ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գազային թակարդը մնում է լարված
21:00 09.01.2019

Գազային թակարդը մնում է լարված

2018թ. դեկտեմբերի 31-ին իմացանք, որ գազի 1000 խորանարդ մետրը մեզ համար թանկացել է 15$-ով: Ոմանք ուրախացան, թե Աստված է՛լ բեթարից ազատի, ոմանք դժգոհեցին անհասկանալի թանկացումից: Հետո եկան Ամանորի տոները, ընկանք ուտել-խմելով, մոռացանք: Արդեն այս տարի` հունվարի 7-ին, Նիկոլ Փաշինյանը գազի գնի վերաբերյալ լրագրողների հարցին ընդհանուր բնույթի պատասխան տվեց, որից և ոչ մի բան պարզ չդարձավ: Մինչդեռ գազի գնի վերաբերյալ մեր պետության դիրքորոշումը ավելի քան արդիական է այն առումով, որ այդ էներգակիրը շատ ու շատ ապրանքների գնագոյացնողն է, էլ չենք ասում, որ տրանսպորտի և մեքենաների մի զգալի մասը ուղղակի կախված է այս վառելիքի գնից: Ինչևէ, ևս մեկ անգամ հիշենք անողնաշար քաղաքականության կարևորագույն կետերը:

Տհաճ նախապատմություն

2013թ. նոյեմբերին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը հանձնեցին Ռուսաստանին, այսինքն՝ «Գազպրոմ-Արմենիային»: Այդ 20 տոկոսը սեփականության իրավունքով մեր վերջին փշրանքներն էին գազաէներգետիկ համակարգում:
Մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը «Գազպրոմին» բացառիկ մենաշնորհային իրավունքներ են տրվել: Ըստ պայմանագրի, ինչպես ասում են վերլուծաբանները, մենք իրավունք չունենք ուրիշից գազ գնել կամ առհասարակ ինչ-որ փոփոխություններ անել:

Այսինքն, մինչև 2043թ. միայն «Գազպրոմից» կարող ենք գազ ներմուծել կամ պետք է «Գազպրոմի» թույլատվությունն ունենանք, քանի որ գազամատակարարման ենթակառուցվածքների բացարձակ տնօրինման իրավունքը նույնպես հանձնված է:

Այսինքն, եթե նույնիսկ Իրանից ցանկանանք գազ ներմուծել, կա՛մ պիտի առանձին խողովակաշար կառուցենք, կա՛մ պիտի «Գազպրոմի» թույլատվությունը ստանանք: Այստեղ հիշեցնենք, որ ժամանակին նախագծով Իրանից եկող գազատար խողովակի տրամագիծը պետք է երկու անգամ լայն լիներ, սակայն անհասկանալի կերպով այն դարձավ 700մմ, որը ի վերջո հանձնվեց «Գազպրոմի» տնօրինությանը:
«Գազպրոմը» նաև իրավունք է ստացել «ՀայՌուսգազարդի» գույքը և իրավունքներն օտարել «առանց հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության»։

Գազի գինը քաղաքական է

Կարող եք ինձ նման տևական ժամանակ ծախսել «Գազպրոմի» պաշտոնական կայքում, ինչպես նաև տարաբնույթ վերլուծություններ կարդալ համացանցում, միևնույն է, գազի գնի տրամաբանությունը չեք հասկանա: Որոշ երկրներ, ինչպիսիք Բելառուսն ու Ուկրաինան են, գազն ավելի էժան են ստանում, իսկ ոմանք՝ թանկ: Ռուսաստանը համաշխարհային գազի պաշարների մոտ 20%-ի տիրակալն է և մի հստակ գին չունի սահմանած, որը կլիներ տրամաբանական: Վերջիվերջո, եթե գազը նավթի նման միջազգային բորսաների միջոցով նորմալ վաճառվող ապրանք լիներ, ապա կարիք չէր լինի մեր՝ հայաստանցիներիս թևերը ոլորել այնպես, ինչպես դա արել է «Գազպրոմը» նախորդ տարիների ընթացքում: Իսկ եթե ձեզ ասեմ, որ Հայաստանի տարեկան պահանջարկը ընդամենը 2.5 միլիարդ խորանարդ մետր է Ռուսաստանի տարեկան կորզվող 200 մլրդ խորանարդի ֆոնի վրա, ապա պարզ ու հասկանալի կդառնա, որ մեզանից առանձնապես փող էլ չեն աշխատում, կարող են շատ հանգիստ մեկ այլ երկրի վաճառել ավելի թանկ ու առանց թևեր ոլորելու:

Գազային հեղափոխություն չկա

Հեղափոխությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան միայն Սերժ Սարգսյանի հեռանալը: Ի վերջո, Հանրապետական կուսակցությունը հեռացավ, քանի որ ոչ հայանպաստ որոշումներ էր կայացնում, տարիներ շարունակ սա ենք լսել ընդդիմադիրներից: Վերջիններս ասում էին, որ իշխանությունը ոչ լեգիտիմ է և մնում է իշխանության ղեկին իր թուլամորթ քաղաքականության շնորհիվ, որից էլ առաջին հերթին օգտվում էր Ռուսաստանը: Հիմա ունենք լեգիտիմ իշխանություն, բայց կրկին չունենք այս ցավոտ հարցի լուծում: Մինչև 2043թ. տասը Նիկոլ Փաշինյան կգա ու կգնա, բա հիմա մենք մնում ենք գազի հարցում ստրկացա՞ծ, թե՞ վերջապես ասում ենք, որ պետություն ենք ու հանում ենք ռուս «պրոլետարիատի» կողմից մեր ձեռքերին դրված շղթաները: Աստծուց առաջ չընկնելով՝ սպասենք նորընտիր Ազգային ժողովի հպարտ դիրքորոշմանը:

Արման Սուլեյմանյան

21:00 09.01.2019

Ամենաշատ ընթերցվածները