ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տարին հաջող էր Շաքե համայնքի պատանի մարզիկների համար
19:00 09.01.2019

Տարին հաջող էր Շաքե համայնքի պատանի մարզիկների համար

Անցած տարին բազմաթիվ հաջողությունների եւ ձեռքբերումների տարի էր Շաքե համայնքի մանկապատանեկան ըմբշամարտի թիմի համար: Մասնակցելով տարբեր մրցումների եւ առաջնությունների, թիմը կայուն մարզավիճակ է ձեռք բերում, իսկ թիմի անդամները ավելի մարտական են տրամադրվում հետագա առաջնություններին մասնակցելու եւ հաղթելու համար:

Ազատ ոճի ըմբշամարտի` Շաքեի մանկապատանեկան թիմը 2018 թվականը եզրափակեց տարեվերջին Քաջարան քաղաքում անցկացված ըմբշամարտի բաց առաջնությանը մասնակցելով` հանդես բերելով բավականին լավ արդյունքներ: Քաջարանում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությունը կազմակերպվել էր Քաջարանի համայնքապետ պարոն ֆարամուզյանի նախաձեռնությամբ, ով, լինելով նախկին ըմբիշ, շարունակում է մնալ մարզաձեւին մոտ եւ խրախուսում է մարզաձեւի տարածումն ու զարգացումը: Բաց առաջնությունը նվիրված էր նրան, իսկ գավաթը նույնպես նրա անվան էր:

Ըմբշամարտի բաց առաջնությանը մասնակցել են Քաջարանի, Ագարակի, Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցների եւ Շաքեի համայնքի մանկապատանեկան թիմի 70 սաներ: Շաքեի թիմը մասնակցել է 19-ը հոգով` նվաճելով 9 մեդալ, որից 5-ը` առաջին, 2-ը` երկրորդ եւ 2-ը` երրորդ կարգի: Հաղթողներն արժանացել են նաեւ պատվոգրերի եւ դրամական խրախուսանքի, որը նրանց է հանձնել Քաջարանի համայնքի ղեկավարը:

Շնորհավորելով հաղթողներին եւ բոլոր մասնակիցներին` Քաջարանի համայնքի ղեկավարը կարեւորել է նման առաջնությունները եւ հավաստել, որ դրանք կլինեն շարունակական:

Շնորհակալություն ենք հայտնում Քաջարանի համայնքի ղեկավար պարոն Ֆարամուզյանին, Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն պարոն Աթայանին, բոլոր մասնակիցներին եւ հանդիսատեսին, ովքեր գնահատեցին մեր աշխատանքը, ովքեր դրամական մրցանակներով եւ պատվոգրերով խրախուսեցին մեր սաներին` նոր ձեռբքերումների ակնկալիքներով:

Մարատ Մանուչարյան, Լյովա Իսրայելյան

Շաքեի թիմի մարզիչներ

Աղբյուր՝ vorotan.am

19:00 09.01.2019

Ամենաշատ ընթերցվածները