասին նրանց կյանքի վերջին տարիներից լուսանկար գտնել. ասում է՝ չհասցրին նկարվել․ «Ով էր իմանում, որ մի օր այլևս չեն վերադառնա, ու նրանց ձայնին ու ժպիտին հավերժ կարոտ կմնամ»:

Մեծացան օտարի հողում, զոհվեցին հայրենի հողը պաշտպանելիս

Մեծ որդին՝ Կամո Վանյանը, 1991 թվականին կամավոր անդամագրվել է ինքնապաշտպանական ջոկատներին և մեկնել ռազմաճակատ: Խիզախ, հավասարակշռված զինվոր էր, հայրենիքի հողը  պաշտպանելու պարտավորությունը վեր դասելով ամեն ինչից՝ զենք է  վերցնում  և  կռվում թշնամու դեմ՝ թշնամի, ով գուցե Սումգայիթում իր մանկության ընկերն էր, համադասարանցին կամ հասակակիցը: Կամոն զոհվեց 1992 թվականի նոյեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ:

Եղբոր մահից հետո Կարենին հանգիստ չէին տալիս վրեժն առնելու և Կամոյի կիսատ թողած գործը շարունակելու մտքերը: Չլսելով որդուն նոր կորցրած ծնողների խնդրանքը՝ Կարենը ևս զենք վերցրեց և մեկնեց ռազմաճակատ: Ցավոք, Կարենը կրկնապատկեց ծնողների ցավը, նա զոհվեց, երբ ընդամենը 25 տարեկան էր:

«Խելոք տղաներ ունեի, շնորհքով, գուցե եթե կենդանի լինեին, այժմ արժանի մարդիկ կլինեին, ընտանիք ստեղծած: Տղաներս այդպես էլ անպսակ մնացին», - ասում է հերոսների մայրը։

Կարենի ընկերոջ՝ Արթուր Սարգսյանի խոսքով՝ չնայած ճակատագիրը ժլատորեն քիչ ժամանակ հատկացրեց իրենց ընկերության համար, սակայն նրա թողած հուշերն ու վառ կերպարը հավերժ իր հետ են․ «Չնայած երիտասարդ տարիքին, շատ անվախ էր, հիշում եմ՝ ռմբակոծությունների ժամանակ ինչպես էր մնում տանը՝ ապաստարաններում տեղ թողնելով կանանց, երեխաների համար: Իսկ նրա ընկերասիրությունը սահմաններ չուներ. շատ բան սովորեցի և ընդօրինակեցի Կարենին»:

«Գոնե թոռներիս ապագան լուսավոր լինի»

Անուշ Վանյանն ապրում է միջնեկ որդու՝ Իգոր Վանյանի ընտանիքի հետ: Որդին, կատարելով մոր երազանքը, 2 տղաների անունները կնքեց Կամո և Կարեն՝ ի հիշատակ եղբայրների:

«Ամեն անգամ, երբ թոռներիս տեսնում եմ, կարծես որդիներս են դիմացս, նրանցից եմ կարոտս առնում, փորձում նրանց մեջ գտնել կորցրածս, զգացել եմ՝ անգամ բնավորություններն են նման», - ասում է ազատամարտիկների մայրը:

Վանյանների 3 սենյականոց բնակարանում 6 թոռ է մեծացել, ապրում են համեստ կյանքով: Պետության կողմից աջակցությունը միայն մեկ որդու մահվան դիմաց ստացած 61 հազար դրամն է, իսկ Իգորի աշխատանքը հազիվ հերիքում է օրվա հացին: Այսօր արդեն երեխաները մեծացել են, ու հոգսերի բեռն  ավելի է մեծացել: Մեծ թոռը՝ Կամոն, 23 տարեկան է, բանակից վերադարձել է, ու դեռևս չի հաջողվում որևէ աշխատանք գտնել: Տարբեր հիմնարկություններ են դիմել, հնարավոր միջոցներ ձեռնարկել, բայց դեռևս՝ անարձագանք:

75-ամյա մոր տարիներն անցան թաց աչքերով: Ասում է՝ վաղուց մոռացել է երազել որևէ բանի մասին, գիտեր, որ որդիներն այլևս չեն վերադառնա, բայց թոռների բարեկեցիկ կյանք ապահովելու հերոսների մոր ցանկությունը նրա ամենօրյա աղոթքներում է: Երախտապարտ է, որ որդիներին միշտ հիշել են, ամեն առիթի բարձրաձայնել նրանց կատարած սխրանքի մասին, որպես հերոսների մայր խոնարհվել իր առաջ. «Գոհ ենք վերաբերմունքից, բայց դրանով ընտանիք պահել, իհարկե, չենք կարող: Մենք ապրեցինք ինչպես կարողացանք, վիշտ ու զրկանքներ ենք տարել պատերազմի հասցրած վերքերից, բայց դրա դիմաց ոչինչ չպահանջեցինք։ Այսօր միակ ցանկությունս է գոնե տեսնել թոռներիս ապագան լուսավոր», - նշում է ազատամարտիկների մայրը:

Արփինե Հարությունյան

20:00 22.12.2018