ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Փախուստ գործադիրից
21:00 08.01.2019

Փախուստ գործադիրից

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական ցուցակները հայտնի են, և արդեն պարզ է, որ տարին հետաքրքիր է մեկնարկելու: Երկու գլխավոր խմբակցությունները՝ «Իմ Քայլը» և «Բարգավաճ Հայաստանը», ունենալու են հավատարիմ թիկնազոր-պատգամավորներ ի դեմս Հայկ Սարգսյանի և Էդուարդ Բաբայանի: Դե երևի այդ կուսակցությունների լիդերները խոսք էին տվել իրենց «ախրաննիկներին», որ դեպուտատ կսարքեն, հո խոսքը գետնով չէին տալու:  Գործադիրում հեղափոխությունից հետո 7 ամիս  ջանք ու եռանդ չխնայած բազմաթիվ այլ մարդիկ՝ ոչ թիկնազորային ունակություններով և գիտելիքներով, նույնպես գերադասեցին տեղափոխվել Ազգային ժողով: Սկսած առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանից մինչև Երևան քաղաքի ավագանու անդամներ, որոնք, ի դեպ, այդքան ձայն ստացան, քանի որ համոզում էին, որ շատ են սիրում Երևանը: Մի քանի ամիս անց պարզվեց, որ սերն առ ԱԺ ավելի մեծ է: Եվ ուրեմն, եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչու գործադիրը բեխեր է նորաթուխ քաղաքական գործիչների համար, իսկ օրենսդիրը՝ խերով:

Աշխատավարձ

Ձեր աշխատավարձը 0 դրամ է, եթե դուք Երևանի ավագանու անդամ եք: Տարոն Մարգարյանի օրոք ամսական 55 000 դրամ փոխհատուցում էին տալիս ավագանու յուրաքանչյուր անդամի, բայց դե այդ փողը նույնիսկ տրանսպորտի ամսական ծախսը չէր հանում, էլ չենք խոսում ներկայացուցչական այլ ծախսերի մասին: Հայկ Մարությանը այս պահի դրությամբ չի պատրաստվում ավագանու անդամներին որևիցե փոխհատուցում տալ, ասեմ ավելին, նույնիսկ երեսով է տալիս նախկինում ստացված վերոնշյալ նվազագույն գումարը՝ ասելով, որ ինքը քաղաքի համար շատ ու շատ բաներ է արել անվճար: Այսպիսով, պարզ է դառնում, թե ինչու նորընտիր ավագանու անդամները մոռացան մայրաքաղաքը շենացնելու սուրբ պարտականությունը և ընդամենը ամիսուկես հետո սողոսկեցին Ազգային ժողով:

Նորաթուխ պատգամավորներ Արեն Մկրտչյանը (վարչապետի կոռուպցիայի գծով խորհրդական) և Արման Եղոյանը (Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար) նույնպես որոշել են տեղափոխվել օրենսդիր, քանի որ պաշտոնապես չեն ստացել ավելի քան 300 հազար դրամ, իսկ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 661 հազար է, որից փաստացի ստանում են մոտ 455 հազար գումար: Ինչպես տեսնում եք, գումարային գործոնը ակնհայտ գրավիչ է:

Չարչարանքի դիմաց հարգանք

Գործադիր մարմնում փութաջան աշխատելը իսկապես էներգիա և ժամանակ պահանջող գործընթաց է: 27 տարում կուտակված խնդիրները և դրանց վերաբերյալ կառավարություն դիմող քաղաքացիների նամակները միայն կարդալով՝ կարելի է գժվել: Սրան գումարած մեր քաղաքացիների ավանդական մուննաթն ու չարախոսելը, թե իբր սրա համար էինք հեղափոխություն արել, որ երկու օրում չեք կարողանում իմ խնդիրը լուծել: Իսկապես այս ամենին դիմակայելը ոչ միայն մեծ կամք ու կյանքի փորձ է պահանջում, այլև երկաթե առողջություն ու նյարդային համակարգ: Խոստովանեմ, ես այդ գործը կատարելուն չէի համաձայնի նույնիսկ 1.5 միլիոն աշխատավարձով, քանի որ հստակ պատկերացնում եմ այժմյան գործադիրում աշխատելու ծավալը և դժվարությունը:

Եթե նույնիսկ ենթադրենք, որ դուք շատ կիրթ, նորարարական դեմք եք, ով հստակ պատկերացնում է քաղաքացիների խնդիրների ավտոմատացման հարցը, ինչպես նաև դրա լուծման մեխանիզմները, ապա միևնույն է, դրա համար մեծ ֆինանսական միջոցներ են պետք, որոնք չեն տրամադրվում այսօր, ինչը իր հերթին բերում է նրան, որ դուք արդյունքում մնում եք մուննաթի տակ՝ անկախ ձեր կատարած աշխատանքից և թափած ջանքերից: Քչերը կհամաձայնեն ցածր աշխատավարձով շատ մեծ մուննաթների տակ ապրել, ամեն օր կառավարության շենք գալու ժամանակ հանդիպել դժգոհ քաղաքացիների և նրանց պարբերաբար ցրողական պատասխաններ տալ: Նիկոլ Փաշինյանի թիմակից լինելու էնտուզիազմը լավ բան է, բայց բավարար չէ, ինչպես տեսնում ենք: Դեռ ավելին, այս դարդ ու ցավի փոխարեն Ազգային ժողովում անհատական գրասենյակ կարելի է ստանալ, բավականին բարձր աշխատավարձ, միջազգային թեթև գործուղումներ, գլխապտույտ օրինագծերի մշակում, որը գործադիրը պետք է իրականացնի, իսկ եթե չիրականացնի, ապա մուննաթ եկողը դուք եք լինելու, որպես ՀՀ անձեռնմխելի պատգամավոր: Իսկապես անհամեմատելի աշխատանքային պայմաններ են:

Ասելը անել չէ

Պատկերացրեք, դուք, որպես պատգամավոր, օրինագիծ եք մշակել, որ ավելի լավ է ապրել առողջ և հարուստ, քան հիվանդ ու աղքատ: Ազգային ժողովի ձեր խմբակցությունը միահամուռ կողմ է քվեարկում ձեր օրինագծին բոլոր ընթերցումների ժամանակ: Դուք հպարտ եք, որ խելոք օրինագիծ եք անցկացրել, իսկ խեղճ ու կրակ գործադիրը պետք է հետազոտություն անի, թե ինչ է պետք և որքան, որ մարդիկ առողջ ու հարուստ ապրեն, հետո այդ թվերը տա ֆինանսների նախարարությանը, նրանք իրենց հերթին ասեն՝ դե միջոցներ չկան, որ տրամադրենք, բայց դա ձեզ՝ արժանապատիվ պատգամավորին, արդեն չի վերաբերում: Դուք խելոք դեմքով արդեն հարցազրույց եք տալիս այն մասին, որ դուք ի՞նչ անեք, օր ու գիշեր օրինագծեր եք մշակում, իսկ գործադիրը չի կարողանում կյանքի կոչել: Այստեղից հետևություն, որ ասելը անել չէ, կարելի է հա՛ ասել, հա՛ աշխատավարձ ստանալ, հա՛ խելացի դեմք ընդունել ու այդպես ապրել այնքան, մինչև զահլադ չգնա: Մի խոսքով՝ օրենսդիրի ու գործադիրի միջև խայտառակ խզում կա: Սրա մասին չէին խոսում նախորդները, և կարծես լռում են ներկաները:

Վերջաբան

Չմոռանանք հիշատակել դատական իշխանությունը, որտեղ հեղափոխականները նույնիսկ չեն էլ ուզում մտնել՝ չհասկանալով իշխանության այս թևի գործունեության ողջ բարդությունը: Ժողովուրդը վերջին աղմկահարույց կալանավորումները և աստղաբաշխական գրավներով ազատումները արդեն անվանել է «լոմբարդային արդարադատություն»:

Այո, լոմբարդային, ցաքուցրիվ, իմիջիայլոց կառավարում է մեզ սպասում, եթե չգիտակցենք պետականաշինության ողջ բեռը և բարդությունը: Օրինակ, դուք երբևիցե մտածե՞լ եք, որ դատավորների պարագայում խնդիրները նույնիսկ բարձր աշխատավարձով հնարավոր չէ լուծել: Պատկերացնենք, որ X դատավորը ստանում է վարչապետից 5 անգամ ավելի ամսական աշխատավարձ՝ ասենք 5 մլն դրամ: Վաղը, երբ իր ձեռքի տակով 80 մլն դրամ արժողություն ունեցող գործ անցնի, չի՞ գայթակղվի: Հիմա հասկանո՞ւմ եք, թե որքան բարդ է ամեն ինչ: Չի կարելի ուղղակի ասել՝ մենք դատավորներին չենք զանգում, բոլորը երջանիկ են: Այդպես չէ: Այդպես պրիմիտիվ չի կարող լինել ամեն ինչ և հատկապես պետականաշինությունը: Օֆ, աման, չմեռնենք, թիկնազոր-պատգամավորների ազգափրկիչ օրինագծերը տեսնենք:

Արման Սուլեյմանյան

21:00 08.01.2019

Ամենաշատ ընթերցվածները