ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2019-ի գույներն ու նորաձևությունը
17:00 31.12.2018

2019-ի գույներն ու նորաձևությունը

Մոտենում է 2019 թվականը, շատ կանաց ու աղջիկների է հետաքրքրում, թե որո՞նք են լինելու տարվա նորաձևության ուղղությունները: Ի՞նչ գույներ, կտորներ, նախշեր, աքսեսուարներ կրել՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանները ցանկանում են իմանալ ոչ միայն նորաձևությանը հետևողները, այլ գրեթե բոլորը:

Գալիք տարվա նորաձևության մասին Panorama.am-ը զրուցեց ոճաբան, նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանի հետ։

Նախ գույների մասին։ Մեր զրուցակիցը նշեց, որ «Պանտոն» գույների ինստիտուտը, որն ամեն տարի ներկայացնում է տարվա գույնը, 2019-ի գույն է հայտարարել բաց կորալը։

«Նորաձև կլինի կորալն՝ իր բոլոր երանգներով, նաև վարդագույնի երանգները։  Այս տարի մեզ չեն լքի նաև պաստելային գույները»,- ասաց Քաբաբյանը։



Ոճաբանի խոսքով՝  2019-ին նորաձևության մեջ ակտուալ կլինի գրոտեսկային արտաքին տեսքը. «Այսինքն «օվերսայզը», որ արդեն մի քանի տարի է արդեն տարբեր սեզոններին տարբեր կերպ էր արտահայտվում, այս տարի կհասնի իր պիկին։ Նորաձև կլինեն հագուստի վրայի մեծ բանտերը, ալիքները, տիկնիկի կերպար հաղորդող դետալներն ու էլեմենտները,  որոնք իհարկե, պետք է ընդգծեն կանացիությունը, ոչ թե խանգարեն։ Խոշոր, ինչպես նաև փայլուն դետալները «մասթ հեվ» են կհանդիսանան հագուստում, բայց սրանով չի սահմանափակվում, նշվածը կարելի է համադրել ավելի շատ տղամարդու հագուստ հիշեցնող 80-ականների ոճով վերնաշապիկների, վեց կոճականոց պիջակների հետ»։

Հարցին, թե վերջին տարիներին տարածված խաղկավոր, պուտավոր պրիները կշարունակեն ակտուա՞լ լինել, նա պատասխանեց, որ այս տարի տարածված կլինի դրանց համադրությունը։

«Նորաձևության տները խառնել են ամեն ինչ, այսինքն վերնահագուստը լինի այլ պրինտ, տակը՝ այլ, սակայն դրանք միքիչ ռիսկային են, դժվար կլինի չսխալվելը։ Խորհուրդ չէի տա առօրյայում այսպիսի միքսեր կատարել։ Գարուն-ամառ սեզոնին նորաձև կլինի դիմանկարներով պրինտերը և լոգոներով հագուստը, ինչը ևս ճիշտ կլինի չչարաշահել, հատպակես այն դեքպում, երբ դրանք օրիգինալը չեն»։

Մեր զրուցակիցը նշեց, որ ամռանը ակտուալ կլինեն նաև նեոնային գույները և նոր տեխնոլոգիաների միջոցով ստեղծված գործվածքները, կտորները։

Ինչ վերաբերում է Ամանորի գիշերը և տոնական օրերի հագուկապին՝ մասնագետն ասաց, որ արդեն կան դասական ստանդարտներ, որոնց կարելի է հետևել, կրել վառ գույներ, արծաթագույն ու ոսկեգուն, սևը՝ փայլերով, ծոփքերով համադրել, իսկ տարվա ընթացքում փայլերը ցանկալի է չափի մեջ օգտագործել։

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 31.12.2018