ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ռոբոտներ, պատերազմ և մեդիտացիա․ Բիլ Գեյթսը ընտրել է 2018թ․ լավագույն գրքերը
16:00 23.12.2018

Ռոբոտներ, պատերազմ և մեդիտացիա․ Բիլ Գեյթսը ընտրել է 2018թ․ լավագույն գրքերը

Ամանորի արձակուրդի նախօրեին բիզնեսմենը ավանդաբար հաղորդակից դարձրեց անցնող տարվա լավագույն գրական հայտնություններին։ Գեյթսի նոր ընտրանիում հինգ գիրք է։

Նա, որ թողեց Հարվարդը, որպեսզի հիմնադրի Microsoft-ը, և այժմ աշխարհի խոշորագույն ֆիլանտրոպն է և Forbes-ի ցուցակի երկրորդ համարը, մոլեռանդ ընթերցող է։ Ամեն տարի նա ժամանակ է գտնում մոտ 50 գիրք կարդալու համար։ Գեյթսը պարբերաբար ամառային արձակուրդից և տոնական օրերից առաջ իրեն առավել դուր եկած գրքերի վերաբերյալ հանձնարարականներ է տալիս և հրապարակում վերլուծություններ։ Այս տարի նա նույնիսկ իր սիրած գրքերից նվիրել է ամերիկյան քոլեջների շրջանավարտներին։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրին չի խանգարի իր կյանքում ևս մի քանի գիրք կարդալ, - գրել է Բիլ Գեյթսը իր վեբկայքում դեկտեմբերի 3-ին։ - Այս տարի իմ ցուցակը բավական էկլեկտիկ է»։

«Աշակերտուհին», Թառա Վեսթովեր

Սա հուշագրություն է, որ գրել է մի կին, որը մինչև 17 տարեկանը դպրոցի շեմը ոտք չի դրել։ Նրա ծնողները մորմոններ էին, որ ստեղծում էին ծայրահեղ պայմաններում կենսունակ մնալու միջավայր և աղջկան արգելել էին հաճախել սովորական դպրոց։ Այնուամենայնիվ, հերոսուհին մեկնեց Քեմբրիջի համալսարան՝ ստանալու գիտական աստիճան։ Գեյթսը նշեց, որ ինքը և իր կողակից Մելինդան շատ էին ազդված այդքան ուժեղ «գիտելիքների ծարավից»։

«Ոչ մեկի բանակը», Պոլ Սքարե

Սքարեն պենտագոնում պաշտպանության հարցերով փորձագետ է։ Գրքում նա փորձում է հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե մեքենաներին տրվի կյանքի և մահվան վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Նրա դիրքորոշումն է՝ մարդիկ չպետք է իրենց հեռացնեն մարտի դաշտից։ «Դա շատ բարդ հարց է, բայց Սքարեն առաջարկում է հստակ բացատրություններ և ներկայացնում ռոբոտների վարած պատերազմի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը», - գրում է Գեյթսը։

«Վատ արյուն», Ջոն Կարեյրու

Գրքում պատմվում է սիլիկոնային հովտի սիրելի Էլիզաբեթ Հոլմսի և նրա Theranos ընկերության թռիչքների և անկումների մասին, նա խոստացել էր պարզեցնել և արագացնել արյան անալիզի անցկացումը։ Ընկերությունը, որ հրապուրել է խոշոր ներդրումներ Ռոբերտ Մերդոկից, Լարի Էլիսոնից և այլ միլիարդատերերից, ի վերջո, գնահատվեց ավելի քան 9 մլրդ դոլար։ Սակայն Հոլմսը ներդրողներին չէր պատմել, որ իր ընկերության հիմքում դրված տեխնոլոգիան չի գործում։ «Իմ բարեկամների մի խումբ ինձ երաշխիք էր տվել այդ նախագծի վերաբերյալ, - գրում է Գեյթսը։ - Պատմությունը իմ սպասածից ավելի խելահեղ էր, և երբ սկսեցի ընթերցանությունը, չկարողացա կտրվել գրքից»։

«Քսանմեկ դաս 21-րդ դարի համար», Յուվալ Նոյ Հարարի

Ինչպե՞ս են համակարգիչները և ռոբոտները փոխում մարդկային կյանքի իմաստը։ Ի՞նչ ենք անում մենք ֆեյքային նորությունների համաճարակի դեմ։ Գիրքը բարձրացնում է այսօրվա այս և ուրիշ կարևոր հարցեր ու փորձում գտնել պատասխանները։ Գեյթսը գիրքը գնահատում է որպես դեղամիջոց մեզանից նրանց համար, ովքեր տագնապի վիճակում են ապրում։ «Եթե 2018թ․ ձեզ թողել է շշմած, «Քսանմեկ դասը» առաջարկում է օգտակար հենք՝ նորությունների ընկալման և այն հիմնախնդիրների շուրջ խորհրդածելու համար, որոնց մենք բախվում ենք»։

«Մեդիտացիան և գիտակցվածությունը», Էնդի Պադիոկոմբ

Այս գիրքը մեդիտացիայի «իդելական ներածություն» է, համոզված է Գեյթսը։ Դա մասնակիորեն ինքնակենսագրություն է, որում հանգամանորեն նկարագրվում է Պադիոկոմբի կյանքի ուղին, որ դարձել է բուդդայական վանական, մասնակիորեն՝ հրահանգ, որ առաջարկում է մեդիտացիայի պարզ մեթոդներ, ինչը հնարավորություն է  տալիս բարելավել հոգեկան առողջությունը և նվազեցնել սթրեսը։

«Ես համոզված եմ, որ 25 տարեկանում դա կընդունեի քմծիծաղով, սակայն վերջերս Մելինդան և ես հրապուրվել ենք մեդիտացիայով», - գրում է Գեյթսը։

Լորեն Գենսլեր

forbes.ru

Թարգմանեց Սլավիկ Նավասարդյանը

16:00 23.12.2018

Ամենաշատ ընթերցվածները