ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ամանորի խորհրդանիշը
17:00 29.12.2018

Ամանորի խորհրդանիշը

Ամանոր ասելիս կարծես առաջին ասոցացումը մեզ համար եղևնին է, որը և համարվում է տոնի խորհրդանիշը։ Ամեն տարեմուտի շատերի մոտ ծագում է մի հարց, ի՞նչպիսի եղևնի գնել։ Վաճառակետերում տարեցտարի ավելանում է եղևնիների  թիվը՝ թե՛ բնական, թե՛ արհեստական։ Գինը սկսվում է մոտ 4000 դրամից և կարող է նույնիսկ հասնել 1․000․000 դրամի։ Թե բնական, թե արհեստական եղևնիները մեծամասամբ ներմուծվում են։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում արգելված է եղեւնիների եւ սոճիների հատումն ու վաճառքը, դրանք  հանրապետություն են ներմուծվում Գերմանիայից: Յուրաքանչյուր ներմուծված ծառի համար վաճառքի թույլտվությունը տալիս է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Եվրոպական մի շարք երկրներում գործում է հետաքրքիր մի տարբերակ՝ Ամանորին կենդանի եղևնու վարձակալությունը: Դրա սկզբունքը այն է, որ դուք վարձակալում եք կենդանի ծառ, որը տեղադրված է հողում, իսկ տոներից հետո վերադարձնում եք, կրկին տնկվում է:  

Եվրոպական երկրները արհեստական եղևնիների վաճառքի հարցում նույնպես ունեն առանձնահատկություններ։ Այստեղ արհեստական տոնածառերն ունեն սերտիֆիկատ, որտեղ բացի այլ տվյալներից, գնորդին հայտնվում է, թե ինչ հումքից է պատրաստված: Հայաստանյան վաճառակետերում, բնականաբար, արհեստական եղևնիների վաճառքով զբաղվողների մոտ այդպիսի փաստաթուղթ դժվար թե գտնվի (մեր հարցված վաճառակետերում բացակայում էր):

Բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ լսել ենք, որ բնական եղևնին տան մեջ պահելը կարող է վտանգավոր լինել: Ֆիտոդիզայներների կարծիքով՝ բնության մեջ կա 2 հիմնական բույս` սոճիներ և կաղնիներ, որոնք ունեն ամենամեծ էներգետիկ դաշտը: Սոճու դրական դաշտն ու էներգետիկան այնքան հզոր են, որ կտրելուց հետո դեռ 2 ամիս պահպանվում են: Ի տարբերություն սոճիների, եղևնիները կարող են բացասական ազդեցություն ունենալ տան մթնոլորտի վրա: Բնական եղևնին տան մեջ կարող է ալերգիկ նոպաներ առաջացնել շատերի մեջ, ընդ որում ոչ միայն ալերգիկ հակում ունեցող մարդկանց։ Բացի սրանից՝ հայտնի է, որ բնական եղևնին տան մեջ թողնում է փշեր։ Մի շարք մասնագետների կարծիքով՝ եղևնուց արձակվող բույրը համարվում է միկրոբասպան, և նույնիսկ եղևնու փշերը կարող են օգտակար լինել ։ Դրանցով շատ հաճախ պատրաստվում են բուժիչ թուրմեր։

Քաղաքացիների մի մասը նախընտրում է հենց արհեստական եղևնի, մյուս մասը՝ բնական։ Իսկ մեկ ուրիշ խումբ նախապատվությունը տալիս է բնականին, բայց բավարար գումար չունենալու դեպքում գնում է ոչ թե եղևնին ամբողջությամբ, այլ միայն ճյուղեր։ Փորձեցինք նաև պարզել քաղաքացիների կարծիքը եղնիների գների վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների՝ յուրաքանչյուրը ձեռք է բերում այնպիսի եղևնի, որի համար ունի անհրաժեշտ գումարը։ Գտնվեցին մարդիկ, ովքեր, լսելով, որ վաճառքում կա 1․000․000 դրամ արժողությամբ եղևնի, համարեցին, որ անհեթեթություն է մի քանի օրվա համար այդքան գումար ծախսելը։

Բայց քաղաքացիները արդեն գիտեն, որն է ճիշտ ժամանակը եղևնի գնելու։ Ինչպես իրենք են ասում՝ գները իջնում են դեկտեմբերի 29-ին և 30-ին։

Վաճառողներն ինչպես նշում են՝ անցած տարիների համեմատ այս տարի ավելի մեծ շարժ է նկատվում,  կարծես մարդկանց մոտ ավելի մեծ է ոգևորությունը։ Իսկ թե ինչպիսի ծառ են ընտրում, գնորդների պատասխանը միանշանակ էր՝ արհեստական։

Սոնա Օհանջանյան

17:00 29.12.2018

Ամենաշատ ընթերցվածները